Բաժիններ՝

The Guardian-ի անդրադարձը Հայոց ցեղասպանությունը վերապրողներին

Լուսանկարչուհի Դիանա Մարկոսյանը ծնվել է Մոսկվայում, մեծացել Միացյալ Նահանգներում: Իր արմատների պատմության բացահայտման ճանապարհին Դիանան որոշել է լուսանկարահանել Հայոց ցեղասպանությունը վերապրած երեք անձանց, պատմում է The Guardian-ը:

2013թ. Դիանան այցելել է Հայաստան, հանդիպել է Ցեղասպանությունը վերապրած 105-ամյա Մովսես Հանեշյանին, 108-ամյա Եպրաքսիա Բարսեղյան-Գևորգյանին և 102-ամյա Մարիամ Սահակյանին:

Մովսես Հանեշյանը նկարագրում է իր տան տեղանքը Արևմտյան Հայաստանում, իրենց եկեղեցին, որն այսօր ավերակի է վերածվել: Վերջին անգամ նա տեսել էր իր տունը 1915թ., երբ դեռ 5 տարեկան էր: Երբ թուրք զինվորները մտան իրենց գյուղ, հայրը բռնեց Մովսես ձեռքը և փախուստի դիմեց: «Ճանապարհի կեսը ծածկված էր մահացած մարդկանցով»,- պատմում է Մովսեսը:

108-ամյա տիկին Եպրաքսիան պատմում է, որ իրենց գյուղից փախչելով, իրենք անցել են մոտակա գետը, որտեղ նետված բազմաթիվ սպանված հայերի մարմիններ կային: «Այն կարմիր էր, արյունով լի»,- պատմում է Եպրաքսիա Բարսեղյան-Գևորգյանը:

Մարիամ Սահակյանն էլ պատմում է, թե ինչպես է Սիրիա փախել իր մոր և ավագ եղբոր հետ, ում ապահովության համար աղջկա շորեր էին հագցրել: Զինվորների գալու ժամանակ նրանք թաքնվել են խոտերում, և երեք օրում, գիշերները թաքնվելով, հասել Սիրիա, որտեղ Մարիամին բաժանել են իր ընտանիքից:

Հետագայում Դիանա Մարկոսյանն, ըստ նկարագրությունների, գտնում է բոլոր երեք անձանց նախկին բնակավայրերը Արևմտյան Հայաստանում, լուսանկարում և փոխանցում Ցեղասպանությունը վերապրած այդ անձանց:

105-ամյա Մովսես Հանեշյանը, տեսնելով իր տան նկարը, սկսում է արտասվել և երգել «Իմ տուն, իմ Հայաստան»: «Նրանք այնպես ամուր էին բռնում այդ նկարները, որ կարծես ցանկանում էին հետ տեղափոխվել»,- պատմում է Դիանան:

Նրա խոսքով՝ այս գործն իր համար ուներ նաև որոշակի անձնական նշանակություն, քանի որ իր պապի հայրը ևս փրկվել է Ցեղասպանությունից մի թուրք հարևանի շնորհիվ, ով իրեն թաքցրել է: «Վերապրածներից յուրաքանչյուրին հարցրի, թե ինչ կարող եմ անել նրանց համար: Մովսեսը խնդրեց գտնել իրենց եկեղեցու ավերակներն ու իր նկարը թողնել այնտեղ: Եպրաքսիան խնդրեց գտնել իր կորած եղբորը՝ չնայած միակ բանը, որ նա ուներ եղբորից, մի ձեռքի նկար էր: Մարիամն էլ իրենց գյուղից հող խնդրեց, որը մահից հետո իր հետ պետք է թաղվեր, իսկ երբ հետո վերցրեց այդ հողը, ինձ ասաց, որ իրենց գյուղի հոտն եմ բերել»,- ասում է Դիանան:

«Այսպես մեկնարկեց ժամանակակից Թուրքիայի տարածքում այն, ինչին հայերն անվանում են «Մեծ եղեռն»՝ հայ ժողովրդի ցեղասպանությունն իր հայրենիքում: Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրությունում նախաձեռնվեց տեղահանության, զանգվածային սպանությունների ու բռնաբարությունների միջոցով իր սահմաններում հայկական ներկայության վերացման քաղաքականություն: Պատերազմի ավարտին մեկ միլիոնից ավելի մարդ էր սպանվել: Մինչ օրս 29 երկիր է պաշտոնապես ճանաչել այս սպանությունները որպես ցեղասպանություն, իսկ Օսմանյան կայսրությանժառանգորդ ներկայիս Թուրքիայի կառավարությունն այն չի ճանաչում»,- գրում է The Guardian-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս