«Ապագայում Մոսկվա-Երևան և Մոսկվա-Բաքու հարաբերություններում ոչինչ չի փոխվի»

Հարցազրույց ՌԴ Քաղաքական փորձագիտական խմբի ղեկավար Կոնստանտին Կալաչովի հետ

– Հաջորդ շաբաթ Միջուկային անվտանգության վեհաժողովի ժամանակ ԱՄՆ-ը, ամենայն հավանականությամբ, փորձելու է կազմակերպել նաև Սարգսյան-Ալիև հանդիպում: Ձեր կարծիքով՝ ի՞նչ կարելի է սպասել դրանից:

– Ըստ ամենայնի՝ ոչինչ, այդ հանդիպմանը բոլորովին առաջընթաց չի լինի: Անձնական հանդիպումները, իհարկե, լավ են, օրինակ, Պուտինն էլ Պորոշենկոյի հետ էր հանդիպում տարբեր հարթակներում, բայց դրանից Դոնբասի խնդիրը ոչ մի տեղ չգնաց, և ձևական շփումներով ոչինչ չի որոշվում: Իրականում առաջընթացը պայմանավորվում է փոխընդունելի լուծումների առկայությամբ: Իսկ կա՞ն արդյոք լուծումներ, որ 2 կողմի համար էլ ընդունելի են, և հատկապես ո՞ր հարցում կարող է տեղաշարժ լինել: Այսօրվա դրությամբ հայկական և ադրբեջանական դիրքորոշումներն ամբողջությամբ իրարամերժ են, և, եթե անգամ Վաշինգտոնում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իրար ձեռք սեղմեն, միայն ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կկարողանան ասել՝ սա մեր աշխատանքի արդյունքն է, և դա հիանալի PR է Մինսկի խմբի համար: Առավել ևս Սարգսյան-Ալիև վերջին հանդիպումը կազմակերպվել էր լուրջ ջանքերի շնորհիվ, ԼՂ հակամարտության բանակցությունները փակուղի են մտել: Այդ հանդիպման արդյունքը, կարծում եմ, գործնականում զրոյական կլինի:

– ԱՄՆ-ը առաջարկ ունի հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմի ներդրման մասին: Մինչ վեհաժողովն ԱՄՆ պետքարտուղարն այցելելու է ՌԴ, և հնարավո՞ր է՝ քննարկվող հարցերից մեկն էլ դա է լինելու: Մինչ օրս ՌԴ-ն որևէ դիրքորոշում չի հայտնել այդ մեխանիզմի վերաբերյալ, իսկ Բաքուն այն մերժում է:

– Հայկական կողմի վրա ուժային ճնշումների փորձերը նրան բանակցություններ պարտադրելու համար են: Իրականում ադրբեջանական կողմը ենթադրում է, որ, եթե սահմանին բախումներ չլինեն, խոսքը ռազմական լայնամասշտաբ գործողությունների մասին չէ, ապա ԼՂ-ի թեման հաջողությամբ մոռացության կմատնվի, միջազգային հանրության համար այն ամենաակտուալը չէ: Էսկալացիայի դադարեցման հարցում շահագրգիռ է հայկական կողմը, որովհետև Ադրբեջանի համար այն միջազգային հանրության ուշադրությունը գրավելու և խնդիրն իր նախընտրելի հուն ուղղելու միջոց է:

Սառեցված հակամարտությունը մնացած կողմերին ձեռնտու է, կարելի է կարգավորումը փոխանցել հաջորդ սերունդներին, ԵԱՀԿ-ն կձևացնի, թե ինչ-որ զարգացում կա, բայց իրականում սայլը տեղից չի շարժվի: Ես կարծում եմ, որ, հատկապես, երբ մանաթը փլուզվեց, նավթի գներն էլ, թեև հիմա մի քիչ բարձրացել են, բայց ընդհանուր ցածր են, և Ադրբեջանը տնտեսական լուրջ խնդիրներ ունի, և ներքաղաքական իրադրության առումով Ալիևի համար կարևոր են արտաքին քաղաքական հաջողությունները, այսինքն՝ Ալիևին ավելի, քան երբևէ, պետք է ցույց տալ հակամարտության խնդրում դրական դինամիկա: Եվ նա հացի փոխարեն՝ պետք է առաջարկի տեսարաններ:

– Իսկ Մոսկվան ինչո՞ւ է լռում այս մեխանիզմի վերաբերյալ:

– Մոսկվայի համար 2 կողմի հետ էլ կարևոր են հարթ հարաբերությունները, և Մոսկվան ինչ-որ իմաստով փորձում է նստած մնալ երկու աթոռի վրա: Հասկանալի է՝ մի երկիրը դաշնակից է, մյուսը՝ գործընկեր, և՛ այնտեղ, և՛ այստեղ խնդիրներ պետք չեն, բայց կա հակամարտություն, որի լուծումը ենթադրում է, որ մի կողմը պետք է զիջումների գնա մյուսին:

Մոսկվան հիանալի հասկանում է, որ Հայաստանում վերջին տարիների իրադարձությունների ֆոնին հանրությունը դժգոհ է ՌԴ-ի հետ համագործակցությունից, և ՌԴ-ի համար կարևոր է հարթել կնճռոտ խնդիրները, ոչ վաղ անցյալում բարձրացվել էր ՀՀ զենքի մատակարարումների հարցը, որը Ադրբեջանում, չգիտես ինչու, անօրինական են համարում, այսինքն՝ Մոսկվան ուզում է հնարավորինս լավ հարաբերություններ պահպանել 2 կողմի հետ, և կոշտ դիրքորոշում դրսևորելը նշանակում է՝ կորցնել կա՛մ դաշնակցին, կա՛մ գործընկերոջը: Քաղաքականությունը հնարավորությունների արվեստ է, ռեալ քաղաքականությունը ենթադրում է մանևրել, և Մոսկվան ոչ մի դեպքում չի դավաճանում Հայաստանի շահերին, բայց չի էլ ուզում հարաբերությունները փչացնել Բաքվի հետ:

– Հաշվի առնելով, որ հակամարտության կարգավորումը կարևոր նշանակություն ունի Կովկասում կայունության ու անվտանգության համար, և տարածաշրջանում փոխվել է Իրանի դերը, ԱՄՆ-ի ակտիվացումն ի՞նչ փոփոխությունների կհանգեցնի:

– Իսկապես, Իրանի դերի փոփոխությունը տարածաշրջանում պահանջում է ակտիվ գործողություններ ԱՄՆ-ի կողմից, այսինքն՝ պատժամիջոցների վերացումը դեռ չի նշանակում, որ բոլոր խնդիրները լուծված են: Պետք է նկատի ունենալ նաև Թուրքիայի դերակատարումը: Ստեղծված իրավիճակում Իրանի կշիռն էլ ավելի է մեծանում: Հասկանալի է, որ ԱՄՆ-ը ակտիվացնելու է ջանքերը տարածաշրջանում իր ազդեցության պահպանման և մեծացման ուղղությամբ: Ինչի՞ կարող է դա հանգեցնել: ԱՄՆ-ում նախընտրական շրջան է, և Օբաման ավելի առօրեական խնդիրներ ունի, քան Կովկասի խնդիրը:

Օրինակ՝ Կուբա այցն իր համար շատ ավելի կարևոր է: Բարաք Օբաման ուզում է հետք թողնել պատմության մեջ, բայց Կովկասը նրա առաջնահերթությունների մեջ չէ, իսկ նոր «ավելը» կարող է նորովի «ավլել»: Այսինքն՝ ԱՄՆ-ը մի կողմից՝ ցուցադրում է դիվանագիտական ակտիվություն, բայց կան որոշակի սահմանափակումներ: Ինչ-որ ջանքեր` Իրանի հետ կապված, կկատարվեն, բայց վերջնական կերևա հաջորդ տարի, երբ պարզ կլինի՝ ով է նոր նախագահը, և ինչպես է փոխվում ԱՄՆ արտաքին քաղաքականությունը:

– Ապրիլի սկզբին ՌԴ արտգործնախարար Ս. Լավրովն այցելելու է Բաքու: Ի՞նչ հարցեր են լինելու նրա այցի օրակարգում, կրկին զենքի մատակարարումնե՞րն են, թե՞ այլ:

– Մոսկվան ցանկություն ունի Բաքվի հետ ոչ միայն ռազմական համագործակցությունը զարգացնել, այլև տնտեսական, և կան բազմաթիվ թեմաներ՝ Կասպից ծովի, էներգակիրների, այս կամ այն շուկաներում գործողությունների համակարգման, և այլն, որոնք ավելի կարևոր են զենքի մատակարարումից: Թուրքիայի հետ ՌԴ-ի հարաբերությունների սրացումը նոր հեռանկարներ է բացել նաև Ադրբեջանի համար, այդ թվում՝ մթերքների փոխարինման հարցում, օրինակ՝ Մոսկվայում ադրբեջանական լոլիկներ են հայտնվել, բայց, իհարկե, կարծում եմ, Լավրովը միայն լոլիկների թեման չէ, որ քննարկելու է:

– Գրեթե նույն ժամանակ՝ ապրիլի 7-ին, նախատեսվում է ՌԴ վարչապետի այցը Հայաստան: Թեև նախկինում արդեն 2 անգամ հայտարարվել է, թե Դ. Մեդվեդևը ժամանելու է Երևան, բայց այդ այցերն այդպես էլ տեղի չեն ունեցել:

– Կարծում եմ՝ այս անգամ կգա: Հավասարության, բալանսի պահպանման քաղաքականության խնդիր կա, որ ՌԴ հարաբերությունները զուգահեռ կառուցվեն 2 պետությունների հետ միաժամանակ, և ոչ մի կողմին ավելի շատ ուշադրություն չդարձվի, որպեսզի մյուսը չվիրավորվի: Բայց նկատի ունեցեք, որ կարգավիճակի առումով՝ վարչապետն ավելի բարձր է, քան՝ ԱԳ նախարարը:

Չի կարելի ասել, որ ՀՀ-ն ուշադրությունից դուրս է մնացել՝ Պուտինն էլ էր ձեզ հյուր եկել: Կարծում եմ՝ մոտ ապագայում Մոսկվա-Երևան և Մոսկվա-Բաքու հարաբերություններում ոչինչ չի փոխվի: Մի կարևոր հանգամանք կա, որ պետք է հիշել՝ Ադրբեջանը պատերազմ չի սկսի, այսինքն՝ Բաքուն պատրաստ չէ ռիսկի գնալու, քանի որ արդյունքն իրականում անկանխատեսելի է: Իսկ եթե մեծ պատերազմի իրական սպառնալիք Կովկասում չկա, ապա և կարիք չկա որևէ բան էապես փոխելու:

– ՀՀ կառավարությունը հույս ունի, որ Մեդվեդևը կհայտարարի ՀՀ մատակարարվող գազի գնի նվազեցման մասին: Եթե դա տեղի ունենա, ապա որոշակիորեն կարող է դառնալ աջակցություն` իշխանությունների համար, հատկապես՝ հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրությունների համատեքստում: Ի՞նչ եք կարծում՝ նախընտրական այլ ի՞նչ դիվիդենտներ կարող են ստանալ ՀՀ իշխանությունները Ռուսաստանից:

– Գազից բացի, կարծում եմ, օրակարգում կարող է լինել ինչ-որ նախագծերի ուղիղ ֆինանսավորումը, թեև ՌԴ-ն գտնվում է դժվարին ֆինանսական իրավիճակում: Հիմնական թեման էներգակիրներն են, ԵՏՄ խնդիրները, ընդհանուր անվտանգությունը, և այլն: Իսկ տնտեսական նախապատվություններն ազդում են նաև քաղաքական դիվիդենտների վրա: Այսօր թե՛ առևտրաշրջանառության, թե՛ ներդրումների մեծացման, թե՛ տնտեսական որևէ զարգացման մասին խոսելը դժվար է: Պետք է փորձել ցուցադրել, որ ՌԴ-ի հետ համագործակցությունը ձեռնտու է ՀՀ-ին, բայց թե որ թեմաներով, դժվարանում եմ ասել: Այսօր ՀՀ-ում տնտեսական սպասումները պայմանավորված են քաղաքական զարգացումներով:

Տեսանյութեր

Լրահոս