Ինչպես էր «զինված հանցախումբը» պատրաստվում հեղաշրջման և ինչ էր անելու դրանից հետո. ուշագրավ մանրամասներ
Նորք Մարաշում վնասազերծված խմբի գործով նախաքննությունը շարունակվում է, այն գտնվում է ոչ ավարտական փուլում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետի առաջին տեղակալ, քրեական գործով քննչական խմբի ղեկավար Միքայել Համբարձումյանը: Նա շեշտեց, որ անձինք, ովքեր մեղադրվում են այս քրեական գործի շրջանակներում, համարվում են անմեղ, քանի դեռ նրանց նկատմամբ չկան օրինական ուժի մեջ մտած դատավճիռներ:
Լրագրողների հետ հանդիպման ընթացքում ցուցադրվեցին քրեական գործով ձեռք բերված ապացույցների լուսանկարներ, որոնց վերաբերյալ Միքայել Համբարձումյանը ներկայացրեց իր մեկնաբանությունները:
Առաջին լուսանկարն, ըստ Միքայել Համբարձումյանի, Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված խմբում ընդգրկված անձանց խմբակային լուսանկարն է, որը նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ արվել է 2015թ. սեպտեմբերի 6-ին՝ Սպիտակի շրջանի Ծաղկաբեր գյուղում, որտեղ գտնվում է Արթուր Վարդանյանի հայրական տունը:
Նախաքննության ընթացքում, ըստ Միքայել Համբարձումյանի, հաջողվել է պարզվել, թե ովքեր են այն անձինք, ովքեր դիմակավորված լուսանկարվել են, պարզվել է նրանց անձը, զենքերի, հրացանների ձեռքբերման աղբյուրները, ինչպես նաև խմբի՝ Ծաղկաբեր գյուղում հավաքվելու նպատակը.
«Մասնավորապես խումբը նշված վայրում գտնվել է 2015թ. օգոստոսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում, մարզվել են, սովորել են զենք գործադրել, ուսումնասիրել են մարտական սպորտաձևեր: Այնուհետև երբ մարզումները համարվել են ավարտված, տեղափոխվել են Երևան և արդեն որպես հավաքատեղի օգտագործել են Արթուր Վարդանյանի աներոջ տունը, որը գտնվում է Արցախի փողոցի վրա»:
Միքայել Համբարձումյանի խոսքով՝ 2015թ. նոյեմբերին Նորք Մարաշում գտվող բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են մեծ քանկությամբ զենք և զինամթերք, որոնք պատկերված են լուսանկարում:
Լուսանկարում պատկերված է այն հանդերձանքը, հատուկ գումարտակ տարբերանշանները, ոստիկանական համազգեստը, որոնք խումբը նախատեսել է օգտագործել իրենց կողմից պլանավորած գործողությունների ընթացքում:
Միքայել Համբարձումյանն ասաց, որ նախաքննության ընթացքում հաջողվել է պարզել ռազմամթերքի, հանդերձանքի զգալի մասի ձեռքբերման աղբյուրները, հանգամանքները, վճարված գումարների չափը:
«Զենքերը վաճառած կամ տված, պարզված անձինք (իհարկե, ունենք անձինք, ովքեր չեն վաճառել զենք, տրամադրել են) գտնվում են կալանքի տակ և մեղադրվում են համապատասխան հոդվածներով»,- ասաց Միքայել Համբարձումյանը:
Ներկայացնելով հայտնաբերված հեռախոսները՝ նա ասաց, որ խմբի՝ առանցքային դերակատարում ունեցող անձինք ունեցել են գաղտնի հեռախոսներ և հեռախոսահամարներ, որով կապ են պահպանել բացառապես միմյանց հետ.
«Սա խմբի քողակմանն ուղղված գործողություն է եղել, նրանք մտածել են, որ այս կերպ կարող են քողարկել իրենց եղելությունը, գործողությունները, սակայն ԱԱԾ օպերատիվ մարմիններին հայտնի են դարձել այդ հեռախոսների և հեռախոսահամարների առկայությունը և օպերատիվ գործողությունների ընթացքում դրանք գաղտնալսվել են»:
Ներկայացնելով Երևանի քարտեզը՝ Միքայել Համբարձումյանն ասաց, որ այն ևս հայտնաբերվել է խուզարկության ընթացքում.
«Քարտեզի վրա ձեռագիր, կլոր մեջը խաչ նշաններով նշագրում է կատարվել այն թիրախների հետ կապված, որոնց վրա նախատեսված է եղել զինված հարձակումներ իրականացնել: Քարտեզի վրա առկա են նաև կլոր նշաններ առանց խաչերի: Դրանք հիմնականում վերաբերվում են Երևանի տարածքում գտնվող կամուրջներին, խաչմերուկներին, որտեղ խումբը նախատեսել էր խցանումներ կամ այլ դժվարանցելի վիճակներ ստեղծել իրենց գործողության ժամանակ, որպեսզի հարձակման ենթարկված թիրախների պահպանությունն իրականացնող անձինք ժամանակին չկարողանային օգնություն ստանալ:
ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետի առաջին տեղակալ, քրեական գործով քննչական խմբի ղեկավարի խոսքով՝ խուզարկության ընթացքում հայտնաբերվել են նոթատետեր. լուսանկարում պատկերված էջում գրված են խմբի անդամների անունները, ինչպես նաև այն թիրախի անվանումը, որի հարձակմանը կոնկրետ անձը պետք է մասնակցություն ունենար.
«Ինչպես տեսնում եք, նշված է Բաղրամյան 26 հասցեն, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրին, Սահմանադրական դատարան, Ազգային ժողով, Հայաստանի Կառավարություն: «Էյֆել» անվանումը Հ1 հեռուստաընկերությանն է վերաբերում: Եվ նշված են անձանց անունները: Ընդ որում նշեմ, որ բոլորը պարզված են մեր կողմից և մեղադրվում են քրեական գործի շրջանակներում»:
Միքայել Համբարձումյանի խոսքով՝ խմբի անդամները նոթատետրում հաշվառում են վարել, թե ինչ սպառազինություն են ձեռք բերել և խմբի որ անդամին ինչ զենք է հատկացվել. օգտագործվել են ծածկանուններ. «Սա խոսում է այն մասին, որ խմբի յուրաքաչյուր անդամ, ում մենք մեր տեսադաշտում տեսնում ենք, ունեցել է իրեն հատկացված համապատասխան հանդերձանք, զենք և ռազմամթերք»:
Քրեական գործի նախաքննության ընթացքում, նրա խոսքով, ձեռք են բերվել բազմաթիվ տեսագրություններ՝ կատարված ինչպես տեսագրող սարքերով, այնպես էլ բջջային հեռախոսներով:
Լուսանկարում Սահմանադրական դատարանի շենքի և դրա մատույցների ձեռագիր սխեմա է. ՀՀ տարածքում գործող առանձին գործարարների, պաշոնատար անձանց հետ կապված տեղեկատվութուն հավաքելու նպատակով բավական աշխատանք է կատարվել և արձանագրվել այն, ինչ իրենց հետաքրքրել է:
Նշված լուսանկարում գծագրված է, թե շենքի որ հատվածներում են տեղադրված տեսախցիկներ, որտեղ են անվտանգության աշխատակիցները ծառայություն իրականացնում, ինչ մատույցներ կան, որտեղ են դրանց մուտքերը:
ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետի առաջին տեղակալ, քրեական գործով քննչական խմբի ղեկավար Միքայել Համբարձումյանն ասաց, որ Google ծրագրով լուսանկարներ են արվել. «Նախաքննության ընթացքում համակարգիչների զննությամբ պարզվել է, որ խմբի անդամները տեղեկություններ են հավաքել այսօր մեր քաղաքական դաշտում քաղաքական գործունեությամբ զբաղվող թվով ավելի քան 147 անձանց վերաբերյալ: Ընդ որում, այդ թվում Ազգային ժողովի բոլոր պատգամավորների՝ անկախ նրանից՝ նրանք ընդդիմադի՞ր, թե՞ իշխանական ուղղությամբ պատգամավորներ են:
Այդ տեղեկություններն իրենց մեջ պարունակում են կոնկրետ անձի, քաղաքական գործչի վերաբերյալ կենսագրական տվյալները, նրա ընտանիքի կազմի, ընտանիքի անդամների վերաբերյալ տվյալները, ինչպես նաև Google ծրագրով առանձնացվել են կոնկրետ անձի բնակության վայրի տեղակայման հասցեն և առանձին փաթեթներով ֆայլեր են ստեղծվել:
Կարող եմ ասել, որ, բացի իմ կողմից նշված 147 անձանցից, քաղաքական գործիչներից, տեղեկություններ են հավաքվել նաև նախախորհրդարան հասարակական կազամակերպության անդամների վերաբերյալ»:
Միքայել Համբարձումյանն ասաց, որ խումբը տեսագրել է ՀՀ առաջին նախագահի առանձնատունը, դրա մատույցները: Ինչպես նաև ՀՀ երկրորդ նախագահի գործունեության վայրի հետ կապված ուսումնասիրություններ են իրականացվել: «Խումբը նաև փորձել է վերահսկել ՀՀ գործող նախագահի թիկնազորի հետ կապված աշխատանքների կազմակերպման հանգամանքները, փորձել է տեղեկություններ հավաքել՝ պարզելու համար, թե այդ աշխատանքներն ինչ միջոցներով են իրականացվում, ինչպես են կազմակերպվում:
Այսինքն՝ խոսքը նախագահի անվտանգության մասին է, թե ինչ են նրանց կողմից իրականացվում այդ աշխատանքների ժամանակ: Եվ ահա այդ նպատակով խմբի անդամները՝ կոնկրետ կազմակերպիչ Արթուր Վարդանյանը և խմբի 2-3 այլ անդամներ, ներկա են եղել սեպտեմբերի 24-ին Գյումրիում տեղի ունեցած Հայ կաթոլիկե եկեղեցու բացման արարողությանը, և քողարկված եղանակով, գաղտնի տեսանկարահանել են գործող նախագահի ժամանման, այնտեղ գտնվելու պահերը: Կարող եմ ասել, որ Արթուր Վարդանյանը ներկա գտնվելով՝ միջոցառման ժամանակ կրել է եկեղեցական երգչախմբի մասնակցի հագուստ, մեր գնահատմամբ՝ չնկատվելու նպատակով: Եվ հենց այդ վերևի սենյակից էլ իրականացվել է տեսանկարահանումը»:
Նախաքննական մարմնին հաջողվել է ձեռք բերել մի տեսագրություն, որտեղ ձայնագրված է Արթուր Վարդանյանը՝ «Հայոց Վահան» կազմակերպության զինանշանի ֆոնի վրա.
«Տեսագրության ընթացքում Արթուր Վարդանյանն ուղերձով դիմում է երկրի բնակչությանը՝ իբր արդեն զինված հեղաշրջում իրականցնելուց հետո, ներկայացնելով իր ծրագրերը և կատարվածին տալով մեկնաբանություններ: Պետք է նշեմ, որ այս ուղերձը նախատեսվում էր եթեր հեռարձակել Հ1-ը, այսպես ասած՝ գրավելուց հետո»:
Ուղերձի հենց սկզբում Արթուր Վարդանյանը հայտարարում է, որ իրենք զենք գործածելով իրականացրել են իրենց մտադրությունը՝ իր խմբի և մի խումբ ազատամարտիկների հետ միասին:
Միքայել Համբարձումյանը ներկայացրեց նաև անգլերով նամակ, որը թվագրված է 2015թ. նոյեմբերի ամսաթվով: Այն, ըստ ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետի առաջին տեղակալ, քրեական գործով քննչական խմբի ղեկավարի, նախատեսվել էր գործողությունը կատարելուն պես ուղարկել ՀՀ տարածքում գործող բոլոր դեսպանատներին. նամակի հեղինակիները նրանց հրավիրում են հաջորդ օրն «Արմենիա» հյուրանոցում նախատեսված ժողովին մասնակցելու և դրա ընթացքում նախատեսվում էր համապատասխան ուղերձով ներկայնել, թե ինչ է կատարվել երկրում, ինչ նպատակներ են հետապնդում և ինչ ծրագրեր ունեն:
Միքայել Համբարձումյանն ասաց, որ այս ապացույցները բոլորը չեն, քրեական գործի շրջանակներում ձեռք են բերվել բազմաթիվ այլ ապացույցներ ևս, որոնց հրապարակումն ինքն այս պահին անթույլատրելի է համարում: