
Մարդու իրավունքների խնդիրը խանգարում է Կուբայի հետ բարեկամությանը. Օբամա

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ մարդու իրավունքների ու ժողովրդավարության հարցով տարաձայնությունները դեռևս խոչընդոտներ են Կուբայի ու Միացյալ Նահանգների կապերի ամրապնդման համար:
Օբամայի խոսքով՝ Կուբայի դեմ էմբարգոն մոտենում է իր ավարտին, սակայն դրա վերջնական չեղյալ հայտարարումը կախված կլինի այն բանից, թե որքան արագ կհարթվեն այդ տարաձայնությունները:
«Կուբայի ապագան կարող են ընտրել անձամբ կուբացիները: Միևնույն ժամանակ, ես հստակ հասկացրել եմ, որ ԱՄՆ-ը հանդես կգա հանուն ժողովրդավարության, այդ թվում՝ կուբացիների՝ իրենց ապագան ընտրելու իրավունքի համար»,- ասել է Օբաման:
Միաժամանակ, ԱՄՆ նախագահը նշել է, որ տեսնում է Կուբայի իշխանությունների հաջողությունները կրթության ու առողջապահության ոլորտներում:
Կուբայի ղեկավար Ռաուլ Կաստրոն, իր հերթին, հայտարարել է, որ եթե բլոկադան հանվեր, ապա Վաշինգտոնն ու Հավանան կարող էին ավելի մեծ հաջողություններ գրանցել: Նրա խոսքով՝ վերջին միջոցառումները, որոնք ձեռնարկել է Օբամայի ադմինիստրացիան հարաբերությունները նորմալացնելու համար, եղել են «կարևոր, սակայն անբավարար»:
Կաստրոն նաև խոստացել է Օբամային ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին մինչև հաջորդ առավոտ, եթե նա իրեն տրամադրի քաղբանտարկյալների անուններով ցուցակը:
Հիշեցնենք, որ Օբաման Կուբա է ժամանել մարտի 20-ի երեկոյան: Նա նաև կհանդիպի Կուբայի ձեռնարկությունների ղեկավարների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, ինչպես նաև հանդես կգա տեղի հեռուստատեսությամբ:
Սա ԱՄՆ նախագահի առաջին պաշտոնական այցն է Կուբա վերջին 88 տարում: Ամերիկացի վերջին նախագահը, ով այցելել է Կուբա, եղել է Քալվին Քուլիջը 1928 թվականին: