«Զիմուլտան»

Երևանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում երեկ կայացավ ավստրիացի բանաստեղծ, արձակագիր Ինգեբորգ Բախմանի «Զիմուլտան» ժողովածուի շնորհանդեսը: «Զանգակ» հրատարակչությունն «Աշխարհը հայերենով» մատենաշարով հայ ընթերցողին է ներկայացնում Ինգեբորգ Բախմանի «Զիմուլտան» ժողովածուն: Այն թարգմանել է Գայանե Գինոսյանը: «Զիմուլտանը»՝ որպես գեղարվեստական գրականություն, թարգմանիչ Գայանե Գինոսյանի թվով 7-րդ թարգմանչական աշխատանքն է:

Հրատարակիչները համոզված են, որ գիրքը հայ ընթերցողի գրադարանում իր արժանի տեղը կգտնի:

«Արևմտյան արդիականացումը կարծես համընդհանուր ապրվող մոլուցք է Ինգեբորգ Բախմանի այս պատմվածքներում: Դեպի «բաց» աշխարհ նետվող նրա կերպարները կորցնում են լեզու, երկիր և ինքնություն, ընտրում են «ոչինչ»-ը, նախընտրում են անել «ոչինչ», ասել բառեր, որոնք գեղեցիկ են հնչում և ոչինչ չեն ասում: Եվ ի՞նչ. «ընդամենը խորաթափանցություն են ձեռք բերում՝ ըմբռնելու, թե ի՞նչ է կատարվում իրականում»: Բանաստեղծ ու արձակագիր Բախմանը նաև փիլիսոփայության դոկտոր էր: Նրա վերջին շրջանի ստեղծագործությունները՝ ամփոփված «Զիմուլտան» (1972) ժողովածուում, հագեցած են հղումներով՝ առ գերմանալեզու փիլիսոփայությունը և, մասնավորապես, լեզվի փիլիսոփայությունը: Զիմուլտան, այսինքն՝ համաժամանակ: Կնոջ «լեզվով» հեղինակը խոսում է լեզվի, թերևս՝ անձնաշխարհի կորստի մասին»,- ասվում է «Զիմուլտան» գրքի նախաբանում:

168.am-ը զրուցեց «Զանգակ» հրատարակչության թարգմանական ծրագրերի համակարգող Արթուր Մեսրոպյանի հետ:

Կարդացեք նաև

Artur Mesropyan

– Ինչո՞ւ որոշեցիք անդրադառնալ հենց այս հեղինակին, և որքանո՞վ են առչնվում գրքում բարձրաձայնված խնդիրները հայ ընթերցողի, մեր իրականության հետ:

– Մենք միայն մի կոնկրետ պատճառով չենք որոշում կայացնում գիրք թարգմանելու կամ հրապարակելու: Պատճառները մի քանիսն են լինում: Տվյալ հեղինակի և ժողովածուի ընտրությունը բացատրվում է պոստմոդեռնիզմի ժամանակաշրջանի գերմանական գրականությունը հայ ընթերցողին ներկայացնելու՝ մեր ցանկությամբ: Այն մարդկային փոխհարաբերությունները, որոնց մասին պատմում է Բախմանը, արդիական են մինչ օրս:

Օրինակ, 3-րդ՝ «Խնդիրներ, խնդիրներ…»  պատմվածքում ներկայացվում է մի աղջկա կերպար, ով ամբողջովին կենտրոնացած է իր արտաքինի վրա: Նա իր արտաքին «շերտը»՝ գեղեցկությունը զուգելով, կոկելով, ամեն կերպ հղկելով է ապրում: Խոսքն այստեղ ներքին դատարկությունն արտաքինի միջոցով լրացնելու մասին է: Եվ շատ կարևոր է, որ նա այդ ամենն անում է՝ հանուն տղամարդու, ում հետ շփվում է, բայց նա կարևորում է ոչ թե այդ շփումը տղամարդու հետ, այլ այդ շփմանը նախապատրաստվելը: Նրա համար կարևոր է, որ այդ տղամարդը գոյություն ունենա, որպեսզի պատճառաբանվի գեղեցկության սրահներից դուրս չգալու իր մոլուցքը: Այստեղ հարաբերությունները նույնիսկ չեն հասնում սիրային մակարդակի, քանի որ աղջկա համար հարաբերությունների այդ կողմն անկարևոր է:

Ginosyan (4)

Ginosyan (1) Ginosyan (5)

– Որքա՞ն ժամանակ պահանջվեց գիրքը թարգմանելու և հայ ընթերցողին ներկայացնելու համար: Քանի՞օրինակով է գիրքը լույս տեսել:

– Առաջին տպաքանակը 500 օրինակով է լույս տեսել: Գրքի թարգմանչական շրջանը սովորաբար տևում է մեկ ու կես տարի: Սակայն մինչ այդ գիրքն անցել է ենթափուլեր՝ հեղինակային իրավունքի ձեռքբերում, աշխատանքային ընթացքը թարգմանչի հետ, խմբագրում, սրբագրում, որից հետո միայն՝ դիզայն…

– Պատմեք գրքի շապիկի նկարի ընտրության մասին, որն իրենից ներկայացնում է սթրիթ-արտի լուսանկար:

– Ջեֆ Այրոզոլն է տվյալ գրաֆիտիի հեղինակը: Եթե նայեք Այրոզոլի  նկարները, ապա կտեսնեք, որ նա, ինչպես և բոլոր գրաֆիտի անողները, ունի իր ստորագրությունը: Ջեֆի դեպքում դա համակարգչային քլիկի ՝ սլաքի նշանն է:

Gayane Ginosyan (1)

Ginosyan (2)

– Իսկ ինչո՞ւ հենց տվյալ գրաֆիտին ընտրվեց Բախմանի բազում լուսանկարներից:

– Իրականում մենք շատ էինք տատանվում, թե ի՞նչ լուսանկար պետք է լինի գրքի շապիկին, քանի որ այդքան էլ գրավիչ չէր ստացվում: Այս գրաֆիտին Բեռլինի պատմության թանգարանին արված գրաֆիտի է: Եվ մենք միասին որոշեցինք, որ սա լավագույն ընտրությունն է մեր գրքի շապիկի համար: Նշեմ, որ նախքան տեղադրումը շապիկին, մենք կապ ենք հաստատել Ջեֆ Այրոզոլի հետ, և մեզ մոտ ամեն ինչ օրինական է արված:

Լուսանկարները՝ «Զանգակ» հրատարակչության

 

 

Տեսանյութեր

Լրահոս