Հայաստանի իշխանությունները շարունակում են ճնշումները ռուս ներդրողների նկատմամբ. «Կոմերսանտ»
Հայաստանի իշխանությունները շարունակում են ճնշում գործադրել ռուս ներդրողների նկատմամբ: Պարբերականը գրում է, որ «Ինտեր ՌԱՕ»-ին պատկանող «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության նկատմամբ անցած տարի առաջ քաշված սակագնային պահանջներից հետո, որի հետևանքով ռուսական ընկերությունը վաճառեց ակտիվները, ներկայում խնդիրներ են ծագել «Ռուսական երկաթուղային ճանապարհներ» ԲԲԸ-ի մոտ:
Հայաստանի հակամենաշնորհային կարգավորողը համարել է, որ «Ռուսական երկաթուղային ճանապարհներին պատկանող «Հարավկովկասյան երկաթուղին» իրավաչափորեն չի բարձրացնում սակագները՝ ուռճացներով ներդրումային ծրագրերն ու ընտրելով թանկ կապալառուների: Փորձագետները նշում են, որ Հայաստանում ռուսական ընկերությունների ներդրումները զգալի չափով քաղաքականացված են, և հարկ է, որ ընկերությունները չափազանց զգույշ փոխեն սակագնային քաղաքականությունը:
ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը խիստ քննադատության է ենթարկել «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի գործունեությունը (պատկանում է ռուսական «Ռուսական երկաթուղային ճանապարհներ» ԲԲԸ-ին), որը կոնցեսիոն կերպով ղեկավարում է «Հայաստանի երկաթուղային ճանապարհները». գրում է «Կոմերսանտը»: Համաձայնագիրը գործում է 30 տարով՝ ևս 10 տարով երկարաձգման իրավունքով:
Նշվում է, որ Շաբոյանը հայտարարել է, որ 2015 թվականի ապրիլից «Հարավկովկասյան երկաթուղիները» նավթամթերքի տեղափոխման համար սակագինը բարձրացրել է 16%-ով: Հանձնաժողովի կարծիքով՝ սակագների փոփոխությունը կարող է պարունակել շուկայում գերիշխող դիրքի չարաշահման տարրեր:
«Հարավկովկասյան երկաթուղիները» սակագների բարձրացումը բացատրում է նրանով, որ 2015թ. արդյունքով իր վնասը կազմել է 9,3 մլրդ դրամ (19,1 մլն դոլար), սակայն Շաբոյանն ընդգծել է, որ վնասի անալիզը ցույց է տվել, որ այն գոյացել է «գերազանցապես լուրջ ներդրումների իրականացման հաշվին»՝ մոտ 92 մլրդ դրամ (188,7 մլն դոլար), որը նախատեսված է կոնցեսիոն ծրագրի շրջանակում, որոնք «անհրաժեշտ եկամուտ չեն տվել»:
ՏՄՊՊՀ նախագահը հայտարարել է, թե «Հարավկովկասյան երկաթուղիներն» արհեստականորեն է բարձրացնում ծախսերը ներդրումային ծրագրերի շրջանակում, ինչպես նաև խախտում է Պետգնումների մասին օրենքը՝ անցկացնելով կեղծ տենդերներ: ՏՄՊՊՀ-ն արդեն նյութերը փոխանցել է Ռուսաստանի Դաշնային հակամենաշնորհային ծառայությանը, հայտնել է նա:
Ռուսաստանի Դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավար Իգոր Արտեմևը դեռ անցած տարվա աշնանն էր ասել, որ սպասում է հայ կարգավորող մարմնի տեղեկությանը, որպեսզի անցկացնի հետաքննություն, սակայն դժվարացել է օպերատիվ կերպով նշել՝ արդյո՞ք ստացվել են անհրաժեշտ փաստաթղթերը ՏՄՊՊՀ-ից: «Ռուսական երկաթուղային ճանապարհները» հրաժարվել են մեկնաբանություն տալ:
Պարբերականը գրում է, որ ռուսական ընկերության սակագների նման աճից վրդովվելու պատճառով 2015թ. «Ինտեր ՌԱՕ»-ն ստիպված եղավ վաճառել իրեն պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցերը»:
Հոդվածում անդրադարձ է կատարվում նաև Երևանում սակագների հետևանքով առաջացած բողոքի ցույցերին, ինչից հետո ռուսական ընկերությունը որոշեց ազատվել խնդրահարույց ակտիվներից՝ այն վաճառելով Սամվել Կարապետյանի «Տաշիր» խմբի կառույցներին: Գործարքն ավարտվեց 2015թ. հոկտեմբերին:
«Infoline-Անալիտիկայի» ղեկավար Միխաիլ Բուրմիստրովը ենթադրում է, որ Հայաստանի երկաթուղային ցանցի կոնցեսիան «Ռուսական երկաթուղիների» համար եղել է զգալի չափով քաղաքական նախագիծ: Նման նախագծերում կոմերցիոն ռիսկերը շատ մեծ են, ինչպես «Կոմերսանտի» հետ զրույցում ասել է նա, սակայն ընկերությունն իրեն ներկայացրել է՝ որպես ռազմավարական ներդրող, և սակագնային կտրուկ փոփոխությունները, որքան էլ հիմնավորված լինեն, անխուսափելիորեն առաջացնելու էին բացասական արձագանք:
Սակագնի ցանկացած կտրուկ բարձրացում, որը կատարում է օտարերկրյա տնտեսվարող սուբյեկտը, նրա խոսքով, ընկալվում է՝ որպես ճնշում ինքնիշխանության վրա:
Բուրմիստրովի խոսքով՝ այդ հանգամանքին հարկավոր էր ուշադրություն դարձնել սակագներ բարձրացնելիս, իսկ նման հարցերը պետք է լուծել նախապես՝ սերտորեն համագործակցելով տեղի հակամենաշնորհային կարգավորող մարմնի հետ: