«Ռուս-ադրբեջանական մերձեցման ակնկալիքները մտահոգություն են առաջացնում»

«168 Ժամի» զրուցակիցն է «Ջեյմսթաուն» հիմնադրամի սյունակագիր, միջազգայնագետ Արմեն Գրիգորյանը

– Պարոն Գրիգորյան, այս օրերին միջազգային փորձագիտական հանրությունը չի դադարում քննարկել Սիրիայից հեռանալու՝ Ռուսաստանի որոշումը, ինչում որոշ միջազգայնագետներ վտանգներ են տեսնում՝ պնդելով, որ Սիրիայից հեռանալով՝ Ռուսաստանը, համաձայն իր վերջին տարիների ավանդական քաղաքականության, «կակտիվանա» այլ ուղղություններով: Դրանցից մեկը ղարաբաղյան հակամարտությունն է: Այս անհանգստությունները շատ ավելի հիմնավոր են դառնում վերջին շրջանում նկատվող Մոսկվա-Բաքու ռազմաքաղաքական երկխոսության, սպառազինության վաճառքի շուրջ «քաղաքական առևտրի» և Հայաստանի զինացանկի հրապարակումների համատեքստում: Ի՞նչ վտանգներ եք տեսնում հակամարտության գոտում՝ հաշվի առնելով միջազգային զարգացումների վերջին միտումները:

– Ռուսաստանը շարունակում է մեկուսանալ քաղաքակիրթ աշխարհից. Նադեժդա Սավչենկոյի նկատմամբ մեղադրական դատավճիռն առավել խորացնում է այդ գործընթացը: Ադրբեջանը մնում է այն սակավաթիվ երկրներից մեկը, որը դեռ կարող է Ռուսաստանի հետ հարաբերություններն ընդլայնել` չվախենալով ավելի շատ հեղինակազրկվելուց: Իսկ ռուս-ադրբեջանական առևտրի առարկան, բնականաբար, առնչվելու է Հայաստանի և ԼՂՀ շահերի հետ: Բացի այդ, հակամարտության վրա կարող է ազդել տնտեսական գործոնը. նավթի գնի անկման արդյունքում թե՛ Ռուսաստանը, թե՛ Ադրբեջանն ավելի անկանխատեսելի կարող են դառնալ. երկուսի համար էլ սոցիալ-տնտեսական իրավիճակի պատճառով առաջացող ներքին լարումը մեղմելու հնարավոր տարբերակներից մեկը հակամարտությունն օգտագործելն է՝ առկա ստատուս-քվոն փոխելու նպատակով:

– Օրերս հետաքրքրական իրադարձություն տեղի ունեցավ, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկը ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ արեց՝ առաջիկա կրոնական տոների հանգամանքը հաշվի առնելով՝ զերծ մնալ հրադադարի խախտումներից, ինչը կողմերը, ըստ էության, ընդունել են, թեև գործնականում դեռ պարզ չէ` որքանով այն գործուն կլինի: Նման նախաձեռնությունները որքանո՞վ կարող են նախադեպային դառնալ ողջ հակամարտության կարգավորման գործընթացի համար՝ հաշվի առնելով նաև Ռուսաստանի «բացակայությունն» այս նախաձեռնությունից:

– Նման նախաձեռնություններ նախկինում էլ են եղել, սա էլ կարող է գործուն լինել, սակայն խնդիրն այն է, որ այդպիսի նախաձեռնությամբ հանդես գալով՝ ԵԱՀԿ-ն, ըստ էության, համակերպվում է, որ 1-2 շաբաթվա ընթացքում հրադադարը չխախտելն արդեն «ձեռքբերում» է համարվում:

– Washington Times պարբերականում հրապարակված հոդվածներից մեկում նշվում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ունի Երևանի և Բաքվի միջև խաղաղություն հաստատելու բացառիկ հնարավորություն մարտի 31-ին Վաշինգտոնում կայանալիք Միջուկային անվտանգության 4-րդ գագաթաժողովի շրջանակներում: Ըստ Ձեզ` Օբաման հանդես կգա՞ արդյոք դիվանագիտական նախաձեռնությամբ, և ընդհանրապես ի՞նչ պետք է սպասել Վաշինգտոնում նախատեսվող նախագահական հանդիպումից՝ հաշվի առնելով նաև այն, որ Ադրբեջանում Արևմուտքին հաճոյանալու քայլեր տեղի ունեցան իշխանությունների կողմից, ապա Ադրբեջանը ևս ընդունեց տոներին ժամանակավոր հրադադարը պահպանելու առաջարկը, այսինքն` դրական միտումներ կան:

– Դրական միտումների մասին հնարավոր կլինի մտածել, եթե, օրինակ, Վաշինգտոնում ձեռք բերվի բաժանարար գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ համաձայնություն: Դա էական քայլ կարող է լինել` հետագա առաջընթացի ակնկալիքները հիմնավոր դարձնելու համար: Սակայն ռուս-ադրբեջանական մերձեցման ակնկալիքները մտահոգություն են առաջացնում` գործնական արդյունքի հասնելու հնարավորության վերաբերյալ:

– Ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը տեղեկություն է տարածել, որ ապրիլի սկզբին Բաքու կայցելի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ով ադրբեջանական կողմի հետ կքննարկի ղարաբաղյան խնդիրն ու «Հյուսիս-Հարավ» միջանցքի հեռանկարները: Լավրովը պատրաստվում է Բաքու մեկնել Վաշինգտոնում կայանալիք նախագահական հանդիպումից հետո, ու կասկածներ կան, որ Լավրովը Բաքու է մեկնելու վաշինգտոնյան հանդիպման հետքերով: Մոսկվան, ըստ Ձեզ, ունի՞ մտահոգություններ այդ հանդիպման կապակցությամբ, և ի՞նչ պետք է սպասել այդ այցից, եթե Վաշինգտոնում որևէ առաջընթաց գրանցվի:

– Ռուսաստանը փորձելու է օգտագործել իր ազդեցությունը՝ հակամարտության կարգավորման գործընթացի նկատմամբ վերահսկողությունը պահպանելու համար: Լավրովի այցի ընթացքում և հետագայում, բնականաբար, փորձ է արվելու չեզոքացնել Ռուսաստանի համար ոչ ցանկալի զարգացումների հնարավորությունը: Հակամարտության շնորհիվ տարածաշրջանն արդեն տասնամյակներ շարունակ իր ազդեցության տակ պահող Ռուսաստանն իր դիրքերը հեշտությամբ չի զիջի:

 

Տեսանյութեր

Լրահոս