«Կարծում եմ՝ 15-20%-ով գազը կէժանանա Հայաստանի համար». Կոնստանտին Սիմոնով
Էներգետիկ անվտանգության ազգային հիմնադրամի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սիմոնովն այսօրվա քննարկմանը կատակելով կարծիք հայտնեց, որ Հայաստանը կարող է շահել նրանից, ինչ տեղի է ունենում Ռուսաստանում՝ նկատի ունենալով Ռուսաստանի տնտեսական վիճակը: Նրա խոսքով՝ երբ խոսում են ԵՏՄ-ից, ասում են՝ ինչի համար է դա պետք.
«Գաղափարը պարզ է, այն տնտեսական կառույց է, ու եթե ոչ մեծ բնակչությամբ Հայաստանը մտածում է՝ ինչպես մեծացնի իր տնտեսությունը, ապա հաջողության գլխավոր գաղտնիքը շուկան է: Հասկանալի է, որ ԵՏՄ-ում կան նաև քաղաքական ասպեկտներ, քաղաքականությունն ամեն տեղ կա, այդ թվում՝ տնտեսությունում: Մենք տեսանք, թե քաղաքականությունն ինչ ազդեցություն ունեցավ մեր և Ուկրաինայի հարաբերություններում, ու ինչ է հիմա տեղի ունենում Ուկրաինայի տնտեսությունում: ԵՏՄ-ի գաղափարը բավականին պարզ ու խելամիտ է: Վրաստանը ևս չմտավ ԵՏՄ կազմի մեջ, ու Վրաստանի տնտեսությունում փոփոխություններ չեմ տեսնում: Այնտեղ օրիգինալ մոդելներ չեն կանխատեսվել, իսկ եվրոպական շուկայում նրանց ոչ ոք չէր սպասում»:
Նրա խոսքով՝ Ռուսաստանից Հայաստանից մատակարարվող գազի գինը բավականին ցածր է. ««Գազպրոմը» ստացել է իր սեփականությունը Հայաստանի գազային համակարգում, ու ստանում է էժան գազ, թեև դրա հետ կապված Հայաստանում տարբեր մեկնաբանություններ կան: Այլ հարց է, որ գները համաշխարհային շուկայում ընկել են, ու ակնկալիքներ կան, որ ռուսական գազի գինն էլ կընկնի, բայց մեկ է՝ Հայատան մատակարարվող գազի գինը շատ ցածր է՝ համեմատած մեր մյուս սպառողների հետ»:
Նրա խոսքով՝ գազի էժանացման վերաբերյալ բանակցությունները կբերեն նրան, որ գազն ավելի կէժանանա, թեկուզ նրա կարծիքով՝ այն արդեն բավականին էժան է. «Կարծում եմ՝ 15-20%-ով գազը կէժանանա Հայաստանի համար»
Խոսելով տարածաշրջանում Իրանի դերի մասին՝ նա նշեց, որ Իրանը հույս ունի վերադարձնել պատժամիջոցների ընթացքում կորցրածը ու մտածում է, որ իրեն հատուկ արտոնություններ են տալու. «Իրանը նավթ արտահանող երկիր է եղել միշտ ու հիմա պատրաստվում է ավելի շատ արտահանել: Իսկ համաշխարհային գազի շուկայում Իրանը խաղացող չէ, բայց պոտենցիալ ունի: Հասկանալի է, որ մենք Իրանի հետ մրցակից ենք, բայց մենք առողջ մրցակցության կողմնակից ենք: Վաղն Իրանում ընտրություններ են, ու կարծում եմ՝ Իրանը շատ անակնկալներ կմատուցի մեզ, նաև՝ եվրոպացիներին: Այնպես որ, տեսնենք, թե ինչպիսին կլինի իրավիճակը, ու ըստ այդմ կխոսենք համագործակցությունից»: