Բացահայտվել է Գյումրիում 73-ամյա կնոջ նկատմամբ իրականացված ավազակային հարձակումը
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է փետրվարի 7-ին 73-ամյա կնոջ նկատմամբ իրականացված ավազակային հարձակումը։
Փետրվարի 7-ին՝ ժամը 09.25-ին, «Գյումրի» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ «գլխի ձախից գագաթնային շրջանի կտրած արյունահոսող վերք, ուղեղի ցնցում, կրծքավանդակի բութ վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել բնակչուհի Վ.Սուքիասյանը։
Նախնական տվյալներով՝ Վ.Սուքիասյանն իր տնակի դիմացի ձյունը մաքրելուց հետո փորձել է մտնել տնակ, սակայն այդ պահին դիմակավորված անձը բռնություն է գործադրել նրա նկատմամբ, ապօրինի մուտք գործել տնակ, դանակով հարվածել 63-ամյա կնոջ գլխի ձախ գագաթաքունքային շրջանին, ոտքով հարվածել կրծքավանդակի շրջանին ու հափշտակելով զգալի չափերի կանխիկ գումար՝ դիմել փախուստի:
Դեպքի առթիվ առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով:
Օպերատիվ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ձերբակալվել է։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։