Արդյոք քրեական գործ կհարուցվի
Հայաստանում 30 օր անազատության մեջ գտնված, ապա ազատ արձակված բահրեյնցի ակտիվիստ Ռադհի Ֆադհել Աբբաս Ահմեդ Ալիի փաստաբանը ստացել է իրավապահ մարմիններին ուղարկված դիմումների պատասխանը:
Հիշեցնենք, որ Ռադհին հետախուզման մեջ էր գտնվում Բահրեյնի Թագավորության իրավապահ մարմինների կողմից: 1990թ. ծնված ակտիվիստին հանձնելու միջորդությամբ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը դատարան չէր դիմել, և կալանքի ժամկետը լրանալուց հետո նա ազատ էր արձակվել:
2016թ. հունվարի 31-ին, երբ ակտիվիստն ազատ էր արձակվել, ըստ փաստաբանի՝ հենց քրեակատարողական հիմնարկի մուտքի դիմաց, ըստ նրա խոսքերի, մոտեցել են ոստիկաններ, վերցրել ճամպրուկը, նստեցրել են ավտոմեքենան ու տարել են օդանավակայան՝ ասելով, որ արտահանձնում են Բահրեյն, սպասում են Բահրեյնի ոստիկանների գալուն, որ հանձնեն իրենց: Փաստաբան Տիգրան Սաֆարյանը հայտնել էր, որ Ռադհին խնդրել է, բացատրել, ներկայացրել, թե ինչ է իրեն սպասվելու Բահրեյնում հայտնվելու դեպքում, ժամեր շարունակ այդ վիճակում պահելուց հետո ասել են՝ եթե Բահրեյն չի ուզում, կարող են մեկ այլ տարբերակ առաջարկել՝ գնալ այն երկիր, որտեղից եկել է՝ Իրան:
Երեկ մեզ հետ զրույցում փաստաբանն ասաց, որ Ոստիկանությունից պատասխան են ստացել այն մասին, որ Ոստիկանությունն այդ գործողությանը ներգրավված չի եղել.
«Ազգային անվտանգության ծառայությունից, ճիշտն ասած, անստորագիր մի գրություն ենք ստացել, որ Ֆադհել Ռադհին գնացել է Իրան իր կամքով, իր կամքին հակառակ չի եղել, և դա արվել է իր անվտանգությունն ապահովելու նպատակով: Գլխավոր դատախազությունից ոչինչ չենք ստացել, բայց Հատուկ քննչական ծառայությունից իմացել ենք, որ գլխավոր դատախազն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն: Այնտեղ նյութեր էին նախապատրաստվում, ու պետք է որոշվեր քրեական գործ հարուցել-չհարուցելու հարցը: Բայց դեռ որևէ նորություն չունենք՝ արդյոք քրեական գործ հարուցվե՞լ է, թե՞ հարուցումը մերժվել է: Ինձ թվում է՝ այս օրերին պարզ կլինի, մեր մյուս քայլերն էլ պարզ կլինեն»:
Փաստաբանն ասաց, որ իր համար անհասկանալի է ստացված պատասխանն այն մասին, որ դա արվել է անվտանգության նկատառումներով: «Նա Հայաստանի միգրացիոն իշխանություններին դիմել էր ապաստանի խնդրանքով: Արդեն Հայաստանի իշխանությունները պարտավորություն ունեին՝ իր անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: Հասկանալի չէ, թե ինչ է նշանակում անվտանգությունն ապահովելու նպատակով Հայաստանից նրա հեռանալը: Եթե իր կամքով է եղել, ի՞նչ անվտանգության հարց կա: Իրենք իրենց հակասել են այդ նույն գրությամբ»:
Փաստաբան Տիգրան Սաֆարյանն ասաց, որ քրեական գործ հարուցելու առիթ կար, հենց այդ խնդրանքով էին իրենք Դատախազություն դիմել. «Առաջին խնդիրն անձի կամքին հակառակ նրան ազատությունից զրկելն էր: Ստացվում էր, որ երեկոյան ժամը 22:45-ից մինչև հաջորդ օրը՝ Իրան թռնող ինքնաթիռ նստեցնելը, իրեն ապօրինի զրկած են եղել ազատությունից:
Երկրորդը՝ ազատությունից ապօրինի զրկած վիճակում թույլ չեն տվել ազատ տեղաշարժվել: Երրորդը՝ ժամեր շարունակ իրեն այդ վիճակում են պահել, որ՝ հիմա սպասում ենք Բահրեյնի ոստիկանների գալուն, որ քեզ հանձնենք, իրենք տանեն»:
Տիգրան Սաֆարյանի խոսքով՝ Ռադհին ներկայացրել է նաև փաստաթղթեր, խնդրել թույլ տալ կապվել փաստաբանի հետ. «Թույլ չեն տվել, իսկ փաստաթղթերն էլ, ասել են՝ ոչ մի բան չեն նշանակում»:
Փաստաբանն ասաց, որ Ֆադհել Ռադհին այժմ գտնվում է Իրանի Հանրապետությունում: Դե յուրե որևէ սահմանափակում չկա, որպեսզի վերջինս գա Հայաստան. «Բայց կարծում եմ՝ իշխանությունների, չգիտեմ՝ հատուկ ծառայությունների այդ գործելաոճի արդյունքում դժվար թե մարդ ցանկանա մեկ անգամ էլ նույն իրավիճակում հայտնվել: Իր համար շատ վիրավորական էր, որ այդ վիճակում նման վերաբերմունքի էր արժանացել»:
Նշեք, որ, ըստ Ոստիկանության՝ 1990թ. ծնված Ֆադհել Ռադհին հետախուզվում էր 2014թ. մայիսի 25-ից՝ սպանության փորձի, պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառության, հասարակական և մասնավոր սեփականության վնասում, զանգվածային անկարգություն և ահաբեկչություն մեղադրանքով:
Ռադհիի վերաբերյալ նաև միջազգային մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ հանդես էին եկել հայտարարությամբ՝ նշելով, որ բազմաթիվ անկախ և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ հաստատել են, որ Բահրեյնի դատական համակարգը չափազանց կողմնակալ է և շարունակաբար օգտագործում է իր իշխանությունն իրավապաշտպան և քաղաքականապես ակտիվ քաղաքացիներին ճնշելու համար: