Բաժիններ՝

«Ես վախենում եմ, որ պարզապես իրական մեղավորներին բացահայտելու ցանկություն չկա». փաստաբանը՝ Մատաղիսի գործի մասին

Եվրոպական դատարանի կողմից Մատաղիսի գործով կայացված վճռով տրամադրվելիք հատուցումները չեն վերաբերում այն տարիներին, որոնց ընթացքում երեք երիտասարդներն անազատության մեջ են գտնվել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց փաստաբան Հայկ Ալումյանը, ով վերջին 9 տարիների ընթացքում եղել է Արայիկ Զալյանի, Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի պաշտպանը: Զինծառայողներ Արայիկ Զալյանը, Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանը մեղադրվել են երկու ծառայակիցների սպանության մեջ, ապա արդարացվել: Օրերս Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է նրանց գանգատի քննության արդյունքում կայացված վճիռը, որով Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է 20 հազար եվրո փոխհատուցել Արայիկ Զալյանին, 15 հազարական եվրո՝ Ռազմիկ Սարգսյանին և Մուսա Սերոբյանին:

«Ինձ թվում է, որ այդպիսի պատկերացում կա, որ Եվրոպական դատարանն ընդամենը 50 հազար եվրո է գնահատել այդ երիտասարդների՝ տարիների ընթացքում անազատության մեջ մնալը: Այդպես չէ: Այդ հարցին անգամ դեռևս անդրադարձ էլ չի եղել: Այդ հարցը դեռևս ներպետական ատյաններում պետք է քննարկման առարկա դառնա, և այդ հարցը պետք է լուծվի»,- ասաց Հայկ Ալումյանը՝ նշելով, որ Եվրոպական դատարանը պետությանը պարտավորեցրել է 50 հազար եվրոյի չափով փոխհատուցում տրամադրել նախ այն բանի համար, որ երիտասարդների և նրանց պաշտպանների կողմից հաղորդում է եղել նրանց նկատմամբ խոշտանգումների կիրառման վերաբերյալ, սակայն պետությունը բավարար միջոցներ չի ձեռնարկել այդ հաղորդումները քննելու համար:

Հայկ Ալումյանն ասաց, որ Արայիկ Զալյանի համար որպես փոխհատուցում նախատեսված էր 20 հազար եվրո, քանի որ նրա գանգատում խնդիր է բարձրացվել, որ 2004թ. ապրիլի 19-24-ը և օգոստոսից մինչև նոյեմբեր ամիսների ընթացքում նա անազատության մեջ է գտնվել՝ առանց դատարանի որոշման: «Մենք պնդում էինք, որ ապրիլի 19-ից մինչև ապրիլի 24-ն ընդհանրապես առանց դատարանի որոշման այս երիտասարդները պարզապես մարտական դիրքերից իջեցվել են և խոշտանգումների ենթարկվելով՝ պահանջել են, որպեսզի իրենք խոստովանեն այդ հանցագործության՝ իրենց կողմից կատարված լինելը: Երբ հրաժարվել են, նրանց տարել են ռազմական ոստիկանություն և առանց որևէ գրանցման՝ այդ ընթացքում պահել այնտեղ: Բոլոր հնարավոր ապօրինությունները, որոնց մասին մենք հետո ահազանգում ենք, սովորաբար կատարվում են հենց այդ ժամականաշրջանում, երբ առանց որևէ գրանցման անձը պահվում է անազատության մեջ: Հենց այդ ժամանակ՝ այդ 5 օրվա ընթացքում, կատարվել են այդ ապօրինությունները, խոշտանգումները, և միայն այն բանից հետո, երբ Ռազմիկ Սարգսյանից կարողացել են կորզել խոստովանական ցուցմունք, փաստաթղթավորել են նրանց անազատության մեջ պահելը, նրանք արդեն պաշտոնապես կասկածյալի, հետո արդեն՝ մեղադրյալի կարգավիճակ են ձեռք բերել:

Եվրոպական դատարանն ապրիլի 19-24-ը ժամանակահատվածից երկու օրը հաստատված չհամարեց, որովհետև մենք բավարար ապացույցներ չունեինք: Նրանց անազատության մեջ ապօրինի պահելը հաստատված համարեց ապրիլի 21-24-ը, որը մեր պետությունը պատճառաբանում էր նրանով, որ պարզապես կարգապահական խախտման համար զորամասի հրամանատարը նրանց կալանավայր էր տեղափոխել, բայց Եվրոպական դատարանի համար ակնհայտ դարձավ, որ այս փուլում այդ մարդիկ ոչ թե կարգապահական խախտման համար էին գտնվում զինվորական կալանավայրում, այլ արդեն հենց քրեական գործի առնչությամբ էին այնտեղ պահվում, հետևապես՝ պետք է համապատասխան դատական որոշում լիներ»,- ասաց Հայկ Ալումյանը: Նա նշեց, որ այս օրինակը քաղաքացիներին պետք է հուշի, որ խախտված իրավունքի համար պայքարելը, շուտ թե ուշ, հաջողության է հասցնելու, եթե նա հետևողականորեն պայքարում է:

Հայկ Ալումյանն ասաց, որ գործի համար որոշիչ դեր է ունեցել այժմ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով առաջին օրերից պաշտպանել է երիտասարդներին, և Եվրոպական դատարան հենց նա է գանգատ ուղարկել: Համեմատություն անցկացնելով Բուդաղյանների գործի հետ՝ Հայկ Ալումյանն ասաց, որ 12 տարի առաջ, երբ Մատաղիսի գործով ձեռնարկվում էին ներպետական ատյանները սպառելու, Եվրոպական դատարան դիմելու քայլերը, ոչ ոք չէր հավատում, որ ցմահ ազատազրկվածի կարգավիճակ ունեցող երիտասարդները կարող են ձեռք բերել արդարացվածի կարգավիճակ, առավել ևս՝ գործը շահեն ՄԻԵԴ-ում:

«Ոչ ոք այդ ժամանակ չէր հավատում, միգուցե՝ բացառությամբ Զարուհի Փոստանջյանի, ով այն ժամանակ իրենց պաշտպանն էր: Հիմա էլ հավանաբար արդեն շատ քչերն են հավատում, որ հնարավոր է՝ Բուդաղյանների գործով մեղավորները քրեական պատասխանատվության ենթարկվեն, բայց ես հավատացնում եմ ձեզ, որ, շուտ թե ուշ, Բուդաղյանների գործով էլ մենք կունենանք այնպիսի ելք, որը կգոհացնի բոլորին, ովքեր այս ընթացքում հետևել են և ցանկացել, որ արդարությունը վերականգնվի»:

Ի դեպ, մինչ այժմ պարզ չէ, թե ով կամ ովքեր են հանցագործություն կատարած անձինք: Հայկ Ալումյանի խոսքով՝ նախորդ տարի գործի վարույթը կասեցվել է այն պատճառաբանությամբ, որ դեռևս հնարավոր չի եղել գտնել հանցագործություն կատարած անձանց. «Այն, որ գործն այսպիսի ընթացք է ստացել, ինձ մոտ որոշակի մտավախություններ է առաջացնում: Ես վախենում եմ, որ պարզապես իրական մեղավորներին բացահայտելու ցանկություն չկա»: Փաստաբանն ասաց, որ գործում այժմ շատ կարևոր ապացույցներ կան, և համոզմունք հայտնեց, որ պատշաճ քննության դեպքում դեռ հնարավոր կլինի հայտնաբերել մեղավորներին՝ նկատի ունենալով ապացույցների այն ծավալը, որ կա գործում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս