Որ դեպքերում վարորդները կարող են չսպասել ԱՊՊԱ-ին և ինչ պայմաններում

Մարտի 1-ից կգործի համաձայնեցված հայտարարագրի նոր ձևը. ճանապարհատրանսպորտային պատահարների մասնակից վարորդներին հնարավորություն կընձեռվի չսպասել ապահովագրական ընկերություններին և հեռանալ դեպքի վայրից՝ լրացնելով համապատասխան հայտարարագիր և լուսանկարելով պատահարի մանրամասները:

Գործընթացն իրականացվում է առանց ապահովագրական ընկերության և Ոստիկանության համաձայնության: Խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ ակնկալվող հատուցման չափը չի գերազանցում 50 հազար դրամը: Կարգավորման հիմնական նպատակը խցանումների նվազեցումն է. ապահովագրական ընկերություններին սպասելու պարագայում երևանյան փողոցներում հատկապես հաճախ են խցանումներ առաջանում:

Պատահարի կարգավորման գործընթացն այսպիսով բավական պարզեցվել է. համաձայնեցված հայտարարագրում ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից վարորդներից պահանջվում է նշել պատահարի վայրը, ամսաթիվը, ժամը, մասնակից ավտոտրանսպորտային միջոցների և վարորդների որոշ տվյալներ, մասնավորապես՝ տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը, վկայագրի համարը, վարորդի անունն ու ազգանունը, վարորդական վկայականի սերիան և համարը, վարորդի հեռախոսահամարը, ինչպես նաև գործող ԱՊՊԱ պայմանագրով ապահովագրական ընկերության անվանումը: Հայտարարագրում պահանջվում է նշումներ կատարել նաև տրանսպորտային միջոցների վնասված դետալների վերաբերյալ: Հայտարարագիրը պետք է լրացվի երկու մասնակից-վարորդների կողմից միաժամանակ՝ պատահարի վայրում:

Դրա բոլոր ազատ դաշտերը ենթակա են պարտադիր լրացման: ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից երկու վարորդների կողմից հայտարարագիրը պետք է ստորագրվի, ինչից հետո չի թույլատրվում դրանում որևէ փոփոխություն, ուղղում կամ լրացում կատարել: Հայտարարագիրը լրացվում է մեկ օրինակից և տրվում է այն վարորդին, ով փոխադարձ համաձայնությամբ անմեղ է համարվել:

Նշենք, որ գործընթացին բավարարող մի շարք պայմաններ կան. նախ՝ հայտարարագիրը կարող է լրացվել միայն այն դեպքում, երբ միմյանց են բախվել ավտոտրանսպորտային երկու միջոց: Երկուսն էլ պետք է ունենան ԱՊՊԱ գործող պայմանագրեր: Պատահարի արդյունքում պետք է առաջացած լինի միայն տրանսպորտային միջոցի վնաս: Պատահարի մասնակից վարորդներից մեկը պետք է ընդունի իր մեղավորությունը, ինչի վերաբերյալ պետք է առկա լինի փոխադարձ համաձայնություն: Ուշադրություն պետք է դարձնել այն հանգամանքի վրա, որ մեղավորության մասով վարորդները հետագա բողոքարկման հնարավորություն չեն ունենալու: Նշված կարգով լրացված հայտարարագրի հիման վրա ԱՊՊԱ ոլորտում հատուցման ենթակա առավելագույն չափը, անկախ փաստացի վնասի չափից, չի կարող գերազանցել 50 հազար դրամը: Ճանապարհատրանսպորտային վթարի հետևանքով ավտոտրանսպորտային միջոցի վնասները գնահատվում են փորձագետի կողմից՝ ավտոտրանսպորտային միջոցը հետազոտելիս:

Eduard-HovhannisyanՊատահարից հետո վարորդները ցանկացած միջոցով, այդ թվում՝ հեռախոսով, պետք է նվազագույնը երեք անգամ լուսանկարեն մեքենաները. կարելի է կատարել նաև տեսանկարահանում: Լուսանկարներում պետք է երևան տրանսպորտային միջոցների հետվթարային դիրքերը, ինչպես նաև մեքենաների վնասվածքները: Հայտարարագիրը լրացնելուց, այն ստորագրելուց հետո վնաս պատճառած վարորդն ԱՊՊԱ կազմակերպությանը պետք է տեղեկացնի տեղի ունեցած վթարի մասին:
«Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ խնդիր էր դրված՝ նվազեցնել խցանումները.

«Առաջին քայլը դա էր, որ արվեց: Կառավարությունն ընդունեց որոշումը: Կան պայմաններ՝ վթարի մասնակիցները պետք է երկուսը լինեն, երկուսն էլ պետք է ապահովագրված լինեն, երկուսն էլ փոխհամաձայնության պետք է գան մեղավորության վերաբերյալ, ստորագրեն հայտարարագիրը և փաստաթուղթը տանեն, հանձնեն ապահովագրական ընկերությանը:

5 աշխատանքային օրվա ընթացքում պետք է հանձնվի հայտարարագիրը: Երեք ամսվա ընթացքում կարող է գումար պահանջել: Նախ՝ պարզեցվել է ընթացակարգը: Վարորդն ընդամենը պետք է ունենա մի հեռախոս կամ սարք, որը կարողանա նկարել»:

Հարցին՝ որքանո՞վ կարող են վարորդները հասկանալ՝ պատահարում ով է մեղավոր, նա պատասխանեց. «Ցավոք, նախկինում այդպես էր: Վթարի վայրում փոխհամաձայնության են գալիս, հետո պարզվում է, որ այդպես չպիտի լիներ: Հետո հանկարծ փորձագետը կամ ապահովագրության փորձագետը կամ անկախ փորձագետը եզրակացություն են տալիս՝ ասել, որ նա մեղավոր չէ, մյուսն է մեղավոր: Իսկ հիմա դա վերանում է: Այդ լրացուցիչ բարդությունները հանվում են: Ով տեղում ստորագրեց, որ ինքն է մեղավոր, այդպես էլ մնում է: Հետո, երբ մեքենան արդեն ներկայացնում են գնահատման, իրենք կգնահատեն վնասը և գումարը կտան»:

Հարցին՝ արդյոք սա կարո՞ղ է շինծու դեպքերի պատճառ դառնալ, Էդուարդ Հովհաննիսյանը պատասխանեց, որ ամեն ինչ հնարավոր է. «Բայց դա մասնագետների համար հեշտ է պարզել»: Միևնույն ժամանակ, Էդուարդ Հովհաննիսյանն ասաց, որ սա պետք է լինի առաջին քայլը. հետագայում սահմանված գումարի չափը կարելի է ավելացնել. «Կարծես նպատակ ունենք դարձնել 100 հազար, իսկ հետագայում կարող ենք դարձնել երևի 500 հազար: Ռուսաստանում այսօր 1000 դոլարին համարժեք ռուբլի է գործում, բայց այնտեղ կան պայմաններ»:

Նա տեղեկացրեց նաև, որ ճանապարհատրանսպորտային պատահարի տեղի ունենալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում տուժած վարորդը ստորագրված հայտարարագիրը պարտավոր է ներկայացնել մեղավոր վարորդի հետ պայմանագիր կնքած ապահովագրական ընկերությանը և դիմում ներկայացնել հատուցում ստանալու համար: Հատուցում ստանալու դիմումը կարող է ներկայացվել նաև վթարից հետո եռամսյա ժամկետում: Ապահովագրական ընկերության կողմից նշանակվում է փորձաքննություն, որի արդյունքների հետ անհամաձայնության դեպքում կարող է ներկայացվել լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննություն ներկայացնելու պահանջ:

Տեսանյութեր

Լրահոս