Հայկական Truthly հավելվածի միջոցով հնարավոր է անանուն նամակներ ուղարկել
Սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում են Truthly բջջային հավելվածի կողմից առաջարկվող անանուն կարծիք հայտնելու հրավերները: Truthly-ն բջջային հավելված է, որը թույլ է տալիս մարդկանց ստանալ անձնական, կոնստրուկտիվ հետադարձ կապ ընկերներից՝ անանուն: Այն նախատեսված է մարդկանց համար, ովքեր ձգտում են անձնային աճի և դրա համար պատրաստ են կոնստրուկտիվ փոփոխությունների:
Հավելվածի հեղինակներից Հրաչյա Մանուկյանը պատմում է, որ շատ ստարտափների նման՝ իրենց հավելվածը ևս սկսվել է առկա խնդիրներն ուսումնասիրելու արդյունքում: Հաճախ պատահում է՝ ցանկանում ես մարդուն ասել ճշմարտությունը, սակայն վախենում ես ասել այն առերես: Հենց այս խնդրի պատճառով որոշվեց ստեղծել մի հավելված, որի միջոցով մարդիկ կարող են անանուն կիսվել իրենց մտքերով և ասել այն ամենը, ինչ վախենում են ասել իրենց անունից:
Ստարտափի երկու հեղինակներն էլ ծրագրավորողներ են՝ Հրաչյա Մանուկյանը և Ալեքսանդր Ադամյանը: Տղաները նախագծի վրա սկսել են աշխատել 2013 թվականից: Ուսումնասիրելով արդեն գործող բոլոր կայքերն ու ծրագրերը, որոնք թույլ են տալիս անանուն նամակներ հղել՝ նրանք իրենց հավելվածի համար առանձնացրել են 2 կարևոր սկզբունք:
Առաջինն այն է, որ մարդը չպետք է բացահայտվի անանուն նամակ գրելիս: Հենց բացահայտվելու վախն է, որ ստիպում է շատերին չգրել կամ չասել կարևոր բաներ: Նամակն ուղարկելուց առաջ այլ ծրագրերը պահանջում են նախնական գրանցում, որտեղ գրվում է կամ էլեկտրոնային փոստի հասցեն, կամ հեռախոսահամարը: Իսկ նման տվյալներով կարելի է պարզել, թե ով է նամակի հեղինակը: Այդ իսկ պատճառով՝ Truthly-ի այցելուները կարող են առանց գրանցման հղել նամակներ:
Երկրորդ սկզբունքը վերաբերում է մարդկանց այն շրջանակին, ովքեր կարող են հղել անանուն նամակներ: Truthly-ի միջոցով նամակներ կարող են ուղարկել միայն այն անձինք, ովքեր ճանաչում են օգտատիրոջը: Ըստ հեղինակների՝ միայն մարդուն լավ ճանաչողը, ընկերը, բարեկամը կարող է տալ թանկ խորհուրդ: Հավելվածի նպատակը ոչ միայն անանուն կարծիք հայտնելն է, այլև մարդուն փոփոխվել օգնելը: Դրա համար հավելվածում կարող են նամակներ գրել այն մարդիկ, ովքեր օգտատիրոջ մասին կարևոր որևէ բան գիտեն: Նամակ գրելու համար պետք է կամ իմանալ այնպիսի բան, որն այդ մտերիմը պարտավոր է իմանալ, կամ էլ պետք է լինել սոցիալական կայքերում ընկերների շարքում:
Հավելվածում գործում է անվտանգության հարցադրում, որը ցույց կտա՝ արդյո՞ք կարծիք հայտնողները մտերիմ մարդկանց շրջապատից են, թե՞ ոչ:
2013 թվականին արդեն գործում էր հավելվածի նախնական տարբերակը: Մի քանի շաբաթ անց արդեն կային առաջին 1000 օգտատերերը: Փորձնական տարբերակը թույլ տվեց նկատել հավելվածի բոլոր թերությունները, և որոշ ժամանակ գրանցումները դադարեցնելուց հետո, հավելվածը շարունակեց իր աշխատանքը՝ արդեն մշակված տարբերակով:
«Այսօր հավելվածն ունի գրանցված 50.000-ից ավելի օգտատեր, որոնցից մոտ 40.000-ը Հայաստանից են, բայց նախագծի հեղինակներս սա դեռ հաջողություն չենք համարում: Հաջողություն կհամարենք այն, երբ արդեն միլիոնավոր ակտիվ օգտվողներ կլինեն ամբողջ աշխարհից: Իսկ դրա վրա հիմա աշխատում ենք: Truthly-ն դեռ պետք է զարգացվի տեխնիկապես: Օրինակ, հիմա խաղային ինչ-որ տարրեր ենք մտցնում. մարդը կարող է իր ակտիվության շնորհիվ միավորներ հավաքել և դրանք հետագայում ծախսել մյուսներին անհասանելի որոշ հնարավորություններից օգտվելու համար: Հավելվածի խաղայնացումը, կարծում եմ, մեծ դեր է խաղալու դրա ապագայի վրա»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հրաչյա Մանուկյանը:
Հավելվածն ամենաշատը տարածված է Հայաստանում, սակայն հավելվածից օգտվում են նաև այլ երկրներում:
«ԱՊՀ երկրներից ամենաակտիվը Ռուսաստանը, Ուկրաինան ու Մոլդավան են: Օրինակ, վերջին 1 ամսում Մոլդավայից մոտ 4000 մարդ գրանցվեց: Բավական ակտիվ են մարդիկ նաև Ռումինիայում, որտեղ կրկին հազարավոր օգտատերեր կան: Մի քանի հազար օգտատերեր կան Հնդկաստանից, սակայն, ընդհանուր առմամբ, սա դեռ ամեն ինչի սկիզբն է, իրական արդյունքները միայն ամիսներ անց են երևալու»,- եզրափակեց Հրաչյա Մանուկյանը:
Truthly -ին մասնակցել է Ձեռնարկությունների ինկուբատոր հինադրամի՝ Համաշխարհային բանկի ու ՀՀ Էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ կազմակերպած Նորարարության զարգացման դրամաշնորհային մրցույթին: Մրցույթում հավելվածը հաջողություն է ունեցել և դարձել է հաղթողներից մեկը:
Սիրարփի Աղաբաբյան