Բաժիններ՝

«Ի՞նչ կլիներ, եթե մի օր արթնանայիք ու տեսնեիք, որ ձեր բոլոր հարազատները անհետացել են». Սայմոն Ուիլքինսոն

Ի՞նչ կլիներ, եթե մի օր արթնանայիք ու տեսնեիք, որ ձեր բոլոր հարազատները անհետացել են: Ի՞նչ կանեիք, ի՞նչ կզգայիք:

Այսօր «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում Բրիտանական ֆիլմերի փառատոնի հյուր Սայմոն Ուիլքինսոնը հանդիպեց լրագրողների հետ և հանդես եկավ վիրտուալ իրականության մասին մեդիա զրույցով, որի ընթացքում հյուրը փորձում էր բացատրել և բացահայտել հենց այսպիսի իրականության պատճառահետևանքային կապերը: Երբ մտնում ես Սայմոն Ուիլքինսոնի վիրտուալ իրականության ինտերակտիվ ինստալյացիայի տարածք, հենց այդ հարցերն ես տալիս ինքդ քեզ: Ինստալյացիայի հիմքում են ԱՄՆ Այդահո նահանգում 50-ականներին տեղի ունեցած չբացահայտված անհետացումները, և մասնակիցները կարճ՝ «Խորանարդ» ֆիլմի միջոցով՝ իբրև անհետացածներից մեկի աչքերով, հայտնվում են այդ իրադարաձությունների կենտրոնում:

«Խորանարդ» ֆիլմը վիրտուալ իրականության փորձ է, որը ձգտում է հանդիսատեսին ներկայացնել պատմության ամենատարօրինակ զանգվածային անհետացումներից մեկը՝ անհետացածների թողած ութ նամակ-ապացույցի հիման վրա:

«Վերջին հինգ տարիների ընթացքում իմ աշխատանքը վերաբերել է ոչ միայն լսողական և տեսողական զգայարանների միջոցով ընկալվող տեղեկատվությամբ իրականության ստեղծմանը, այլ նաև կինեստետիկ զգացողությունների միավորմանը՝ բոլոր զգայարանների մասնակցությամբ տեղեկատվության ընկալմանը: Այս ֆիլմում իրար զուգընթաց՝ երկու տարբեր իրականություններ են ընթանում: Պատմությունը շատ պարզ է՝ 1959թ. նոյեմբերի 18-ին քոլեջի 8 ուսանողներ իրենց դասախոսի հետ մեկնեցին անապատ և պարզապես անհետացան, այլևս երբեք չվերադարձան այնտեղից: Երկու շաբաթ անց ուսանողների ծնողները գտան իրենց երեխաների կողմից գրված 8 տարբեր նամակներ, որոնք գտնվեցին շատ տարօրինակ մի վայրից՝ խորանարդաձև, փոքրիկ սև մի շինության միջից: Այժմ այս 8 նամակները պահվում են Այդահո նահանգի Պատմության թանգարանում, և պետք է ասեմ, որ այդ թանգարանն այս նախագծի գործընկերներից է: Նրանք թույլ տվեցին ինձ կարդալ այդ բոլոր նամակները, որպեսզի ես կարողանայի դրանց պատմությունը պատմել, ինչն էլ ես արեցի իմ «Խորանարդ» ֆիլմում»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Բրիտանական ֆիլմերի փառատոնի հյուր Սայմոն Ուիլքինսոնը:

Կարդացեք նաև

Բրիտանական ֆիլմերի փառատոնի շրջանակներում անցկացվելիք միջոցառման մասնակիցները վիրտուալ իրականության մեջ են ընկնում Oculus Rift-ի օգնությամբ, որի 360 աստիճանանոց 3D-ն անհավատալի բնականություն է հաղորդում միջոցառմանը:

Սայմոն Ուիլքինսոնը բնորոշում է իրեն՝ որպես միջպլատֆորմային արվեստագետ: Նրա աշխատանքը ներառում է աուդիովիզուալ միջոցներ, ինստալյացիա, վիրտուալ իրականություն, էլեկտրոնային երաժշտություն և առցանց ու կատարողական արտահայտչամիջոցներ՝ հաճախ միաժամանակ համատեղելով բոլոր այս մոտեցումները:

Տեղեկացնենք, որ այսօր ժամը 18:30-ին Սայմոն Ուիլքինսոնը հասարակության լայն շրջանակների համար կկիսվի իր փորձով և կվարի «Վիրտուալ իրականությունը՝ որպես պատմելու նոր եղանակ» թեմայով զրույցը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս