Բաժիններ՝

Տարանցվող բարեկամություն

Թեհրանն ու Թբիլիսին բանակցություններ են վարում 200 մլն խմ իրանական գազը Վրաստան մատակարարելու վերաբերյալ: Այդ մասին երեկ հայտարարել է Իրանի գազի արտահանման ազգային ընկերության (NIGEC) գլխավոր տնօրեն Ալիռեզա Քամելին:

«Թեհրանն ու Թբիլիսին բանակցություններ են վարում 200 միլիոն խորանարդ մետր իրանական գազն այդ կովկասյան պետություն արտահանելու վերաբերյալ»,- ասել է Քամելին Թեհրանում Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեի ու Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի մասնակցությամբ բանակցություններից հետո:

«Վրաստանի պետական ու մասնավոր ոլորտի ձեռնարկությունները հետաքրքրված են Իրանից գազի գնմամբ: Սպասվում է, որ Վրաստան գազամատակարարումները կսկսվեն հաջորդ իրանական տարում (սկսվում է մարտի 21-ին)»,- նշել է նա՝ ավելացնելով, որ նոր պայմանագիրը կստորագրվի 7 ամսով ու հիմք կծառայի այդ ոլորտում համագործակցության հետագա ընդլայնման համար:

Ուշագրավ է, սակայն, Քամելիի՝ այս համատեքստում արված մեկ այլ հայտարարություն: «Վրաստանը դեռ պետք է թույլտվություն ստանա Հայաստանից՝ հարևան երկրի տարածքով գազի տարանցման համար»,- ասել է իրանական պաշտոնյան: Զուտ տեխնիկական իմաստով այս հայտարարության մեջ որևէ արտառոց երևույթ չկա, եթե հաշվի առնենք, որ խոսքը երրորդ երկրի տարածքով երկու երկրների միջև էներգակիրների մատակարարման մասին է:

Բայց առաջին հայացքից՝ տեխնիկական լինելով այս հայտարարությունն իրականում ցույց է տալիս Հայաստանի քաղաքական կշիռը, ավելի ճիշտ՝ դրա բացակայությունն աշխարհում և տարածաշրջանում կատարվող գործընթացներում: Իրանական պաշտոնյան զուտ քաղաքական կոռեկտություն է ցուցաբերել՝ հայտարարելով, թե Վրաստանը «պետք է թույլտվություն ստանա Հայաստանից», քանի որ, ինչպես բոլորը, այնպես էլ Իրանի իշխանությունները շատ լավ գիտեն, որ Հայաստանի տարածքով գազ տարանցելու համար որևէ երկրի, այդ թվում՝ Վրաստանի իշխանությունները պետք է թույլտվություն ստանան ոչ թե՝ Հայաստանից, այլ՝ Ռուսաստանից, քանի որ Հայաստանում էներգակիրների հետ կապված գրեթե ամեն ինչ, այդ թվում՝ գազամատակարարման համակարգն ամբողջությամբ, ու Իրան-Հայաստան գազամուղը՝ ամբողջ երկայնքով, պատկանում է ռուսական «Գազպրոմին»:

Ընդ որում, «Գազպրոմին» է պատկանում ոչ միայն գազամատակարարման համակարգը ֆիզիկապես, այլ նաև իրավունքը՝ որոշել, թե ումից և ինչ պայմաններով կարող է Հայաստանը գազ գնել առաջիկա մի քանի տասնամյակների ընթացքում: Ու այդ պատկանելությունն ամրագրված է Հայաստանի խորհրդարանի կողմից ընդունված ամենաստորացուցիչ օրենքով: Եվ պատահական չէ, որ արդեն տևական ժամանակ է՝ Վրաստանի, Իրանի ու Ռուսաստանի իշխանությունները բանակցություններ են վարում իրանական գազի՝ Վրաստան արտահանման, հետագայում՝ բացառված չէ, տարանցման հարցի շուրջ:

Այդ բանակցություններում Հայաստանը որևէ կերպ ներգրավված չէ: Քանի որ, ինչպես՝ գրեթե ամեն ինչ, այնպես էլ՝ իր տարածքում ու տարածքով որևէ գործողություն կատարելու իրավունքը զիջել է Ռուսաստանին: Ամեն դեպքում, հաճելի է, որ մեր իրանական բարեկամները պահպանում են գոնե քաղաքական կոռեկտությունը՝ անգամ այդպես ցույց տալով, թե ինչպես են վարվում իրական, և ոչ թե՝ «ռազմավարական» բարեկամ երկրները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս