«Անհեթեթ զիջումների, իհարկե, պատրաստ չենք լինելու». Դավիթ Հարությունյանը՝ Արամ Մանուկյանին
Այսօր ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումների ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, որ քաղաքացիական միասնական պլատֆորմը 5 կետ է ներկայացնում իրենից՝ ցուցակների մաքրում, ցուցակների հրապարակում, նկարահանում, մատների թանաքոտում և ռեյտինգային ռեգիոնալ քվեարկության բացառում:
Ա.Մանուկյանը հրապարակեց 1-2 ժամում պլատֆորմը ստորագրած կազմակերպությունների ցանկը՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում», Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, Թրանսփարենսի ինթերնեշնլ, Հելսինկյան քաղացիական Վանաձորի ասամբլեա, «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ, «Իրավունքի եվրոպական միավորում», «Էլեկտրիկ Երևան», «Ժողովրդավարական ազգային պլատֆորմ», և այս քաղաքացիականներին աջակցել են ՀԱԿ, «Հայկական վերածնունդ», «Ժառանգություն», «Ազատ դեմոկրատներ», «Ազատություն», ՀԺԿ, ՀՀՇ, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները, իսկ որոշ կետերով աջակցություն կա նաև «Բարգավաճ Հայաստանի» և այլ կուսակցությունների կողմից: Ա. Մանուկյանը նշեց, որ սա բաց է բոլորի համար, նաև կարող են այլ առաջարկներ ներկայացնել, որոնք կարող են դառնալ համատեղ և պաշտպանվել:
«Եթե այս կոնսոլիդացիան լայնանում է, պատրա՞ստ եք գնալ զիջումների»,- Դավիթ Հարությունյանին հարց ուղղեց պատգամավորը:
«Խոսքը չի վեաբերում միմյանց զիջելուն, հարգանքի տեղ չի այստեղ, անհեթեթ զիջումների, իհարկե, պատրաստ չենք լինելու: Բայց պատրաստ ենք անելու բոլոր այն քայլերը, որոնք անհրաժեշտ են իսկապես պատշաճ մակարդակի ընտրություններ անցկացնելու համար»,- հակադարձեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Վերջինս ողջամիտ մոտեցում անվանեց այն, որ գումար հատկացնեն, և Լևոն Զուրաբյանի ընկերը կազմակերպի ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրումը և առցանց հեռարձակումը. «Ես երկու ձեռքով պաշտպանելու եմ, որ դա կյանքի կոչվի»:
Ցուցակների մաքրման համար Դ.Հարությունյանը նշեց, որ երկիրը չպետք է իր ռեսուրսները ծախսի այդ նպատակով, և խախտում կլինի, եթե անձը, որը չի գտնվում տվյալ պահին երկրում, հանվի ցուցակից: Օրինակ, ըստ նրա, Վրաստանում չկա դրույթ, որ ընդդիմության վստահված անձը կարող է գտնվել հանձնաժողովի անդամների արանքում և հետևել, իսկ մեզ մոտ կա.
«Մեր լուծումը շատ ավելի արմատական է և շատ ավելի մեծ վստահություն է ներշնչելու ընտրողներին»:
Դ.Հարությունյանը նշեց նաև, որ պետք է փաստաթուղթ լինի, որն ավտոմատ կերպով կընթերցվի սարքի կողմից, և առաջարկվում է՝ միասին հետևել ծրագրային ապահովմանը: Ըստ նրա՝ ցուցակների հրապարակումը չի կարող լինել ինքնանպատակ, կարող են քաղվածքներ անել, ծանոթանալ, բայց լուսանկարել և պաշտոնականացնել չեն կարող:
Դ.Հարությունյանի կարծիքով՝ մատների թանաքոտման մասին շատերն ունեն աղոտ պատկերացում, այն ծագել է այն երկրներում, որտեղ չկար անձը հաստատող միասնական փաստաթուղթ և միասնական ցուցակ: Բայց խնդիրներ առաջացան՝ մարդիկ չէին ուզում մատը տեսանելի թանաքոտել, նաև բռնություններ եղան, թե մարդիկ ինչո՞ւ են քվեարկել, կամ ինչո՞ւ չեն քվեարկել:
Նա նշեց, որ անտեսանելի թանաքի՝ 10-18%-անոց արծաթի նիտրատի հետքը կարելի է տեսնել միայն ուլտրամանուշակագույն լույսի տակ, բայց հետքի կամ լամպի լույսի թույլ լինելու դեպքում այն չի երևում: Կարող է նաև հետքեր հայտնաբերվեն, բայց ցուցակում անձի անվան դիմաց ստորագրություն չկա, կարող է ընտրությունները խանգարելու համար արծաթի նիտրատ պարունակող լուծույթ քսեն սեղանին կամ դռան բռնակին, նաև արծաթի նիտրատը հեշտությամբ հանվում է, եթե մատն այլ նյութով մշակված է լինում: Դ.Հարությունյանը վստահեցրեց, որ իրենք ներդրել են ամենաօպտիմալ տարբերակը: