
«Քանի որ մեր ժողովուրդը կրկես սիրող ազգ է, այդ թվում՝ նաև քաղաքական կրկես, մենք շուտով կունենաք նորագույն ժամանակներին համահունչ շքեղ, մոդեռնիզացված կրկես»

Այսօր «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրը «Երևանյան կրկես» մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանն էր, ով լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց վերանորոգման փուլում գտնվող կրկեսի մասին: «Ես, իհարկե, ձեզանից շատ եմ շտապում՝ շուտով վերաբացված տեսնել հայկական կրկեսը, և կարծում եմ և լիահույս եմ, որ արդեն եկող տարի՝ 2017թ. աշնանը, մենք կունենանք բոլորովին նոր ու շքեղ կրկես: Ես արդեն գրել եմ բացման արարողության սցենարը»,- ոգևորությամբ տեղեկացրեց Սոս Պետրոսյանը:
Անդրադառնալով նոր կրկեսի տեխնիկական հնարավորություններին և շենքային պայմաններին, նա նախընտրեց պատասխանել՝ հետհայացք նետելով. «Մենք ունեինք մի կրկես, որտեղ ձմռանն ավելի ցուրտ էր, քան դրսում, և ամռանն ավելի շոգ, քան նույն դրսում, յոլա ենք գնացել, բայց կրկեսը մի օր անգամ չի կանգնել: Չէ՞ որ մենք էլ մարդ ենք և ուզում էինք մենք էլ մարդանման հնարավորություններ ունենայինք: Մինչև հիմա պետությունից մենք մի լումա չենք ստացել, որով կխախուսվեր մեր երկրում կրկեսային արվեստի զարգացումը, և ես սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ: Նույնիսկ կրկեսը դարձավ միակ արվեստի օջախը, որ դուրս մնաց «Լինսի» հիմնադրամի միջոցներով վերանորոգվելու հնարավորությունից: Դե ուրեմն, հիմա ես ուզում եմ բարձրաձայն ասել՝ լավ կրկես կառուցելու համար ես իմ շնորհակալությունն եմ հայտնում «Տաշիր Գրուպին», որովհետև այդ մարդիկ կրկես են նվիրում մեր հանրապետությանը: Մեկ-մեկ ասում են, որ սա ռեկլամ է, բայց ես այդպես չեմ գտնում՝ այն պարզ պատճառով, որ մարդիկ լավ հասկանալով այն, որ կրկեսը բիզնեսի դաշտ չունի, երկրին կրկես են նվիրում: Շնորհակալություն նրանց»:
Նոր կրկեսը հագեցված կլինի ժամանակակից բոլոր պայմաններով, ընդհուպ՝ մինչև պատրաստ հանդիսատեսին պարգևելու կրկեսային օդային տեսարաններ, կրկես սառույցի և ջրի վրա, գիշատիչ կենդանիներով հագեցած ատրակցիոններ, և այլն. «Քանի որ մեր ժողովուրդը կրկես սիրող ազգ է, այդ թվում՝ նաև քաղաքական կրկես, ես հայտարարում եմ, որ մենք շուտով կունենանք նորագույն ժամանակներին համահունչ, շքեղ, մոդեռնիզացված կրկես: Կրկեսը կունենա 8 հարկ, երկուսը՝ ստորգետնյա հարկեր: Ամենայն հավանականությամբ, նորացված կրկեսի տոմսի գների մասին ես խոսել եմ «Տաշիր Գրուպի» ղեկավարության հետ և հասկացել, որ նրանք ոչ մի մտադրություն չունեն փոխելու գները: Կարծում եմ, կարվի ամեն ինչ, որպեսզի գները հարմարեցվեն հանդիսատեսի գրպանին: Կրկեսի արտաքին տեսքը կհամապատասխանի միջազգային ստանդարտներին, այն է՝ կլոր արտաքին տեսքով՝ 13 քմ ներքին տարածքով: Նախկին 1563 նստատեղերի փոխարեն՝ կլինի 2500-ը»:
Սոս Պետրոսյանը տեղեկացրեց, որ Կրկեսի վերաբացումից հետո նախատեսվում է անցկացնել կրկեսային փառատոներ, որոնցից մեկը նվիրված կլինի Լեոնիդ Ենգիբարյանի հիշատակին. «Ես շատ էի ցանկանում, որ մենք կրկեսային լիցենզավորված փառատոն ունենայինք, և ահա արդեն ստացել ենք ծանուցող նամակը, որով հաստատվում է կրկեսային արվեստի լիցենզավորված փառատոն ունենալու՝ մեր երազանքը: Վերանորոգված դահլիճում հնարավոր կլինի անցկացնել նաև սպորտային միջոցառումներ, մասսայական ներկայացումներ, շոու ծրագրեր»:
Անդրադառնալով կրկեսի վերաբացման սպասված օրվան, «Երևանյան կրկես» մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանն ընդգծեց. «Մենք վերջերս ստեղծեցինք Միջազգային հայկական կրկեսային միություն, որի անդամների թիվը գերազանցում է 3000-ը՝ աշխարհով մեկ սփռված հայ կրկեսային գործիչները, ովքեր բոլորն ուզում են անպայման ներկա գտնվել կրկեսի վերաբացման հանդիսավոր արարողությանը: Ի՞նչ անեմ ես՝ պատկերացնո՞ւմ եք՝ հրավիրենք 3000 դերասանների, ի՞նչ կլինի: Եվ մենք իսկապես էլ պլանավորել ենք, որ այդ միության շրջանակներում ընդգրկված բոլոր հայերը ներկա կլինեն և կմասնակցեն կրկեսի վերաբացմանը: Ես շատ կցանկանայի, որ այդ օրն այստեղ լինեին հայտնի կրկեսային գործիչներ Արթուր, Կարինե Բաղդասարովները, որովհետև բացի իրենց կարևոր ներկայությունից, նրանք իրենց հետ կբերեին գիշատիչների իրենց շատ հայտնի ու հարուստ ատրակցիոնը»: