«Դե առ մեռի, քո տիրու հերն անիծած». 75-ամյա տղամարդը մեղավոր է ճանաչվել կացնով որդուն սպանելու և ավտոտնակի դիտահորի փոսում թաղելու մեջ
Շենգավթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ 75-ամյա տղամարդը մեղավոր է ճանաչվել որդու սպանության մեջ: Դատարանի վճռով՝ նրա նկատմամբ որպես պատիժ է նշանակվել 12 տարվա ազատազրկումը:
75-ամյա տղամարդուն նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, այն բանի համար, որ նա` 2015թ. հունվարի 25-ին, ժամը 17:00-ի սահմաններում, իրեն պատկանող ավտոտնակում, տանիքը վերանորոգելու հարցի շուրջ վիճաբանել է որդու հետ, որի ընթացքում նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ավտոտնակից վերցնելով կացինը` դրա սուր և բութ հատվածներով բազմակի հարվածներ է հասցրել որդու գլխին և կյանքի հետ անհամատեղի մարմնական վնասվածք պատճառելով` սպանել է նրան:
Ինչ է հաստատված համարել դատարանը
Դատաքննությամբ դատարանը հաստատված է համարել, որ ամբաստանյալը կնոջ, հանգուցյալ որդու և նրա ընտանիքի հետ բնակվել է նույն բնակարանում: Կենցաղային տարբեր հարցերի հետևանքով որդու և ծնողների փոխհարաբերությունները լարված են եղել, և նրանք հաճախ վիճաբանել են միմյանց հետ, ինչի պատճառով, բնակվելով նույն բնակարանում` վարել են առանձին տնտեսություն: Վիճաբանություններն ուղեկցվել են երկկողմանի վիրավորանքներով և հայհոյանքներով: Հայրը որդուն հայտնել է, որ իր ավտոտնակի կտուրի հետ կապված խնդրի պատճառով անձրևաջրերը լցվում են նույն ավտոտնակում առկա դիտահորի վերջնամասում փորված փոսը, և խնդրել է միասին վերանորոգել ավտոտնակի տանիքը: Դեպքի օրը տանիքը վերանորոգելու նպատակով հայր և որդի միասին գնացել են ավտոտնակ, որտեղ նրանց միջև դարձյալ վիճաբանություն է առաջացել, և երբ ջրի առկայությունը ստուգելու նպատակով որդին կռացել է դեպի դիտահորը, հայրն ավտոտնակից վերցնելով կացինը՝ դրա սուր և բութ հատվածներով հարվածներ է հասցրել որդու գլխին և սպանել նրան, որից հետո որդու դին թաղել է ավտոտնակում գտնվող դիտահորի վերջնամասում առկա փոսում:
Ինչ ցուցմունք են տվել վկաները
Սպանվածի կինը, ով որպես վկա է հարցաքննվել, նաև ճանաչված է եղել տուժողի իրավահաջորդ, ցուցմունք է տվել այն մասին, որ դեռևս 2 տարի առաջ ամուսնու և նրա ծնողների միջև վիճաբանություն է ծագել այն պատճառով, որ իրենք ցանկացել են ինքնուրույն ապրել և որոշումներ կայացնել, բայց դա դուր չի եկել ամուսնու ծնողներին, հատկապես՝ ամուսնու հորը, քանի որ նա ցանկացել է միշտ իշխողի դերում լինել: Նրանք սկսել են չշփվել միմյանց հետ: Ամուսնու ծնողներն անեծքներ են տվել իրենց հասցեին: Ամուսինն անընդհատ խնդրել է ծնողներին՝ իրենց չանիծել: Վեճեր ու փոխադարձ հայհոյանքներ մշտապես եղել են, սակայն ամուսինը երբևէ հոր վրա ձեռք չի բարձրացրել, քանի որ սիրել և հարգել է նրան: Իրենք վարել են առանձին տնտեսություն: Ինքը չի խառնվել այդ վիճաբանություններին, բայց միշտ ամուսնուն զսպել և ասել է, որ ուշադրություն չդարձնի նրանց ասածներին:
Դեպքի օրն ինքն աշխատանքից վերադարձել է տուն, մի պահ սենյակի դռան արանքից նկատել է, որ տուն է մտել ամուսնու հայրը և վերցնելով խոհանոցի սեղանին դրված ջրով լի երկու շշերը` կրկին դուրս է եկել և վերադարձել է շուրջ 15-20 րոպե անց: Նույն օրն ամուսնու հայրը կնոջ հետ գտնվել է խոհանոցում և տեսնելով իրեն` առաջարկել է իրենց հետ մեկ բաժակ օղի խմել և մի կտոր հաց ուտել, միաժամանակ ասել է, որ որդին ուշ է գալու, քանի որ ՌԴ-ի ընկերներն են եկել ու տարել նրան: Նրա առաջարկն իրեն տարօրինակ է թվացել, քանի որ նախկինում երբեք նման բան չի եղել:
Ժամը 00:00-ից մինչև ժամը 03:30-ի սահմանները զանգահարել է ամուսնուն, սակայն չի կարողացել նրա հետ կապ հաստատել: Հաջորդ օրը դիմել են Ոստիկանություն: Որդու հայրն անընդհատ զանգահարել և հարցրել է՝ «խաբար չկա՞»: Ինքն էլ պատասխանել է, որ նորություն լինելու դեպքում՝ կտեղեկացնի: Երբ հայտնել են, որ պատրաստվում են ամուսնուն 02 հաղորդաշարով ցուցադրել, նրա հայրը դեմ է արտահայտվել՝ ասելով, որ դա կարող է հանցագործներին զգուշացնել, և նրանք հետքերը կկորցնեն: Այդ օրը Ոստիկանության աշխատակիցների հետ իջել է ավտոտնակ, սակայն իրեն թույլ չեն տվել այդտեղ երկար մնալ, և ինքը հասկացել է, որ ամուսնուն սպանել են: Միանշանակ համոզված է, որ ամուսնուն սպանել է հայրը, և դա եղել է պլանավորված սպանություն: Դեռևս 2014թ.-ին ամուսնու հայրը մեքենա է բերել, ավտոտնակի կողքի հատվածի հողը փխրեցնել է տվել և լցրել դիտահորի մեջ:
Վկաներից մեկը նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ սպանվածը մշտապես ասել է, որ ծնողների, հատկապես՝ մոր հետ գտնվում է վատ փոխհարաբերությունների մեջ, սակայն պատճառը չի ասել: Դեպքի օրը սպանվածը գնացել է իր ավտոկայանման կետ, ունեցել է նորմալ տրամադրություն և ասել է, որ իրենց ավտոտնակում գործ ունի անելու: Հաջորդ օրն իրեն է զանգահարել սպանվածի խնամին և հայտնել, որ նա գիշերը տուն չի գնացել: Ինքը գնացել է նրանց բակ, հարցուփորձ արել բնակիչներին, որոնցից մեկն ասել է, որ տուժողին տեսել է ավտոտնակի դիմաց կանգնած՝ հոր հետ խոսելիս: Երբ նայել է ավտոտնակի դռան արանքից՝ նկատել է, որ ներսում մարդ կա, թակել է դուռը, որը բացել է ամբաստանյալը: Վերջինս եղել է քրտնած, գունատ և փոշոտ վիճակում: Նա այնպես է արել, որ իրենք ավտոտնակ չմտնեն: Իր այն հարցին, թե որտե՞ղ է որդին, պատասխանել է, որ նախորդ օրը սև գույնի ավտոմեքենա է կանգնել բակում, երեք-չորս հոգի ռուսերեն լեզվով խոսելով՝ նրան նստեցրել են մեքենան և տարել: Այդ պահվածքը կասկած է առաջացրել իր մեջ, և ինքը տուժողի կնոջից խնդրել է ավտոտնակի բանալին, մտել և շրջել է ավտոտնակում, սակայն կասկածելի ոչինչ չի նկատել: Համոզված է, որ տուժողին սպանել հայրը և դա կատարել է նախապես պլանավորված ձևով:
Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ սպանվածի մահը վրա է հասել կյանքի հետ անհամատեղելի գանգուղեղային բազմակի բաց բութ և կոտրած վնասվածքներ ստանալու հետևանքով:
Ամբուլատոր դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացության համաձայն՝ամբաստանյալը որևէ հոգեկան հիվանդությամբ չի տառապել և ներկայումս նույնպես չի տառապում, այլ հանդիսանում է հոգեպես առողջ անձ: Որպես հոգեկան հիվանդությամբ չտառապող անձնավորություն՝ փորձաքննվողն ինչպես՝ իրեն մեղսագրվող արարքը կատարելու պահին, այնպես էլ՝ ներկայումս կարող էր և կարող է հաշիվ տալ իրեն իր գործողությունների համար և ղեկավարել դրանք, ուստի նրան հարկ է կատարվածի նկատմամբ ճանաչել մեղսունակ: Համաձայն դատահոգեբանական մասի՝
իրեն մեղսագրվող արարքը կատարելիս տղամարդը ֆիզիոլոգիական կամ կումուլյատիվ աֆեկտի վիճակում չի գտնվել, նա գտնվել է հոգեկան լարված վիճակում, նրան բնորոշ չեն այնպիսի անհատական հոգեբանական առանձնահատկություններ, որոնք կարող էին հետազոտվող իրավիճակում էականորեն ազդել նրա վարքի վրա կամ պայմանավորել հակաիրավական գործողությունները: Նրա դրդապատճառային ոլորտին բնորոշ չեն այնպիսի առանձնահատկություններ, որոնք ուղղակիորեն կապված են քրեական գործի հանգամանքների հետ: Նրա գործողությունները հետազոտվող իրավիճակում առավելապես պայմանավորված են եղել լարված հոգեվիճակով:
Փորձագետը ցուցմունք է տվել այն մասին, որ ամբաստանյալի մոտ առկա հոգեկան լարված վիճակը վերջինիս ամբողջությամբ չի զրկել իր գործողությունները հասկանալու և ղեկավարելու ունակությունից: Նրա մոտ չի դրսևորվել ֆիզիոլոգիական կամ կումուլյատիվ աֆեկտի պարտադիր պայման հանդիսացող երրորդ փուլը, որի պայմաններում գերակշռում է ասթենիկ վիճակը, թուլությունը: Անհատական հոգեբանական առանձնահատկությունները ոչ թե հոգեվիճակներ են, այլ անձնային առանձնահատկություններ, որոնք տարբեր հասկացողություններ են: Լարված հոգեվիճակի առկայության պայմաններում անձի գործողությունների գիտակցվածության պահպանվածության չափ տոկոսային սանդղակով սահմանել հնարավոր չէ:
Ինչ ցուցմունք է տվել ամբաստանյալը
Ըստ դատական ակտի՝ նախաքննության ընթացքում ամբաստանյալն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունքներ է տվել այն մասին, որ սկզբնական շրջանում` որդու ամուսնանալուց հետո, իր և որդու հարաբերությունները եղել են նորմալ: Շուրջ 8 տարի առաջ որդին արտագնա աշխատանքի է մեկնել Ռուսաստանի Դաշնություն, իսկ նրա ընտանիքը բնակվել է իր և կնոջ հետ: Որդին ՌԴ-ից պարբերաբար գումարներ է ուղարկել: Եղել է, որ տարվա մեջ մեկ անգամ աշնանը վերադարձել է ՀՀ և մի քանի ամիս անց կրկին մեկնել է: Շուրջ 8-10 տարի առաջ որդին սկսել է իր և կնոջ նկատմամբ ցուցաբերել անհարգալից վերաբերմունք, չի սիրել իրենց, հայհոյել է ամեն չնչին առիթով, նույնիսկ եղել է ժամանակ, երբ փորձել է իր նկատմամբ բռնություն գործադրել, սակայն ինքը կարողացել է դիմադրել, բայց երբեք նա իրեն չի հարվածել: Նա այդպիսի վերաբերմունք է դրսևորել միայն իր և կնոջ նկատմամբ, իսկ ընտանիքի մյուս անդամներին միշտ շատ լավ է վերաբերվել:
Շուրջ 2 տարի առաջ որդին վերադարձել է ՌԴ-ից և բնակվել է իրենց հետ, իսկ իր և կնոջ հանդեպ նրա բացասական վերաբերմունքն ավելի է ուժգնացել, ինչի պատճառով՝ բնակվելով նույն տանը՝ վարել են առանձին տնտեսություն: Իրենց շենքի դիմաց գտնվող, իրեն պատկանող ավտոտնակի տանիքի ջուրը միշտ լցվել է դիտահորի վերջնամասում կարտոֆիլ պահելու համար փորված փոսի մեջ: Նշված ավտոտնակը վարձակալությամբ հանձնել է իրենց հարևանին: Դեպքի օրը գտնվել է տանը և որդուն հայտնել, որ ավտոտնակի պատը թրջվում է, պետք է դրա ջրատարը վերանորոգեն: Որդին պատասխանել է, որ աշխատանքից վերադառնալուց հետո կնայեն: Ժամը 17:00-ի սահմաններում որդին զանգահարել է իրեն և ասել, որ իջնի ներքև` ավտոտնակը նայելու նպատակով: Ինքն իջել է, ավտոտնակի դուռը բացել, բայց որդին դեռ եկած չի եղել: Երբ որդին մտել է ավտոտնակ՝ ասել է՝ տղա ջան, արի ավտոտնակի ծածկի ջրատարի հարցը լուծենք, որ ջուր չլցվի, սակայն որդին պատասխանել է, թե՝ «այ տականք, ինչ ես հորինել, փողը դու ես ուտում, ուզում ես ինձ տանջես»: Ինքն ասել է, որ այդ գումարները ծախսվում են իր մոր դեղերի վրա, և այդպես իրենց մեջ վիճաբանություն է սկսվել:
Որդին սկսել է հայհոյել իրեն, գոռգոռացել է` ասելով՝ «կթաղեմ քեզ յամկի մեջ»: Այդ ժամանակ երկուսով գտնվել են ավտոտնակի վերջնամասում: Այնուհետև վերցրել է լապտերը, կքանստել դիտահորի վերջնամասում և, կռանալով դեպի նույն դիտահորի մեջ գտնվող փոսը, լապտերի լույսը գցելով փոսի մեջ` իրեն հայհոյելով՝ ասել է՝ «ո՞ւր է էս փոսի մեջ ջուր»: Որդու վերաբերմունքից կորցնելով ինքնատիրապետումը` անկախ իրենից վերցրել է ավտոտնակի վերջնամասում երկաթյա տաղավարի վրա դրված կացինը կամ մուրճը և հարվածել որդու գլխին` ասելով՝ «դե առ մեռի, քո տիրու հերն անիծած»: Հարվածի պահին որդին իրեն մեջքով է եղել, կռացած դիտահորի վերջնամասում՝ փոսին նայելիս: Չի հիշում, թե քանի անգամ է հարվածել, սակայն մեկ հարվածը հստակ հիշում է: Հարվածից հետո որդին բերանքսիվայր մինչև գոտկատեղն ընկել է դիտահորի մեջ, իսկ ոտքն ընկել է կայանած մեքենայի անիվի արանքը: Հանել է որդու ոտքն անիվի արանքից, և նա ընկել է դիտահորի վերջնամսում փորված փոսի մեջ: Կիսով չափ ընկած վիճակում խռխռացել է և մահացել: Մոտ 1.5 ժամ ինքը մնացել է ավտոտնակում, լաց է եղել, ծխել, և այդ ընթացքում հավաքելով իրեն` դուրս է եկել ավտոտնակից և գնացել է տուն: Հարվածելուց հետո կացինը կամ մուրճը գցել է ավտոտնակում դրված աթոռի տակ, շորով, ձեռնոցներով մաքրել է դիտահորի եզրային հատվածում թափված արյունը, հողը, այդ արյունոտ շորերը, հողը լցրել է պոլիէթիլենային տոպրակի մեջ և դրել ավտոտնակի մուտքի ձախ հատվածում: Ավտոտնակում եղած առանց բռնակի դանակով դիտահորից դուրս գալուց հետո մաքրել է կոշիկների վրա եղած հողը:
Հաջորդ օրն իջել է ավտոտնակ, հագել ավտոտնակում եղած՝ իրեն պատկանող կիսաճտքավոր կոշիկները, դիտահորի վրայի 1 կամ 2 տախտակները հանել է, իջել դիտահորի մեջ, մոտ 1 տարի առաջ փոսը փակելու համար լցված հողը լցրել է փոսի մեջ ընկած որդու վրա, դուրս է եկել դիտահորից և գնացել տուն: 2015թ. հունվարի 26-ի առավոտյան հարսը սկսել է անհանգստանալ, որ ամուսինը գիշերը տուն չի եկել: Նա զանգահարել է իր բարեկամներին, որոնք եկել են իրենց տուն և փորձել օգնել` գտնելու որդուն, որից հետո որոշել են դիմել Ոստիկանություն: Ոստիկանությունը սկսել է փնտրել որդուն, եկել են ավտոտնակ, հայտնաբերել արյան հետքեր: Չի կարողացել կատարածը կուլ տալ և Ոստիկանության Շենգավիթի բաժնում խոստովանել է, որ որդուն ինքն է սպանել:
Ըստ դատական ակտի՝ այնուհետև ամբաստանյալը ցուցմունք է տվել այն մասին, որ դեպքի օրը որդին մտել է ավտոտնակ, դուռը ծածկել է և սկսել հայհոյանքներ հնչեցնել իր հասցեին: Որպես ծնող՝ մեծ ցավ է զգացել, թե ի՞նչ է արել որդուն, որ այդպիսի վերաբերմունք է դրսևորում: Նա սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել իր, իր մահացած ծնողների հասցեին: Զգացել է, որ այդ ամենից լավ բան չի սպասվում, առաջարկել է դուրս գալ ավտոտնակից, ասել է, որ թողնի-գնա այդտեղից: Ավտոտնակի վերջնամասում դիտահորի ձախակողմյան հատվածում որդին հետևից գրկել է իրեն, ձեռքով փակել է քիթն ու բերանը, մյուս ձեռքով բռնել է ձեռքերը, և ինքն արդեն գրեթե ուժասպառ է եղել: Այդ ժամանակ կորցնելով ինքնատիրապետումը` միանգամից ազատվել է նրա ճանկերից և ձեռքի տակ ընկած մուրճի կամ կացնի երկաթային մասով ակնթարթորեն հարվածել է որդու գլխին: Չի հիշում, թե կոնկրետ քանի անգամ, բայց մեկ անգամ հարվածելը հիշում է: Միայն հիշում է, որ նրանից ազատվելուց հետո որդին ընկել է դիտահորի փոսի մեջ: Հասկացել է, որ որդին մահացել է, ուշագնաց է եղել, շուրջ 6-7 ժամ ուշագնաց վիճակում մնացել է դիտահորում: Ուշքի գալով՝ դուրս է եկել դիտահորից, նստել ավտոտնակում, լաց եղել, ծխել է և արդեն ժամը 02:30-ի սահմաններում գնացել է տուն: Տան անդամները քնած են եղել, միայն որդու կնոջ սենյակի լույսն է վառվելիս եղել: Անհանգիստ է եղել՝ կատարվածի հետ կապված, և շրջել է ամբողջ տնով: Ինքը որդուն դիտավորյալ չի սպանել, չի գիտակցել, թե ինչպես է դա կատարվել: Նույն օրն է թաղել որդուն:
Ըստ դատական ակտի՝ դատարանում ամբաստանյալն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և դատարանին հայտնել է, որ նախաքննության ընթացքում չի գիտակցել, թե ինչ ցուցմունք է գրվել, ակնոցներն իր մոտ չլինելու պատճառով՝ չի կարողացել դրանք կարդալ, իսկ քննիչն էլ չի կարդացել: Ամիսներ շարունակ որդուն խնդրել է օգնել իրեն ավտոտնակի տանիքի ջրատարը վերանորոգելու հարցում, քանի որ անձրևաջրերը թրջել են ավտոտնակի պատը, և ջուրը լցվել է դիտահորի վերջնամասում կարտոֆիլ պահելու համար փորված փոսի մեջ: 2015թ. հունվարի 25-ին որդին զանգահարել և ասել է, որ իջնի ավտոտնակ՝ անձրևաջրի հարցը լուծելու համար: Ինքն իջել է բակ և տեսել որդուն հարևանի տղայի հետ խոսելիս: Բացել է ավտոտնակի դուռը և մտել ներս, իսկ քիչ անց եկել է նաև որդին, նա գտնվել է բորբոքված վիճակում և իրենից գումար է պահանջել: Ինքն ասել է, որ գումար չունի, նրա ուղարկած գումարներով ընտանիքն ապրել է, բնակարանն են վերանորոգել, սակայն որդին հայհոյանքներ հնչեցնելով և պղծելով իր հանգուցյալ հոր գերեզմանը՝ մեղադրել է իրեն թալանելու համար: Հանկարծ որդին փաթաթվել է իր վզին, պահանջել 5.000 դոլար՝ ասելով, որ գտնվում է վատ վիճակում, իրեն վտանգ է սպառնում, ինքը պետք է ժամանակավորապես հեռանա քաղաքից, հակառակ դեպքում՝ վաղը ուշ կլինի:
Այդ ժամանակ ավտոտնակ են մտել երեք անձնավորություն, երկուսը՝ մոտ 50, երրորդը՝ 20-30 տարեկան: Նրանք որդուց պահանջել են ավտոտնակի բանալին: Որդին ասել է, որ բանալին իր մոտ չէ: Այդ ժամանակ այդ անձանցից երիտասարդը ձեռքը մտցրել և իր գրպանից հանել է բանալին: Ինքը բղավել և օգնություն է կանչել: Այդ անձինք փակել են իր բերանը և հարվածել իր քունքին: Հարվածից ուշագնաց է եղել, իսկ երբ ուշքի է եկել՝ ավտոտնակում ոչ ոք չի եղել: Քանի որ մութ է եղել՝ մի կերպ ոտքի է կանգնել, սակայն գլխապտույտ է ունեցել, նորից վայր է ընկել և մի կերպ ծնկաչոք մոտեցել և վառել է լույսը: Այնուհետև լվացվել է, պատերից բռնվելով՝ չի հիշում, թե ինչպես է տուն հասել, պառկել և քնել է: Տպավորությունն այնպիսին է եղել, որ իր որդին է իրեն հարվածել: Առավոտյան հարսն ասել է, որ ամուսինը գիշերը տուն չի եկել: Բազմիցս զանգահարել է որդուն, սակայն պատասխան չի ստացել: Այնուհետև եկել էն Ոստիկանության աշխատակիցները և ասել՝ «սրիկա բիձա, էս ի՞նչ ես արել, տղուդ սպանել թաղել ես»:
Դեռևս առավոտյան ինքը պատուհանից տեսել է, թե ինչպես են երեք հոգի ողջագուրվում որդու հետ: Ավտոտնակում այդ երեքը հայհոյել են, իսկ որդին չի դիմադրել, նա միայն ծնկաչոք բռնել է գլուխը և ասել՝ «Աստված»: Այդ անձինք հայեր են եղել, սակայն՝ ոչ տեղացիներ, նրանք խոսել են նաև ռուսերեն լեզվով: Նրանցից մեկն ասել է՝ «չորս տարի ավել ես ապրել, գիտես՝ պետք է մարսեի՞ր, եկել եմ վրեժիս հետևից»: Ինքը որևէ մեկին չի ասել, որ հարված է ստացել, ամենաքիչը հինգ ամիս հիշողության կորուստ է ունեցել: Միայն Ոստիկանությունում է իմացել, որ որդին սպանված է: Եթե նման ստորություն արած լիներ՝ հետքերը կվերացներ, իսկ տոպրակը կգցեր աղբանոցը: Նախաքննության ընթացքում ասել է, որ ինքն է սպանել, քանի որ ուղեղը չի աշխատել, իսկ հիշողությունը վերականգնվել է այն ժամանակ, երբ քննիչն ու պաշտպանը գնացել են իր մոտ, և գործն արդեն «փակվում էր»:
Դատարանի վերլուծությունը
Վերլուծելով ամբաստանյալի նախաքննական և դատաքննական ցուցմունքները, համադրելով դրանք քրեական գործի դատական քննությամբ ձեռք բերված և հետազոտված ապացույցների հետ՝ դատարանը գտել է, որ ամբաստանյալի ցուցմունքները` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք չկատարելու մասով, իրականությանը չեն համապատասխանում, քրեական պատասխանատվությունից և պատժից խուսափելու նպատակ են հետապնդում և հերքվում են վերոհիշյալ ապացույցներով:
Վերլուծելով ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը, նրա ցուցմունքները և գործով ձեռք բերված ապացույցները` դատարանը գտել է, որ ամբաստանյալի կողմից սպանություն կատարելն ապացուցված է, նրա արարքը ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին: Դատարանը հաշվի է առել հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, հանցավորի անձը, նրա տարիքը, այն, որ նա նախկինում դատված չի եղել: Ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներ դատարանը չի արձանագրել: