«Ռուսաստանը զինացանկի հրապարակմամբ փորձում է վերականգնել Հայաստան-Ադրբեջան ռազմական հավասարակշռությունը». Եվսեև

«Ռուսաստանը կատարում է իր դաշնակցային պարտավորությունները Հայաստանի առջև»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱՊՀ երկրների Կովկասի ինստիտուտի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը` անդրադառնալով այս օրերին Հայաստանին և Ադրբեջանին վաճառվող ռուսական սպառազինության գործարքների վերաբերյալ ռուսական հրապարակումներին:

Հիշեցնենք, որ այսօր մոսկովյան «Коммерсант»-ը գրել է, որ միջազգային շուկայում նավթի գնի անկման պատճառով Ադրբեջանն ի վիճակի չէ վճարել նախկինում Ռուսաստանից ձեռք բերված սպառազինության դիմաց, որի շուրջ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններ վարելու նպատակով Ադրբեջան է մեկնել Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը: «Коммерсантъ»-ի տեղեկություններով՝ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ծագած հիմնական խնդիրները վերաբերում են տարիներ առաջ կնքված համաձայնագրերի կատարմանը: «Գլխավոր խնդիրը հետևյալն է՝ Ադրբեջանը գումար չունի»,- գրում է «Коммерсантъ»-ը:

Սակայն հետաքրքրական է նաև, որ շատ ավելի վաղ ռուսաստանյան «Ինտերֆաքս» գործակալությունը հաղորդագրություն էր տարածել, որում թվարկվում էին այն զինատեսակները, որը Հայաստանը կարող է գնել Ռուսաստանի տրամադրած 200 մլն դոլար վարկով: Ըստ հավելվածի` Հայաստանը Ռուսաստանից գնում է համազարկային կրակի ռեակտիվ համակարգի «Սմերչ» կայանքներ և դրա համար նախատեսված զինամթերք, «Իգլա-Ս» զենիթահրթիռային համալիրներ, ռադիոհետախուզության «Ավտոբազա-Մ» համալիրներ, հրանետման ՏՕՍ-1Ա ծանր համակարգեր, 9Մ113Մ կառավարվող հրթիռներ, ՌՊԳ-26 նռնականետեր, Դրագունովի դիպուկահար հրացաններ, «Վագր» զրահամեքենաներ, կապի և ինժեներական միջոցներ:

Եվսեևը ևս մեկ անգամ շեշտեց իր դիրքորոշումն այս գործարքների վերաբերյալ՝ ասելով, որ Ադրբեջանին զենք վաճառելով՝ չի խախտում իր դաշնակցային պարտավորությունները, ավելին՝ Հայաստանի հակառակորդին է՛լ ավելի կանխատեսելի է դարձնում: Ռուս վերլուծաբանը կասկածանքով նշեց, որ գուցե այս երկու զարգացումների միջև ուղիղ կապ չպետք է փնտրել: Ինչ վերաբերում է հարցին, թե Բաքուն չունի միջոցներ ռուսական սպառազինության համար վճարելու, նրա կարծիքով՝ Հայաստանում պետք է հասկանան, որ որքան քիչ սպառազինություն կարողանա գնել Ադրբեջանը, Հայաստանի գործերն է՛լ ավելի լավ են լինելու ԼՂ հակամարտությունում:

«Ռուսաստանը պատրաստ է կատարել իր դաշնակցային պարտավորությունները Հայաստանի առջև, ինչն էլ անում է ներկայումս, ու, եթե այս ֆոնին Ադրբեջանը պակասեցնում է զինտեխնիկայի գնումը, ապա մեզ համար ԼՂ հակամարտության կողմերի միջև հավասարակշռությունը վերականգնելու հարցը շատ ավելի հեշտանում է: Ես՝ որպես ռազմական փորձագետ, կարևորում եմ ռազմական հավասարակշռությունը հատկապես այնպիսի տեսակների դեպքում, ինչպիսիք են ՏՕՍ-1 «Սոլնցեպյոկ» ծանր կրականետային համակարգը, կրակի ռեակտիվ «Ուրագան» համակարգը: Սրանք այն համակարգերն են, որոնց հարցում պետք է հավասարակշռություն լինի»,- ակնարկեց Եվսեևը:

Մեր պնդմանը, թե ի՞նչ նպատակով է շրջանառության մեջ դրվել գաղտնի ռազմական տեղեկությունը` վտանգելով Ռուսաստանի ռազմավարական դաշնակցի անվտանգությունը, Եվսեևը պատասխանեց, որ այն համակարգերը, որոնք ինքը մատնանշեց, ինչպես նաև այլ հզոր զինատեսակներ կան այն ցուցակի մեջ, որը հրապարակվել է:

«Այսինքն` այդ զինատեսակները Հայաստանը ստանալու է, որը լուծելու է Հայաստանի անվտանգության մի շարք խնդիրներ ԼՂ հակամարտությունում, բայց մյուս կողմից՝ Ռուսաստանը փորձում է վերականգնել ուժերի հավասարակշռությունն այդ սպառազինությունների տեսանկյունից, իսկ այն, որ Ադրբեջանը չի գնում սպառազինություն Ռուսաստանից, նշանակում է, որ այդ հավասարակշռությունը շուտ է վերականգնվելու»,- նկատեց Եվսեևը:

Տեսանյութեր

Լրահոս