Բաժիններ՝

Հայ կինոօպերատորի պայքարը հանուն կյանքի. «Ամերիկայի ձայնի» անդրադարձը Վարդան Զիլֆուղարյանի պատմությանը

Վարդան Զիլֆուղարյանը հեռանկարային հայ կինոօպերատոր է, ով աշխատանքային գործունեության վերջին տասը տարիների ընթացքում լուրջ փորձ ու գիտելիքներ է ձեռք բերել Հայաստանում և Ռուսաստանում: Կյանքը, սակայն, նրա համար փորձություններով ճանապարհ էր պատրաստել, որը նա անցնում է` լի վճռականությամբ ու հավատով վաղվա օրվա նկատմամբ:

«Ամերիկայի ձայն»-ը «Երբեք չհանձնվել» խորագրով ռեպորտաժ է պատրաստել, որտեղ ներկայացնում է Վարդանի երկարատև ու դժվար պայքարը մահացու հիվանդության դեմ:

2014 թվականին հերթական նկարահանուման ժամանակ Վարդանի ինքնազգացողությունը վատանում է: Կինոօպերատորը մոտ մեկ ամիս հետազոտություններ է անցնում հիվանդանոցում, արդյունքում ստանալով արյան քաղցկեղ կամ սպիտակարյունություն ախտորոշումը: Զիլֆուղարյանը դժվարանում է նկարագրել իր զգացողությունները, երբ ռուս բժիշկները հայտնեցին նրան, որ ապրելու երկար ժամանակ չի մնացել: Այնուամենայնիվ, Վարդանը թևաթափ չի լինում և որոշում է շարունակել բուժումը Գերմանիայում, որտեղ մասնագետները տալիս են առավել ստույգ ախտորոշում՝ սուր մե ոբլաստիկ լեյկեմիա: Գերմանիայում մեկուկես ամիս ստացած քիմիոթերապիան, սակայն, կինոօպերատորին չի օգնում. բժիշկները նրան տալիս են 2 ամսվա կյանք:

Սակայն պայքարից չհրաժարվող հերոսին ճակատագիրը մեկը մյուսի հետևից նվերներ է անում. Գերմանիայում ծնվում է նրա դուստրը՝ Մարիաննան: Ավելի ուշ Վարդանի քույրը՝ Աննան, պարզում է, որ կարող է դառնալ եղբոր դոնորը և փրկել նրան: Նա եղբոր բուժման համար կազմակերպում է դրամահավաք: Այնուհետև, ԱՄՆ-ի Ազգային առողջության ինստիտուտը Վարդանին ներգրավում է լեյկեմիայի կազդուրման նոր դեղամիջոցների փորձարկման ծրագրում: Ոսկրածուծի փոխպատվաստման մոտ կես միլիոն դոլար արժողությամբ վիրահատությունը արվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

Զիլֆուղարյանը դեռ շարունակում է թանկարժեք բուժումը, բայց, ըստ կինոօպերատորի, կյանքը նրան ևս մեկ հնարավորություն է տվել: Նա բոլորին կոչ է անում երբեք ու ոչ մի դեպքում չհանձնվել և միշտ հույսը սրտում շարունակել պայքարը` հանուն սիրելիների:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս