
Կարմիր խաչը պատրաստ է հանդես գալ որպես ԼՂ հակամարտության չեզոք միջնորդ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հայտարարել է պատրաստակամության մասին՝ հանդես գալ որպես չեզոք միջնորդ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի միջև, ասված է կազմակերպության հաղորդագրության մեջ:
Կարմիր խաչը նաև հայտարարել է էսկալացիայի գոտում տուժածներին օգնելու պատրաստակամության մասին:
«Հակամարտության բոլոր կողմերը պարտավոր են հարգել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Այդ նորմերի համաձայն` կողմերը պետք է ապահովեն խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանությունը»,- հայտարարել է ԿԽՄԿ տարածաշրջանային գործառնությունների ղեկավար Պատրիկ Վիալը:
Կարմիր խաչը տարածաշրջանում գործում է 1992 թվականից: Բաքվում և Երևանում գտնվող իր պատվիրակությունների և Լեռնային Ղարաբաղում գտնվող առաքելության միջոցով ԿԽՄԿ-ն աջակցում է շփման գծի երկայնքով ապրող բնակչությանը: