«Այս հայտարարությամբ արտահայտվում են բոլոր այն պրոբլեմները, որոնք մենք ունենք ԵԽ ԽՎ-ում». Ստեփան Գրիգորյան
«Ինձ համար անսպասելի բան չկար, եթե ինձ հարցնեին ԵԽ ԽՎ-ն կամ դրա նախագահը հայտարարություն անի, ինչպիսին կլինի, ես մոտավորապես կասեի ձեզ, որովհետև, ի վերջո, Ղարաբաղի դեմ ուղղված նախագիծը հենց ԵԽ ԽՎ-ի շրջանակներում է ընդունվել»,-168.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը ԵԽ ԽՎ նախագահի հայտարարությունը:
Հիշեցնենք, որ ԵԽ ԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման հետ կապված դարձյալ հայտարարությամբ էր հանդես եկել, և այս անգամ, արդեն, կոչ արել Հայաստանին՝ «զորքերը դուրս բերել Ադրբեջանի օկուպացված տարածքներից համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի»:
Ստեփան Գրիգորյանը չի զարմանում այս հայտարարությունից և նշում, որ չպետք է մտածել, թե դա վրիպում է. «Դա ինչ-որ գիծ է, որը ԵԽ ԽՎ-ում բավական ուժեղ է, և պետք է աշխատենք փոխել այդ գիծը: Մեծ գաղտնիք չէ, որ Ադրբեջանը հենց ԵԽ ԽՎ-ում ակտիվ աշխատում է, ես չէի ասի, որ մենք չենք աշխատում, հայկական կողմն էլ է աշխատում, հենց դրա պատճառով էր, որ երկու փաստաթղթերից մեկն անցավ: Բայց պետք չէ մոռանալ մեկ բան՝ բացի այդ ակտիվ աշխատանքներից, ԵԽ ԽՎ-ում միշտ կային տրամադրություններ, որոնք մեզ համար այդքան էլ հաճելի չէին. հիշո՞ւմ եք 2005թ. ԵԽ ԽՎ-ի որոշումը՝ ստեղծել ԵԽ ԽՎ-ի շրջանակներում Ղարաբաղին վերաբերող ժամանակավոր հանձնաժողով, որը Հայաստանի պատվիրակությունը բոյկոտեց:
Ուրեմն, դա միայն այսօրվա պրոբլեմը չէ, երկարաժամկետ է խնդիրը: ԵԽ ԽՎ-ում պատգամավորները փոխվում են, բայց այսպիսի կարծիքներ կան ու դա պատահականություն չէ, քանի որ ԵԽ ԽՎ-ում այդ պառլամենտական խմբերը, որոնք ներկայացնում են իրենց ազգային պառլամենտները, այնտեղ տարբեր մարդիկ են՝ և՛ իշխանական ուժերից, և՛ ընդդիմադիր, այդտեղ շատ է դիրքորոշումների, կարծիքների բազմազանությունը: Դա է պատճառը, որ այդտեղ իրոք պատկերը բավական բարդ է ու միշտ գտնվում են կողմեր, ովքեր Ղարաբաղի հարցում ունեն ընդգծված պրոադրբեջանական դիրքորոշում»:
Նրա խոսքով՝ այլ ֆորումներում էլ կան այսպիսի տրամադրություններ, բայց ոչ այդքան ն, բազմազան, որքան ԵԽ ԽՎ-ում. «Դա ԵԽ ԽՎ-ի ֆունկցիան է. տարբեր երկրներից պառլամենտական խմբեր գալիս են այստեղ, աշխատում են, բախվում են շահերը: Ուրիշ հարց է, որ այո, մենք պետք է այստեղ լրջագույն աշխատանք տանենք: Այս հայտարարությամբ արտահայտվում են բոլոր այն պրոբլեմները, որոնք մենք ունենք ԵԽ ԽՎ-ում»:
Հարցին, թե սա որևէ կերպ ազդեցություն կունենա՞ միջազգային հանրության կարծիքի վրա, նա պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ շատ մեծ ազդեցություն կունենա, քանի որ, այնուամենայնիվ, կարևորագույն միջազգային կառույցներում՝ ՄԱԿ-ում, Եվրամիությունում, ՆԱՏՕ-ում, ԱՄՆ-ում , Ռուսաստանում կա կոշտ դիրքորոշում, որ Ղարաբաղի հարցի լուծման գլխավոր ֆորմատը Մինսկի խումբն է: Դա իրոք մեզ համար շատ դրական է, բայց դա չի նշանակում, որ ԵԽ ԽՎ-ում չպետք է ուժեղացնենք մեր ջանքերը՝ փոխելու իրավիճակը»: