Բաժիններ՝

Իրանի շահը Հայաստանում

Հայաստանի իշխանությունները տնտեսական աճի ապահովման առումով մեծ հույսեր են կապում Իրանի հետ, որ ՀՀ-ն՝ որպես ԵՏՄ անդամ, առավել գրավիչ կլինի իրանական գործարարների համար, Իրանն իր բեռները ԵՏՄ կուղարկի Հայաստանի տարածքով, և այլն: 168.am-ը ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ պետք է Իրանը շահագրգիռ լինի՝ որպես տարանցիկ ճանապարհ օգտագործել Հայաստանի տարածքը, երբ հայ-իրանական երկաթուղին դեռ շուտ չի կառուցվի, իսկ ադրբեջանաիրանական երկաթուղու աշխատանքներն արագ տեմպերով ընթանում են:

«Ենթակառուցվածքների առումով կարող է դա առավելություն ունենալ, բայց եթե այդպես մտածեինք, իրենք կարող էին Կասպից ծովով էլ տանել արտադրանքը միանգամից Ռուսաստան, առավել ևս, որ ծովային փոխադրումները շատ ավելի շահավետ են, քան երկաթուղային կամ այլ»,- ասաց Վ.Այվազյանը:

Նա նշեց, որ Հայաստանը ԵՏՄ գոտի է մտնում 0 մաքսատուրքով, Ադրբեջանը՝ ոչ, նրանց համար մաքսատուրքը 30% է: Ըստ Այվազյանի՝ խնդիրը տարանցիկությունը չէ, այլ պետք է ստեղծել հայկական ձեռնարկություններ իրանական գործընկերների հետ և արտադրանքը՝ որպես հայկական ապրանք, ուղարկել ԵՏՄ: Նա հիշեցրեց, որ, օրինակ, բելառուսները եվրոպական արտադրանքը որպես իրենցն ուղարկում էին ՌԴ. «Հիմա նույնը՝ ավելի մեծ մասշտաբով, որպես կոոպերացիա, կարելի է զարգացնել: Իրանում կան տարածքներ, որտեղ սեզոնին 2-3 անգամ են բերք ստանում, իրենք խնդիր ունեն արտահանման, ՌԴ-ն էլ պահանջարկ ունի, և, կարծում եմ, համագործակցությունը շահավետ կլինի»:

Հարցին՝ արդյոք ռուբլու անկայուն փոխարժեքը չի՞ խանգարի, որի պատճառով հայկական ապրանքներն արդեն անմրցունակ են դարձել ՌԴ-ում, և մեր արտահանումը զգալի կրճատվել էր, Վ.Այվազյանը նշեց, որ դրամի արժեզրկումը շարունակվում է, այժմ ՀՀ խնդիրը միայն տրասֆերտների հետ է կապված: Իսկ ապրանքների մրցունակության բարձրացման համար, ըստ նրա, հարկավոր է տեխնոլոգիական առաջընթաց. «Պետք է իջեցնենք ինքնարժեքը, և կարողանանք մրցունակ լինել: Վաղը-մյուս օրը, եթե իրանական ապրանքն էստեղ մեծ ծավալով մտնի, մենք նույնպես խնդիրներ կունենանք՝ տեղական արտադրության հետ կապված: Իսկ ինքնարժեքը բաղկացած է նյութածախսից, կատարված ծախսերից և հարկերից ու տուրքերից: Նշանակում է՝ պետք է կոմպլեքս նայենք: Արտահանման բոլոր ճյուղերի նկատմամբ պետք է որոշակի աջակցություն լինի, իսկ աջակցության բազում ձևեր կան՝ սկսած հարկային արտոնություններ, ֆինանսական, սուբվենցիաներ և այլն»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս