Բաժիններ՝

«Հայկական դրամի արժեզրկումը դոլարի նկատմամբ համեմատաբար ավելի մեղմ է». տնտեսագետ

«Փոխարժեքի տատանումները տնտեսության վրա երկակի ազդեցություն ունեն. մի կողմից՝ դրամի արժևորումը հանգեցնում է արտահանման առումով որոշակի խնդիրների, բայց մյուս կողմից էլ՝ դրա կտրուկ արժեզրկումը կբերի բնակչության եկամուտների կորստի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց տնտեսական գիտությունների դոցենտ, տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:

Ըստ նրա՝ տարբեր ցուցանիշներ համադրելիս` տեսնում ենք, որ հայկական դրամի արժեզրկումը դոլարի նկատմամբ համեմատաբար ավելի մեղմ է, քան տարածաշրջանային մյուս արժույթների դեպքում.

«Վերջին շրջանում եվրոն դոլարի նկատմամաբ արժեզրկվել է գրեթե նույն չափով, ինչ դրամը՝ 23%-ով»:

Տնտեսագետի խոսքով՝ դրամի համեմատաբար կայուն լինելը պայմանավորված է մի քանի հանգամանքով.

«ԿԲ-ի կողմից «լողացող արժույթի» քաղաքականությունը ենթադրում է, որ ազգային արժույթի փոխարժեքը որոշվում է առավելապես դրա առաջարկի ու պահանջարկի հարաբերակցությամբ: Առաջարկի ու պահանջարկի տեսանկյունից ի՞նչ խնդիրներ կան: 2015թ. մեր արտահանման ծավալները որոշակի աճ են արձանագրել, ինչը, բնականաբար, դոլարային մուտքեր է ապահովել երկիր, ու դոլարի առաջարկը տնտեսությունում մեծացել է: Մյուս կողմից՝ հաշվի առնելով նաև որոշակի գնողունակության խնդիրները, ներքին պահանջարկը, սպառման ծավալների մասնակի կրճատումը, ներմուծման ծավալները 2015թ. կրճատվել են, ինչն ուղղակիորեն բերում է նրան, որ դոլարի նկատմամբ պահանջարկը պետք է ավելի քիչ լինի: Բացի դրանից, մասնակիորեն կրճատվել են տրանսֆերտները: 2015թ., նախորդ տարվա համեմատ՝ ունենք օտարերկրյա ներդրումների 17%-անոց աճ, ինչը ևս դոլարային մուտքեր է ապահովում երկիր: Այս երկու գործոններն են պատճառը, որ մեր երկրում դոլարն առանձնակի մեծ չափով չի արժևորվել դրամի նկատմամբ»:

Նա նշեց, որ համեմատաբար ավելի կայուն դրամը մեզ համար խնդիրներ է առաջացնում արտահանման տեսանկյունից.

«Պարզ է, որ արժեզրկված դրամը մեր արտահանման ծավալների տեսանկյունից շատ ավելի շահեկան կդարձներ տնտեսությունը: Բայց երբ համեմատում ենք բնակչության կենսամակարդակն ու արտահանման հնարավոր աճը, այստեղ պետք է առավելություն տրվի կենսամակարդակին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս