«Ռուսաստանն ինչ-որ ծուղակ է պատրաստել». Ստյոպա Սաֆարյան

«Մինչև այժմ Եվրոպայի սխալն այն է եղել, որ իսլամական աշխարհայացքով պետության կառավարումը շփոթել է Եվրոպական պետական կառավարման հետ՝ զուտ քրիստոնեական, զուտ օրինապաշտ, և կարծել է, որ կարելի է այդ երկու ստրուկտուրաներն ինտեգրել կամ նմանացնել: Դա հնարավոր չէ»,- այսպիսի կարծիք ունի Սիրիայում Եվրոպայի միջամտության մասին «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը: Նա հավելում է, որ Ասադն իր երկրում կես միլիոն զոհերի համար պատասխանատուն է. «Կես միլիոն մարդկանց կոտորած է արել, և դա փաստարկված է: Երբ ասում ենք, որ Ասադը կոտորած է արել, դա չի նշանակում, որ ԻԼԻՊ-ը չի արել: Այսինքն՝ այդ երկու միավորներն էլ հավասարապես հանցավոր դերակատարում են ունենում»:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար Ստյոպա Սաֆարյանն էլ հավելեց, որ Սիրիայում շատ բարդ է հրեշտակներ գտնել. «Եթե քաղաքացիական պայքարը վերածվում է քաղաքացիական պատերազմի, երբ ստիպված են անգամ ինքնաձիգը ձեռքին՝ մարդուն տարբերակել՝ չափավո՞ր ընդդիմություն է, թե՞ ծայրահեղական է, բնականաբար, այնտեղ շատ բարդ է գտնել հրեշտակ՝ որևէ առումով: Եվ պատահական չէ, որ սիրիական խնդրի հանգուցալուծման համատեքստում միշտ ուզում են հասկանալ՝ ով է «վատ տղան», և ով է «լավ տղան», ու չեն հասկանում»:

Ըստ նրա՝ Սիրիան դարձել է սև խոռոչ, որը դեպի իրեն է քաշել բոլոր տեսակի ծայրահեղականներին. «Այս կտրվածքով՝ ո՛չ Ասադի իշխանությունն է աղավնյակ եղել, ո՛չ էլ ԻԼԻՊ-ը: Մենք ծայրահեղականներին որևէ մեկի հետ չպետք է համեմատենք, խոսքը դրա մասին չէ, բայց այն, որ եթե, օրինակ, նախկինում Ասադն ու իր իշխանությունը խաղում էին երկրի միասնականացման որոշակի ֆունկցիա, այժմ նրանք դա էլ չեն խաղում: Այսինքն՝ Սիրիան դադարել է միասնականացնող գործոն դիտարկվելուց»:

Անդրադառնալով Ռուսաստանի կողմից զորքերի հիմնական մասի դուրսբերմանը Սիրիայից, նա նշեց, որ Ռուսաստանին չի համարում պատահական քայլեր անող պետություն. «Ես համարում եմ, որ կա ինչ-որ պատրաստված ծուղակ: Անկեղծ ասած, չեմ տեսնում այն անհրաժեշտությունը, որից դրդված՝ պետք է դուրս գար Ռուսաստանը, որովհետև որքան որ անհասկանալի էր նրա մուտքը Սիրիա, նույնքան անհասկանալի է նրա դուրս գալը Սիրիայից: Բայց ես կարծում եմ՝ Ռուսաստանն ինչ-որ հաշվարկներ ունի: Աշխարհի բոլոր վայրերից բոլոր տեսակի զորքերի դուրսբերումներից հետո առաջանում է անվտանգության վակուում: Այստեղ, երբ շատ խոշոր մի դերակատար, ինչպիսին ռուսական ռազմատիեզերական ուժերն էին, եթե դուրս են գալիս Սիրիայից, ապա մի էական դերակատար պակասում է, ու առաջանում է անվտանգության վակուում. ո՞վ է լցնելու դա, թերևս, ամենակարևոր հարցն է, ու դա պետք է մտնի Ռուսաստանի հաշվարկների մեջ»:

Կարդացեք նաև

Նրա կարծիքով՝ այս կտրվածքով դեռևս շատ հետաքրքիր զարգացումների ենք ականատես լինելու: Նա նաև նշեց, որ ռուսական փորձագիտական հանրության կարծիքով՝ այդ անվտանգության վակուումը կփորձեն լցնել Թուրքիան և Սաուդյան Արաբիան. «Դա ավելի լուրջ խնդիրներ է բերում Թուրքիայի համար: Միգուցե հաշվարկը հենց դրանո՞ւմ է թաքնված, որովհետև քրդական հարցն ավելի է ինտենսիվանալու Թուրքիայի ներսում, և Ռուսաստանին այլևս պետք չէ որևէ բան անել, որովհետև Թուրքիան կարող է հայտնվել ինքնախժռման մսաղացի մեջ»:

 

Տեսանյութեր

Լրահոս