«Դոլարը 500 դրամի սահմաններում կմնա, չի բարձրանա». Վահագն Խաչատրյան
ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում՝ պատասխանելով մեր հարցադրմանը, թե հնարավո՞ր է՝ 1 դոլարն անցնի 500 դրամի սահմանագիծը, ի՞նչ ազդեցություն կունենա դոլարի արժևորումը Հայաստանի տնտեսության վրա, և ի՞նչ մեխանիզմներ պետք է կիրառի ՀՀ Կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքի աճը զսպելու համար, ասաց, որ դոլարը 500 դրամի սահմաններում կմնա, չի բարձրանա:
«500 դրամը մի փոքր հոգեբանական հարց է, նախևառաջ՝ այդ հոգեբանական արգելքը, ամենայն հավանականությամբ, ԿԲ-ն ամեն ինչ կանի, որ չանցնի: Անցած տարվա միտումները հաշվի առնելով՝ տարին այնպիսին է, հատկապես, երբ առևտրի ծավալները կրճատվում են, ներմուծումներն էականորեն կրճատվել են 30 տոկոսով, դոլարի նկատմամբ պահանջարկն այն չէ, ինչ 2013 կամ 2014 թվականներին:
Այդ առումով, ԿԲ-ի կողմից այս լողացող արժեքի քաղաքականության պայմաններում, ավելի հեշտ կառավարելի է կուրսը պահելը: Մի մոռացեք, որ մեզ մոտ խնդիրն այն է, որ արժույթի կուրսով են պայմանավորված նաև գազի, էլեկտրաէներգիայի սակագները: Ավելի ուժեղ դոլար՝ քան ավելի ուժեղ դրամ քաղաքականությունը, եթե իրականացվում է, ԿԲ-ն միգուցե գնա դրան, բայց ես շատ թերահավատ եմ դրա նկատմամբ, որովհետև այն, ինչ տեղի է ունենում նաև արտահանման շուկայում, ես տեսնում եմ, որ մենք չունենք նոր արտադրանք, որ կարող ենք արտահանել: Այդ առումով այդ քաղաքականությունն իրականություն չեն ուզում դարձնել:
Մեր երկրում խնդիրն այն է, որ մենք 32 տոկոս աղքատություն ունեցող, ներմուծումից կախվածություն ունեցող տնտեսություն ունեցող երկիր ենք, որտեղ դրամի կուրսի արժեզրկումը նշանակում է՝ աղքատության մակարդակի բարձրացում, մեծ գնաճ: Ու այս պայմաններում, երբ ճնշում էլ չկա տնտեսության մեջ, որպեսզի դժվարություն լինի պահելը, ես կարծում եմ՝ 500-ի սահմաններում կմնա, չի բարձրանա»: