Բելառուսական ապրանքների ներմուծումը Հայաստան ավելացել է 10%-ով. Կարեն Ճշմարիտյան
«Հայ-բելառուսական տնտեսական հարաբերությունները գտնվում են բավականին բարձր մակարդակի վրա, և հատկապես առավել կարևորվում է ԵՏՄ հարթակում մեր համագործակցությունը: Բելառուսական կողմի հետ բավականին լուրջ հետաքրքրություններ ունենք և բավականին լուրջ հնարավորություններ՝ հետագա զարգացման համար:
Տնտեսական հարաբերությունների խորացումը երկուստեք կարևորվեց հատկապես էներգետիկայի, տրանսպորտի և գյուղատնտեսության բնագավառներում: Հայաստանյան կողմն առաջարկեց, որպեսզի մոտակա ժամանակներում Հայաստանում անցկացվի ինովացիոն հարցերին վերաբերող համաժողով՝ հայ և բելառուս գիտնականների մասնակցությամբ: Օրակարգը կմշակվի համատեղ, և ինովացիոն տեխնոլոգիաների բնագավառում մենք բավականին լուրջ համագործակցության ռեսուրսներ ունենք ու պետք է դա օգտագործենք»,- այսօր Տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական 12-րդ նիստից հետո այս մասին նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Բելառուսի Հանրապետության անտառային տնտեսության նախարար Միխայիլ Ամելյանովիչի խոսքով՝ մեծ պոտենցիալ կա երկու երկրների հետագա համագործակցության խորացման համար՝ տնտեսական, գիտական ու հումանիտար ուղղություններով. «Այսօր ընդունել ենք այդպիսի որոշումների շարք մեր հետագա համագործակցության համար: Իսկ ավելի կոնկրետ՝ գյուղատնտեսության ոլորտում՝ բելառուսական տեխնիկայի կիրառումը հայ ֆերմերների կողմից:
Այսօր քննարկել ենք բելառուսական տեխնիկան հայ ֆերմերներին հասցնելու հարցը: Մեր տեխնիկան չի զիջում միջազգային ստանդարտներին, բայց ավելի մատչելի է: Երեկ և այսօր քննարկել ենք նաև մեզ մոտ արտադրվող ավտոբուսների հարցը և կարող ենք այդ ուղղությամբ էլ աշխատել: Հայաստանից դեպի մեր հանրապետություն կարող է արտահանվել կոնյակի սպիրտ, գինիներ, գյուղատնտեսական մթերքներ, և որոշել ենք, որ հայկական արտադրանքի ծավալների ներմուծումը Բելառուս տարեցտարի կմեծանա:
Մենք համոզված ենք, որ կան դրական միտումներ Հայաստանի ու Բելառուսի հետագա համագործակցության խորացման հարցում»: Կարեն Ճշմարիտյանը նկատեց, որ երկու երկրների միջև կա առևտրաշրջանառության անկում, բայց ըստ նրա՝ անկումը Բելառուսի Հանրապետությունից Հայաստան այն ապրանքների գծով է, որոնք երրորդ երկրներից Բելառուսով եկել են Հայաստան. «Իսկ բելառուսական ապրանքների ներմուծումը Հայաստան ավելացել է 10%-ով:
Հայաստանից արտահանումների մասը՝ ծավալային առումով, շատ քիչ տարբերություն է տալիս, նույնիսկ կարելի է ասել, որ համարյա 100%-ի վրա է, բայց գնային առումով անկում է եղել, դրա համար այն ազդեցությունները, որ եղել են արտաքին շուկաների կողմից՝ գների վրա, իրենց որոշակի ազդեցությունը թողել են»: Նիստի ավարտին ՀՀ էկոնոմիկայի նախարարն ու Բելառուսի անտառային տնտեսության նախարարը ստորագրել են Տնտեսական հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի արձանագրությունը, որում ամրագրվել են հետագա համագործակցության ուղղություններն ու քայլերը: