«Ճգնաժամը Հայաստանին ավելի ուժեղ կհարվածեր, եթե նա ԵՏՄ անդամ չլիներ». Ալեքսեյ Մարտինով
Նորագույն պետությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովն այսօրվա քննարկմանը նշեց, որ ԵՏՄ-ն նախևառաջ՝ տնտեսական միություն է, թեև, ըստ նրա՝ քաղաքական գործոնը, բնականաբար, կա. «Քաղաքականությունն ամեն տեղ կա, բայց ԵՏՄ-ի ստեղծման ժամանակ կարևորվել է տնտեսական գործոնը: Իհարկե, մենք հաճախ հայկական ԶԼՄ-ների մոնիտորինգ ենք անցկացնում, ու այնտեղ կան ձայներ, որոնք ասում են՝ արդեն անցել է մեկ տարի, ինչ անդամակցում ենք ԵՏՄ-ին, ու օգուտներ չենք տեսել: Ուզում եմ ասել, որ իրավիճակն ամբողջ աշխարհում է վատ, համաշխարհային տնտեսական ճգնաժամ է: Այլ հարց է, որ միասին ճգնաժամն ավելի հեշտ է հաղթահարել: Ու հիմա՝ մեկ տարի անց, պետք է խոսել ոչ թե՝ չստացած օգուտների մասին, այլ՝ նրա, որ ճգնաժամը Հայաստանին ավելի ուժեղ կհարվածեր, եթե նա ԵՏՄ անդամ չլիներ»:
Նրա խոսքով՝ ԵՏՄ անդամ երկրների անվտանգության ապահովումն էլ է կարևոր հարց. «Հայաստանում կա ռազմաբազա, այո, դա նույնպես քաղաքականություն է ու բխում է ԵՏՄ-ից, բայց իմ կարծիքով՝ Հայաստանի անդամակցության տարին ԵՏՄ-ին հաջող էր»:
Իրանի վրայից պատժամիջոցների վերացումը Հայաստանի վրա, որպես ԵՏՄ անդամ պետություն, իր առավելությունները կթողնի: «Ես համոզված եմ, որ Հայաստանի հարևան Ադրբեջանը կջանա որևէ կերպ մասնակցել ԵՏՄ-ի շրջանակներում տեղի ունեցող գործընթացին, որովհետև ադրբեջանական տնտեսությունը գրեթե ոչնչացված է: Եթե մինչև հիմա դեռ ողջ են, դա չի նշանակում, որ տնտեսական հանճարներ ունեն, այլ՝ որովհետև ուտում են այն ճարպը, որը կուտակել են վերջին տասը տարիներին՝ բարձր գների արդյունքում: Այնտեղ ճնշումները համարվում են քաղաքականություն: Իսլամացման սպառնալիքը նույնպես կախված է Ադրբեջանի վրա»,- ասաց նա: