Գործարար միջավայրի ցուցանիշը արդեն չորս եռամսյակ անընդմեջ գտնվում է 50-ից բարձր մակարդակում
ՀՀ ԿԲ կողմից կառուցվող գործարար միջավայրի ցուցանիշը (ԳՄՑ) արդեն չորս եռամսյակ անընդմեջ գտնվում է 50-ից բարձր մակարդակում: 2015թ. չորրորդ եռամսյակում ևս ԳՄՑ, նախորդի համեմատ ավելանալով 0.2 կետով, կազմել է 50.5` շարունակելով գտնվել կայունության միջակայքում:
Արդյունաբերության և շինարարության ոլորտի ցուցանիշների նվազումը թեև անդրադարձել է գործարար միջավայրի ցուցանիշի վրա, սակայն միևնույն ժամանակ առևտրի և ծառայությունների ոլորտների ցուցանիշների բարելավումը պահպանել է ԳՄՑ-ը բարձր մակարդակի վրա:
Ինչպես երևում է աղյուսակից, իրենց ոլորտից ամենից շատ գոհ ու դրական սպասումներով լի են ծառայությունների ոլորտը ներկայացնող ընկերությունները՝ 63 գործակից։ Իսկ ամենից հոռետեսական սպասումները շինարարության ոլորտում են։
Գործարար միջավայրի արժեքը հաշվարկվել է արդյունաբերությունում՝ թողարկման ընթացիկ և սպասվող ծավալների ու պաշարների վերաբերյալ կազմակերպությունների սպասումների, շինարարությունում՝ ընկերության ներկա տնտեսական վիճակի և աշխատողների ընթացիկ թվաքանակի, առևտրում՝ թողարկման ընթացիկ և սպասվող ծավալների և արտադրանքի նկատմամբ պահանջարկի, ծառայություններում՝ ընկերության ներկա ու սպասվող տնտեսական վիճակի փոփոխությանը վերաբերվող հարցերի պատասխանների սեզոնային հարթեցված մակարդակների հիման վրա:
Ցուցանիշի հաշվարկման համար տրվող հարցերը ունեն պատասխանների հետևյալ տարբերակները. աճ, անփոփոխ մակարդակ, նվազում: Պատասխանների հիման վրա հաշվարկվում է յուրաքանչյուր տարբերակի տեսակարար կշիռը պատասխանների ընդհանուր քանակում, այնուհետև դրական պատասխանների տեսակարար կշռին գումարվում է չեզոք պատասխանների կշռի կեսը` ստանալով պատասխանների արժեքները:
Արժեքները տատանվում են [0, 100] միջակայքում: 0 արժեքը խոսում է այն մասին, որ բոլոր ռեսպոնդենտները նշել են նվազում, 100 արժեքը` աճ, իսկ 50 արժեքը` կայուն վիճակ (աճ և նվազում ակնկալող հարցվողների քանակը հավասար է): Որպես կայունության միջակայք ընդունել ենք արժեքի տատանումը 45-ից մինչև 55-ը: