Ալիև Կրտսերը, ավելի շատ մոլորյալ է, իսկ ժողովուրդը՝ նրա անչափելի հավակնությունների և որկրամոլության պատանդը, բայց ոչ մի դեպքում՝ նրա հետևորդը. Արմեն Դարբինյան
ՀՀ նախկին վարչապետ, Հայ-ռուսական (սլավոնական) պետական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը, Facebook-ի իր էջում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին, գրում է, թե իրականում «ոչ մի անսպասելի բան տեղի չի ունեցել»:
Նրա խոսքով՝ Ալիև Կրտսերն արդեն երկար տարիներ ատելություն է սերմանում մի ողջ ժողովրդի նկատմամբ, համենայն դեպս, գոնե իր պաշտոնական ելույթներում՝ «հպարտ արծվի տեսքով»:
«Ամենայն հավանականությամբ, նա հենց այդ էլ զգում է՝ ատելություն իմ ժողովրդի նկատմամբ … Զարմանում եմ հայ նախագահի զսպվածության ու վեհության վրա, ով ողջ ընթացքում իրեն թույլ չի տվել ավելորդ բան հարևան ժողովրդի հասցեին: Երբեք թույլ չեմ տա ինձ Ալիև Կրտսերին կամ նրա ժողովրդին համարել թշնամի, անգամ եթե ստիպված լինեմ ձեռքս ինքնաձիգ վերցնել: Ալիև Կրտսերը, ավելի շատ մոլորյալ է, իսկ ժողովուրդը՝ նրա անչափելի հավակնությունների և որկրամոլության պատանդը, բայց ոչ մի դեպքում՝ նրա հետևորդը»,- գրում է Արմեն Դարբինյանը՝ հավելելով, որ ինչպիսի ստախոս պետք է լինի մարդ, որպեսզի «արդարացնի» երկու կողմերի տասնյակ երիտասարդների մահը:
«Ինչպե՞ս կարելի է կորցնել իրականության զգացումն այդ աստիճան: Մի՞թե նորահայտ թուրքական սուլթանին ծառայելու անհուն ցանկությունը ավելի բարձր է, քան երիտասարդ զինվորների կյանքը»,- հարցադրում է կատարում Արմեն Դարբինյանը: