Բաժիններ՝

«Քըրք Քըրքորյանի կտակի մեջ ոչ «իշխանություն» բառը կա, ոչ Հայաստան բառը, ոչ տվեք կամ մի տվեք արտահայտությունը… ոչ էլ նեղացած է եղել ՀՀ իշխանություններից. այդ ամենը լրիվ կեղծիք է». Հարութ Սասունյան

«168 Ժամի» (168.am) զրուցակիցն է նախկինում «Լինսի» հիմնադրամի փոխնախագահ, «Կալիֆոռնիա Կուրիեր» պարբերականի հրատարակիչ Հարութ Սասունյանը: Նա պարզաբանումներ է ներկայացնում ամերիկահայ բարեգործ Քըրք Քըրքորյանի կտակի, իշխանությունների հետ նրա փոխհարաբերությունների, «Լինսի» հիմնադրամի գործունեության շուրջ ծավալված ասեկոսեների շուրջ, ինչպես նաև անդրադառնում է Հայաստան-Սփյուռք փոխհարաբերություններին, հայաստանյան քաղաքական և տնտեսական խնդիրներին: Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հերոս, ամերիկահայ գործարար, միլիարդատեր, բարերար Քըրք Քըրքորյանն 98 տարեկան հասակում մահացել էր 2015թ. հունիսին:

Մամուլի հրապարակումների համաձայն՝ ԱՄՆ-ում գաղտնիության պայմաններում բացվել էր Քըրքորյանի կտակը, որով բարերարը հանձնարարել է վաճառել իր ողջ ունեցվածքն ու գումարներն ուղղել բարեգործությանը: Կտակի համաձայն՝ այդ գումարով պետք է ֆինանսավորվեն բոլոր այն ծրագրերը, որոնք գործել են Քըրքորյանի կենդանության օրոք: Ք. Քըրքորյանն իր հիմնադրած «Լինսի» հիմնադրամը փակեց 2011թ.: 2000-ական թվականների սկզբին ճանապարհաշինության, դպրոցների ու մշակութային տների վերանորոգման համար Հայաստանին 200 միլիոն դոլար էր հատկացրել: Մինչ այդ, սակայն, բարերարը, ըստ տեղեկությունների՝ 45 միլիոն դոլար էլ հատկացրել էր աղետի գոտու բնակարանաշինության համար:

Ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանի կտակի շուրջ տարբեր ասեկոսեներ են պտտվում, մասնավորապես, որ նա 200 մլն դոլար է կտակել Հայաստանին և պայման դրել, որ այդ գումարի հետ ՀՀ իշխանությունները պետք է որևէ առնչություն չունենան: Դուք ի՞նչ տեղեկություններ ունեք այդ մասին, ճի՞շտ են:

– Այդ բոլորը կեղծիք է, ոչ մի նման նշում չկա Քըրքորյանի կտակի մեջ, մարդիկ պարզապես երևակայական խոսքեր են ասում, հնարում են, որը շատ ցավալի է ինձ համար: Այդ մարդիկ երբեք կտակը չեն տեսել և «հավաստի աղբյուրներ» են նշում, բայց եթե հավաստի լիներ, կտակը կտեսնեին և այդպիսի սուտ բաներ չէին ասի: Կտակի մեջ ո՛չ «իշխանություն» բառը կա, ո՛չ «Հայաստան», ո՛չ «տվեք» կամ «մի տվեք» արտահայտությունը… լրիվ կեղծիք է: Քըրքորյանն իր կյանքում երբեք չի զբաղվել մանրամասներով, ինքը միշտ տվել է ընդհանուր ուղղություն, և իր աշխատողները, օգնականներն են գործադրում իր կտակը: Նա կտակել է, որ իր ամբողջ հարստությունը տալու է բարեսիրությանը՝ առանց մանրամասնելու, թե ո՞ր կազմակերպություններին, որտե՞ղ, հայկակա՞ն, թե՞ օտար կազմակերպությունների: Կտակին պատասխանատու կա, ով մոտ 50 տարի նրա հետ աշխատել է և շատ լավ է իմանում Քըրքորյանի մոտեցումները, նախասիրությունները, և պարոն Քըրքորյանն իր ամբողջ կյանքի ընթացքում գումարներ է նվիրաբերել թե´ հայկական և թե´ օտարազգի ծրագրերի, և ես կասկած չունեմ, որ մահից հետո էլ իր փափագը նույնն է, որ իր հարստությունը գնա հայկական և ոչ հայկական բարեսիրական ծրագրերի: Հայկականի մեջ, անշուշտ, մտնում է նաև Հայաստանը: Դեռ շատ հարցեր կան, որ պետք է լուծվեն, իր մասնաբաժինը MGM-ում պետք է վաճառվի և փողի վերածվի, այդ ամենը մոտ 1 տարի կշարունակվի, հետո կորոշվի, թե որ ծրագրին որքան գումար տան: Շատ գործ կա անելու, և ես վստահ եմ, որ այդ մարդն իր գործը լավ կանի:

Ամեն դեպքում, ըստ շրջանառվող լուրերի՝ Ք. Քըրքորյանը ՀՀ իշխանություններից կարծես դժգոհ հեռացավ, «Լինսի» հիմնադրամում մնացած գումարն էլ հետ տարավ:

– Դա լրիվ կեղծիք է եղել, ոչ մի աղբյուր չկա, որ նման բան հաստատի, ճիշտ հակառակը՝ ես էի պատասխանատու Հայաստանում Քըրքորյանի ծրագրերի համար, Քըրքորյանը եկել է Հայաստան, տեսել է աշխատանքները, ուղղակի հիացել է և շատ գոհ է եղել, ոչ մի պատճառ չուներ նեղանալու, իր փողերին ոչ մի բան չի պատահել:

Յուրացումների ու փոշիացումների մասին էին խոսում:

– Ոչ մի յուրացում չի եղել, ես հսկել եմ, որ ոչ մի բան չլինի: Եթե գողացվել է, ուրեմն ես եմ պատասխանատուն, և կամ ես եմ գողացել, կամ թույլ եմ տվել, որ գողը գողանա, և ես եմ գլխավոր մեղավորն այդտեղ: Ես գիշեր-ցերեկ աշխատել եմ, որ որքան կարելի է, մարդկայնորեն կարելի է՝ չթողնեմ, որ որևէ մի կոպեկ էդտեղ կորի: Անշուշտ, հնարավոր է, որ փոքր բաներ այստեղ-այնտեղ կորեն, բայց չենք թողել, ամեն ինչ արել ենք՝ մարդկանց դատի ենք տվել, պաշտոնից հանել ենք նրանց, ովքեր փորձել են ինչ-որ բան անել, նրանց գործ չենք տվել, պայքարել ենք, որ չթողնենք՝ որևէ փող կորի: Եվ պարոն Քըրքորյանը հիմնադրամը չի փակել՝ որպես նշան բողոքի, ճիշտ հակառակը՝ ինքը 10 տարի առաջ որոշել էր, որ, երբ հասուն տարիքի հասնի, չի ցանկանում առօրյա գործերով զբաղվել, պետք է փակի հիմնարկը, նաև այն հիմնարկը, որ ամերիկյան բարեսիրության համար մեծ փող էր տալիս, ոչ միայն հայկականը: Եթե հայերից նեղացել էր, ապա ինչո՞ւ փակեց նաև ամերիկյան հիմնադրամը, եթե հայերից նեղացել էր, ապա հայերին չէր տա ու կշարունակեր ամերիկացիներին տալ, չէ՞: Բայց՝ ոչ:

Հիմնադրամում մնացած 200 մլն դոլար գումարը, որ նախատեսել էր Հայաստանում ծախսել, ետ վերցրեց և Կալիֆոռնիայի համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղին նվիրաբերեց:

– Դա սուտ չէ, բայց պետք է բացատրել, թե ինչ է: Երբ 4 տարի առաջ «Լինսի» հիմնադրամը փակվեց, այդ ժամանակ «Լինսի» բանկային հաշվին կար 200 մլն դոլար, որն ինքը նվիրեց Լոս Անջելեսի համալսարանին, որպեսզի «Լինսին» լրիվ փակի, որովհետև փողը պետք էր լրիվ ծախսել, հաշիվը զրոյացնել, դրա համար նվիրեց և «Լինսի» հիմնադրամը փակեց:

Դա էլ, թերևս, գնահատվեց, թե նա նեղացել էր ՀՀ իշխանություններից, դրա համար այդ գումարը Հայաստանում չի ծախսել:

– Չէ, երբեք չի նեղացել: Եթե մարդիկ ասում են, որ նեղացել է, ապա պետք է մի բան իմանան: Քըրքորյանն իրենց ասե՞լ է, որ նեղացել է, մեկը խոսե՞լ է իր հետ: Նա դա նվիրաբերել է իր տան կողքին գտնվող համալսարանին կից մեծ հիվանդանոցային համակարգին, որտեղ ինքն անընդհատ բուժվում էր վերջին տարիներին, և նախքան այդ գումարը՝ արդեն ևս 70 մլն դոլար նվիրաբերել էր այդ համալսարանի հիվանդանոցին: «Լինսի» հիմնադրամի հաշվին կարող էր լինել 1 դոլար կամ ինչ-որ էր, և դա էլ նվիրեց, որ «Լինսի» հիմնադրամը փակեն: Դա չէ գլխավորը: Մարդիկ կենտրոնանում են 200 միլիոն դոլարի վրա, իսկ իր հարստությունը շատ ավելի մեծ է, մի քանի միլիարդ է, որ ինքը լրիվ կտակել է բարեսիրությանը, հայկական և ոչ հայկական բարեգործական կազմակերպություններին:

904597bf39098a3ecfbc60465aaf0034

Պարոն Սասունյան, Դուք նախկինում հայտարարել էիք, որ Հայաստանին արմատական բարեփոխումներ են պետք, որպեսզի արդարություն և ժողովրդավարություն հաստատվի: Ձեր կարծիքով՝ վերջին զարգացումները՝ Սահմանադրական փոփոխությունները, ՀՀԿՀՅԴ քաղաքական համագործակցության հուշագրի ստորագրումը, ի՞նչ կփոխեն երկրում:

– Ես միշտ ուզում եմ, որ մեր հայրենիքը լինի ավելի բարգավաճ, քան է, ավելի ժողովրդավար լինի՝ քան է, ավելի ազատ երկիր լինի, քան է: Ես միշտ դժգոհ եմ և հիմա էլ դժգոհ եմ, որովհետև մեր ժողովուրդն արժանի է ավելի լավ կյանք ունենալու, այսպիսի կյանքն ինձ համար ընդունելի չէ մեր ժողովրդի համար: Պետք չէ, որ մեր ժողովուրդն ապրի աղքատության և խեղճության մեջ, և միայն որոշ մարդիկ ապրեն հարստության մեջ: Պետք է, որ հանգիստ կյանքը տարածվի լայն խավերի մեջ: Մինչև այդ օրը չգա, ես չեմ բավարարվի, անկախ նրանից, թե ով է իշխանություն, ով է ընդդիմություն: Ես չեմ կողմնորոշվում և այդ կողմերի հետ ես գործ չունեմ: Իմ գլխավոր նպատակակետը մեր ժողովրդի վիճակն է, ապրելակերպը: Եթե մեր ժողովրդի վիճակը բարելավվի, ես ուրախ կլինեմ, նույնիսկ, եթե իշխանության գլխին մարդ լինի, որին ես չեմ սիրում, բայց եթե նա լավ գործ անի՝ ես նրա կողքին կլինեմ, եթե ժողովուրդն օգտվի: Նոր փոփոխությունները՝ հանրաքվե, նոր կառավարման համակարգ, կոալիցիա և այլն, շատ կանխահաս է իմանալ, թե այդ բոլորի արդյունքն ի՞նչ պետք է լինի:

Սպասենք՝ ժամանակը գա, և տեսնենք՝ ինչպես պետք է գործածեն այդ որոշումները: Եթե արդյունքը լավը լինի, բոլորս էլ կուրախանանք ժողովրդի հետ, բայց եթե արդյունքը վատը լինի՝ այն ժամանակ կտեսնենք: Բայց պետք չէ հիմա ասել, որ ամեն ինչ վատ է, զրո է, որովհետև ամեն անգամ, երբ մարդ մի բան է փորձում, ասում ենք՝ վատ է, մենք շանս չենք տալիս, որ մի բան փոխի: Առնվազն թողնենք մի քիչ ժամանակ: Մենք միշտ էլ կարող ենք քննադատել, չենք ասում՝ աչքերս փակենք ու ասենք՝ արեք՝ ինչ ուզում եք: Ոչ, շատ ավելի խիստ պետք է լինել, մամուլը պետք է քննադատի, բայց պետք է արդարորեն քննադատի, ոչ թե՝ հիմնվելով կեղծիքների, ասեկոսեների վրա: Մամուլը պետք է շատ խստապահանջ լինի և շատ լուրջ քննադատի՝ պայմանով, որ արդար լինի և ճշմարտության վրա հիմնվի այդ քննադատությունը:

Ժողովրդի վիճակի պատասխանատուն ո՞վ է ավելի շատ, օրինակ՝ իշխանություններն ասում են, որ նաև քաղաքական ընդդիմությունն է պատասխանատվություն կրում:

– Միանշանա՛կ ամեն ինչի պատասխանատուն իշխանությունն է: Ժողովուրդը վատ է ապրում, անգործ է, ազատություն չկա, որովհետև իրենք են իշխանության վրա, իրենք են որոշում ընդունողները, չի կարելի ո՛չ ժողովրդին, ո՛չ էլ ընդդիմությանը մեղադրել: Ընդդիմության ձեռքին բան չկա, ո՞նց պետք է նրանք մի բան բարելավեն: Ժողովուրդը հայտնվել է խեղճ վիճակի մեջ, ո՞նց պետք է անի: Բայց եթե մի մարդու տալիս են աշխատանք, և ինքը չի ուզում աշխատել, եթե ծույլ է՝ դա ուրիշ բան է, իսկ եթե աշխատատեղ չկա, մարդն ի՞նչ անի: Մեր ժողովուրդը ծույլ չէ, աշխատող ժողովուրդ է, միայն առիթ պետք է տրվի, աշխատատեղեր պետք է բացվեն, և դրա պատասխանատուն իշխանությունն է՝ ով ուզում է լինի ղեկավարը՝ նախկի՞ն, ներկա՞, թե՞ ապագա:

Հայաստանում ընտրությունից ընտրություն ժողովուրդը բողոքում է, որ ընտրակեղծիքներ են եղել, որի արդյունքում իշխանությունը բռնազավթվել է, հանրահավաքներ անելուց ժողովուրդը կարծես թե հոգնել է և իր բողոքն ավելի շատ արտահայտում է արտագաղթով:

– Շատ ցավալի մի կացություն է, որ մենք կորցնում ենք մեծ թվով ժողովուրդ, ինչպես տարիներ առաջ ենք կորցրել: Ես ապրում եմ սփյուռքում, տեսնում եմ, որ հայաստանցիները գալիս են մեզ մոտ, և շատ վատ է դա, որովհետև Հայաստանը պարպվում է ժողովրդից: Իսկ մենք ուզում ենք ոչ միայն ներկա հայրենիքը պահել, այլև ուզում ենք պահել Արցախը և պահանջում ենք Արևմտյան Հայաստանը, բայց ժողովուրդը պարպվում է, և մեր երազները ճիշտ հակառակ ուղղությամբ են գնում: Պետք է ամեն ինչ արվի՝ իշխանություն, ընդդիմություն, ժողովուրդ, մտավորական, լրագրողներ, ամենս գործ ունենք անելու: Սա մեր հայրենիքն է, մենք չպետք է ձեռնունայն նստենք ու պահանջենք, որ իշխանություններն ինչ-որ բան անեն, մենք էլ պետք է անենք, թեև իշխանություն չունենք մեր ձեռքին: Պետք է ամեն ինչ անենք, որ օգնենք իրար, երբ պայքարում ենք իրար դեմ, իհարկե, ժողովրդավարական պայքարը լավ է և պետք է լինի, բայց ոչ թե՝ թշնամական: Ոչ մի հայ թուրք չի, որ թուրքի պես վերաբերվենք իրեն: Պետք է մի կողմից՝ հարգանք լինի, մյուս կողմից՝ պահանջ, որ ավելի լավը լինի, կուրորեն չհամակերպվենք կեցությանը: Կարևորն արդյունքն է, որի համար բոլորս պետք է աշխատանք տանենք: Ես հետևում եմ այս բոլոր անցուդարձերին և մտահոգ եմ ամեն ինչի համար՝ ընտրությունների ընթացքի, դատական որոշումների, թե ոնց է ոստիկանը փողոցում կանգնեցնում մարդկանց ու կաշառք ուզում, կամ ժողովուրդն արդեն վարժ է, և մարդիկ իրենք են կաշառք առաջարկում: Շատ վատ բաներ եմ տեսնում ես:

Թշնամանք է՞լ եք տեսնում:

– Թշնամանքի վերաբերմունք տեսնում եմ որոշ պարագաներում, որն ինձ ցավ է պատճառում: Մենք չպետք է իրար թշնամի լինենք, պետք է պահանջատեր լինենք, պետք է իսկապես պարտադրենք, որ իշխանություններն իրենց գործն անեն, բայց առանց թշնամության, մենք մի բուռ ժողովուրդ ենք, չենք կարող իրար հանդեպ թշնամի լինել:

– Կարևորեցիք աշխատատեղերի ստեղծումը, շատերն ասում են, որ, եթե սփյուռքահայությունը ներդրումներ աներ Հայաստանում, այստեղ իրավիճակը լիովին այլ կլիներ: Ի՞նչն է խնդիրը, որ ներդրումներ չեն անում:

– Երկու պատճառ կա, որ սփյուռքահայերը ներդրումներ չեն անում, մեկը՝ հենց այդ վիճակն է, որ կա այստեղ՝ մարդիկ չեն վստահում ներդրում անելու համար, իսկ փողը պետք է ապահով լինի: Ներդրողը փող է ուզում աշխատել, ինքը բարեգործություն չի անում, եթե ցանկանա բարեգործություն անել՝ դա այլ հարց է, բայց եթե բիզնես է ուզում անել, ապա բիզնեսը պետք է հաջողակ լինի: Բայց եթե ինքը վստահ չլինի, որ հաջողակ կլինի, արդեն ներդրում չի անի:

Նաև կա հարցի մյուս կողմը: Եթե մեկը սփյուռքահայ է և փող ունի, ապա դա չի նշանակում, որ ինքը կարող է նույնքան հաջող բիզնես դնել Հայաստանում: Այստեղ բիզնեսի մթնոլորտը տարբեր է, քան ինքը վարժ է Ֆրանսիայում կամ Ամերիկայում: Նաև սփյուռքահայերն իրենք էլ իրենց մեղքի բաժինն ունեն: Շատերին եմ ճանաչում, որ մեքենա են նորոգում, ԱՄՆ-ում հաջող գործ են անում, ուզում են այստեղ բիզնես բացել, ու փողոցից մի մարդու կարծիք լսելով՝ հյուրանոց են գնում՝ ոչինչ չիմանալով հյուրանոցային բիզնեսի մասին: Եթե նույն փողով այդ նույն մարդն ԱՄՆ-ում հյուրանոց գնի՝ կրկին կտուժի: Ամեն մարդ պետք է իր մասնագիտության մեջ մնա:

Եթե սա մեր հայրենիքն է, ապա դա դեռ չի նշանակում՝ եթե որևէ գործի մեջ փող դնենք, ուրեմն այդ փողը պետք է կուրորեն մեզ շահ տա: Ես չեմ արդարացնում՝ այո, երկրում կոռուպցիա ու թալան կա, բայց նաև սխալ կողմնորոշվող բիզնեսմեններ կան սփյուռքից, որ իրենց փողը սխալ տեղեր են դնում, և, դժբախտաբար, հանդիպում են մարդկանց, որ շահագործում են իրենց հայրենասիրական զգացումները և գողանում են իրենց փողերը: Հայ լինելը չի նշանակում, որ կարելի է ամեն հայ մարդու կուրորեն վստահել, որովհետև մեր եղբայր-քույրերն են, կան նաև խորամանկ հայեր, որ նայում են՝ գողանան ուրիշի փողերը: Դրա համար Հայաստանում պետք է բիզնես պայմանագրերը, դատարաններն օրենքով ամրագրվեն, որպեսզի, եթե մեկը գողանա՝ կարողանաս օրենքով հետապնդել և փողերդ վերադարձնել: Բայց համակարգը տակավին չի զարգացել: Թղթի վրա հոյակապ օրենքներ ունենք, բայց դրանք չեն գործադրվում:

Իսկ ո՞վ է պատասխանատու դրա համար, ո՞վ պետք է գործադրի:

– Միանշանակ` իշխանությունները:

Իսկ ինչո՞ւ չեն անում:

– Այդ հարցն արդեն իրենց պետք է տաք, ես չեմ կարող իրենց տեղն ասել, իսկ մենք բոլորս պետք է պահանջենք, որ անեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս