«Ինչ եք կարծում, այս պայմաններում ո՞ր կողմին պետք է սատարեր Հայաստանը». Սերգեյ Մինասյան

«Հայաստանը հանդիսանում է Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը, Հայաստանում գտնվում է ռուսական ռազմակայանը և Հայաստանն ունի, մեղմ ասած՝ ոչ այնքան լավ հարաբերություններ Թուրքիայի հետ, և մենք գիտենք, որ ռուս-թուրքական ճգնաժամը հանդիսանում է սիրիական ճգնաժամի ածանցյալը. ի՞նչ եք կարծում, այս պայմաններում ո՞ր կողմին պետք է սատարեր Հայաստանը»,- 168.am-ի հետ զրույցում Պուտին-Սարգսյան հանդիպման ժամանակ սիրիական կոնֆլիկտի մասով Սերժ Սարգսյանի արած հայտարարությունն այսպես մեկնաբանեց Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների դեպարտամենտի ղեկավար, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը նշել էր. «Եվս մեկ անգամ հայտարարում եմ, որ մենք պաշտպանում ենք Ռուսաստանի դիրքորոշումը Սիրիայի ճգնաժամի հարցում: Մենք ողջունում ենք մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ Միացյալ Նահանգների հետ պայմանավորվածությունը և խնդիրը քաղաքական ճանապարհով լուծելու հավատարմությունը»:

Ս. Մինասյանը հիշեցրեց, որ 2015թ. նոյեմբերին ռուսական ռազմական Су-24 ինքնաթիռի խոցումից հետո Սերժ Սարգսյանն ու այլ հայ բարձրաստիճան ռազմաքաղաքական ղեկավարության անդամներ ի սկզբանե արել են հայտարարություն, որտեղ սատարում էին Ռուսաստանի դիրքորոշումն այս իրավիճակում. «Դա եղել է ռուս-թուրքական ճգնաժամի առաջին օրվանից, այսինքն՝ նոյեմբերի վերջից, և ոչ մի նոր բան տեղի չի ունեցել՝ բացառությամբ այն հայտարարության, որ Հայաստանը սատարում է Ռուսաստանի և Միացյալ նահանգների կողմից հրադադարի ռեժիմի ստեղծման գործընթացը, բայց դա էլ նոր չէ, որովհետև ՀՀ ԱԳՆ-ն արդեն իսկ մարտի սկզբներին հայտարարություն էր արել այդ հարցի շուրջ»:

168.am-ը փորձագետին խնդրեց մեկնաբանել նաև Պուտինի հայտարարությունը, թե Հայաստանն այս տարի ՀԱՊԿ նախագահող երկիր է ու հենց այդ կազմակերպությունն է պատասխանատու անվտանգության հարցերի, ահաբեկչության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի համար, «նրա համար, որպեսզի մեր սահմաններում ամեն ինչ հանգիստ լինի»:

Կարդացեք նաև

Ս. Մինասյանը նշեց, որ ՀԱՊԿ-ն հանդիսանում է ռազմաքաղաքական կառույց, որը որոշ հետխորհրդային երկրների է միավորում, բնականաբար, պետք է այդ գործում իր դերը խաղա. «Այլ բան է, թե ինչքանով է էֆեկտիվ ու ինչքանով են համապատասխանում, ասենք, Հայաստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի անվտանգային մոտեցումներին, բայց, համենայնդեպս, ֆորմալ ձևով իսկապես ռազմաքաղաքական առումով հետխորհրդային տարածքում ՀԱՊԿ-ն է պատասխանատու, և քանի որ այս պահին Հայաստանն է ՀԱՊԿ նախագահող երկիրը, բնականաբար, Հայաստանի նախագահին պետք է դա ուղղված լիներ»:

Տեսանյութեր

Լրահոս