«Եթե ճմլման ակոսը հետմահու է, մարդն ինչպե՞ս կարող է կախվել ընդհանրապես». Հայկազ Բարսեղյանի սպանության գործով հարցաքննվեց դատաբժիշկը
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով հարցաքննվեց փորձագետը՝ ՀՀ առողջապահության նախարարության Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի փորձագետ Վիգեն Ադամյանը, ով կազմել է Հայկազ Բարսեղյանի դիակի դատաբժշկական փորձաքննությունը:
Փորձագետը մեջբերեց եզրակացության համապատասխան հատվածը, ըստ որի՝ Հայկազ Բարսեղյանի մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձությունից` պարանոցի օրգանները բութ առարկայով սեղմման հետևանքով: Հ. Բարսեղյանի դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերվել է պարանոցի աջ կեսի մաշկի և փափուկ հյուսվածքների արնազեղում, ենթալեզվային ոսկրի աջ եղջյուրի կոտրվածք` շրջակա փափուկ հյուսվածքների արնազեղմամբ, թոքերի էմֆիզեմա, կետավոր արնազեղումներ էպիկարդի և ընդերային թոքամզի տակ, արյան հեղուկ վիճակով, սրտի աջ կեսի գերարյունություն և տվյալ մահվանը բնորոշ կազմաբանական և ձևաբանական փոփոխություններ: Նա նշեց, որ փորձաքննությամբ պարանոցի շրջանում հայտնաբերվել է ճմլման ակոս, պարանոցի աջ կեսի առաջակողմնային մակերեսին՝ արնազեղում:
Նա մեջբերեց իր հետ դատարան բերված գրականությունից մի հատված, որի համաձայն՝ ձեռքերով խեղդման հիմնական նշանը դիակի վրա պարանոցի առաջակոմնային շրջաններում հայտնաբերված քերծվածքները և արնազեղումներն են: Վկայակոչելով դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունից և մասնագիտական գրականությունից որոշակի հատվածներ՝ փորձագետն ասաց, որ ենթալեզվային ոսկրի կոտրվածքը չի համապատասխանում ճմլման ակոսի վաղեմությանը: Փորձագետն ասաց, որ չի պնդում, որ հատկապես ձեռքի սեղմման արդյունքում է սա տեղի ունեցել. «Ես չեմ բացառում որևէ տարբերակ, սակայն չեմ կարող հաստատել, որովհետև, եթե ես ունենայի օրինակ՝ կիսալուսնաձև եղունգների հետքեր, քերծվածքներ, միանշանակ կասեի, որ դա եղունգների տեղ է, խեղդումը տեղի է ունեցել ձեռքերով»:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Գարիկ Գալիկյանը մեջբերեց փորձաքննության եզրակացության հատվածը, որի համաձայն՝ Հ. Բարսեղյանի դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերվել է պարանոցի աջ կեսի մաշկի և փափուկ հյուսվածքների արյունազեղում, ենթալեզվային ոսկրի կոտրվածք՝ շրջակա փափուկ հյուսվածքների արյունազեղմամբ, որը պատճառվել է կենդանության օրոք, մահվանից րոպեներ առաջ, պարանոցի օրգանները բութ առարկայով սեղմման հետևանքով, և չէր կարող պատճառվել իր իսկ կողմից, վերջինիս մահվան հետ գտնվում են անմիջական պատճառական կապի մեջ: Նման վնասվածքները սովորաբար կենդանի անձանց մոտ առաջացնում են առողջությանը ծանր վնաս, կյանքին վտանգ սպառնացող, որոնք էլ տվյալ դեպքում բերել են մահվան: Հ. Բարսեղյանը վերը նշված վնասվածքները ստանալուց հետո, չի բացառվում, որոշակի կարճ ժամանակահատվածում կատարեր ինքնուրույն գործողություններ: Փաստաբանը հետաքրքրվեց՝ նման վնասվածքների առկայության պարագայում Հայկազ Բարսեղյանը կարո՞ղ էր ուժ գործադրել, օրինակ՝ կախվել պտտաձողից, տեղաշարժվել դրա վրա: Ի պատասխան՝ փորձագետն ասաց, որ ձեռքի շարժումն էլ է համարվում ինքնուրույն գործողություն: Փաստաբանի ճշտող հարցին՝ արդյոք հնարավո՞ր է նման վնասվածքների պարագայում՝ կախվեր պտտաձողից, ինչի պարագայում ձեռքերի վրա պետք է պահեր իր ամբողջ քաշը և կարողանար տեղաշարժվել դրա վրա, փորձագետը պատասխանեց. «Ես եզրակացության մեջ արդեն գրել եմ, որ ճմլման ակոսը հետմահու է: Եթե ճմլման ակոսը հետմահու է, մարդն ինչպե՞ս կարող է կախվել ընդհանրապես»:
Ամբաստանյալ Գնել Թևոսյանի պաշտպան Արա Զաքարյանը հետաքրքրվեց՝ դիակի հայտնաբերման վայրի զննության արձանագրությունն անհրաժեշտ էր հետազոտել, որպեսզի օգտագործեր դրանցում առկա տեղեկությունները, ինչին ի պատասխան՝ փորձագետն ասաց, որ այս դեպքում դեպքի վայրն իրեն որևէ բան չէր տա՝ մահվան պատճառը, ժամանակը, վնասվածքների վաղեմությունը որոշելու համար: Փորձագետն ասաց, որ դիակային բծերի տեղակայումից՝ եզրահանգել է, որ Հայկազ Բարսեղյանը կարող էր կախված մնալ մոտ 8-10 ժամ: Փաստաբանն ասաց, որ որքան ուսումնասիրել է դատաբժշկական գրականությունը, այդ զննության արձանագրության տվյալները կարող են էական ազդեցություն ունենալ եզրակացության օբյեկտիվության համար: Ի պատասխան՝ փորձագետն ասաց, որ իր համար էական նշանակություն ունեն իր կողմից հայտնաբերված վնասվածքները: Փաստաբանն ասաց, որ, եթե փորձագետի մոտ որոշակի հարցեր էին առաջանում, նա կարող էր դիմել քննիչին՝ որոշակի տեղեկություններ տրամադրելու համար, որպեսզի եզրակացությունը լինի ավելի հիմնավորված և հստակ լինի, և հետաքրքրվեց՝ ինչո՞ւ չի դիմել քննիչին: Փորձագետն էլ ի պատասխան՝ ասաց, որ հիմնվել է դիահերձման տվյալների վրա. «Անգամ, եթե կամերայով ցույց տային՝ այդ դեպքն ինչպես է եղել, միևնույն է, ես հիմնվելու է դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերված տվյալների վրա: Այսօր կասեն՝ այսպես է, վաղը կասեն՝ այնպես է»:
Նշենք նաև, որ ըստ փորձաքննության եզրակացության՝ ելնելով Հ.Բարսեղյանի դիակի դիակային փոփոխությունների զարգացվածության աստիճանից՝ մահը վրա է հասել դիահերձումից մոտ 24-48 ժամ առաջ:



