«Փախստականների ճգնաժամի ֆոնին Բունդեստագում Ցեղասպանության բանաձև չի ընդունվի». Ժիրայր Քոչարյան

168.am-ի զրուցակիցն է Բեռլինի ազատ համալսարանի դասախոս, Գերմանիայում Հայոց ցեղասպանության ճանաչման հանձնախմբի անդամ Ժիրայր Քոչարյանը

Պարոն Քոչարյան, մամուլում տեղեկություններ են դրվել շրջանառության մեջ, որ փետրվարի 24-ին Գերմանիայի դաշնային խորհրդարանում կքննարկվեն Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծերը, որոնք ներկայացրել են Գերմանիայի խորհրդարանի «Ձախերի» (Die Linke) և «Կանաչների» (Die Grüne) կուսակցությունները, և որոնց քննարկումն անորոշ ժամկետով հետաձգվել էր: Ի՞նչ կարելի է ակնկալել այդ քննարկումից, եթե նման քննարկում տեղի ունենա, հաշվի առնելով Թուրքիայի ներկայիս հեղինակությունն Արևմուտքում սիրիական պատերազմում իր դերակատարության համար:

– Անկեղծ ասած, մենք չունենք տեղեկություն, թե նման քննարկում է լինելու, նախագծերի քննարկումը հետաձգվել էր, և այդ մասին գերմանական մամուլը դեռ լուռ է և շարունակելու է լռել: Փախստականների ճգնաժամի հետևանքով Գերմանիան չափազանց կախյալ է դարձել Թուրքիայից: Գիտեք, որ Եվրոպան խոստացել է սկզբից 3 միլիարդ եվրո հատկացնել Թուրքիային, հետո՝ ևս 3 միլիարդ, որովհետև Մերկելը խոստացավ, որ փախստականներին կընդունի, բայց հետագայում զգաց, որ դա հնարավոր չէ, չեն կարող և չեն ցանկանում: Մերկելը ցանկանում է փախստականների հոսքը կասեցնել Թուրքիայի միջոցով, որպեսզի Թուրքիան թույլ չտա, որ փախստականները բալկանյան ճանապարհով հասնեն Եվրոպա:

Մեծ վեճ է գնում Գերմանիայում և Եվրոպայում, որ ի վիճակի չեն այդքան փախստական ընդունելու, և սա չափից շատ է, խնդիրներ կան: Մերկելը գնացել էր Բրյուսել, որպեսզի այս առնչությամբ ԵՄ անդամ երկրների հետ քննարկումներ վարի, ռազմավարություններ համաձայնեցնի, որպեսզի փախստականների որոշ տոկոսին ընդունեն, իսկ մյուս մասին՝ ոչ։ Որոշվել է, որպեսզի Մերկելը կրկին մեկնի Թուրքիա, քանի որ Դավութօղլուն պետք է գար Եվրոպա, սակայն Անկարայի պայթյունի պատճառով չի գալու, և, ուրեմն, Մերկելը պետք է մեկնի Թուրքիա:

Մերկելը շարունակ խոսում է այն մասին, որ Թուրքիայի հետ այդ հարցը կարող է լուծել, որ Եվրոպան Թուրքիայի կարիքն ունի, որ Թուրքիան կարևոր դեր ունի այս հարցում, շարունակ հիշեցնում է, որ Թուրքիան երկու միլիոնից ավելի փախստական է ընդունել, ինչը մեծ օգնություն է որակում, գովաբանում Թուրքիային, այնինչ գլխավոր խնդիրներից մեկը հենց Թուրքիան է եղել: Թուրքիան է, որ շարունակ ԻՊ-ին օգնել է տնտեսապես, ԻՊ-ի գողացած նավթը գնել է էժան գնով, օգուտներ քաղել, ԻՊ-ի վիրավոր զինծառայողներին բուժօգնություն է տրամադրել, և այլն, և այլն: Ընդհանրապես պատերազմին մասնակցող ոճրագործները Թուրքիայի սահմանով են անցնում, և Թուրքիան է կառավարում այս ամենը: Այս պայմաններում չեմ հավատում, որ Հայկական հարցը դրական հանգուցալուծում ունենա Բունդեստագում: Այս վերջին զարգացումների հետևանքով՝ չեմ կարծում, թե նման բան լինի:

– Փախստականների ճգնաժամն էլ ավելի մեծ կախվածության մե՞ջ է գցել Եվրոպային Թուրքիայից:

– Ավելի ճիշտ՝ Գերմանիային, որովհետև Գերմանիային է, որ խոստումներ տվեց, և Գերմանիան է, Անգելա Մերկելն ու իր կուսակցությունն են ելք որոշում, որ այդ փախստականներին հենց Թուրքիայում արգելվի Եվրոպա մտնել, և ինքը կարողանա հաղթահարել այս խնդիրը: Նրանք ի վիճակի չեն այսքան փախստական ընդունելու:

Տեսանյութեր

Լրահոս