Շուշանիկ Բախշյանը փորձագետի հետ չի առերեսվի. միջնորդությունները մերժվել են
Բժշկական կենտրոնում մահացած ծննդկան Մերի Մարգարյանի գործով մեղադրյալ, «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանի պաշտպանների ներկայացրած մի քանի միջնորդություններ մերժվել են:
Մասնավորապես մերժվել են միջնորդությունները, որոնցով Շուշանիկ Բախշյանի պաշտպանները խնդրել էին բժշկուհուն առաջադրված մեղադրանքի հիմքում ընկած յուրաքանչյուր ապացույցի բովանդակությունը ներկայացնել, տեղեկացնել իրենց, փորձագետի հարցաքննության ընթացքում փորձագետին առաջադրված հարցերի շուրջ լրացուցիչ փորձաքննություն նշանակել, առերեսում կատարել Շուշանիկ Բախշյանի և փորձագետի միջև, տրամադրել 3 դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունների պատճենները։ Քննիչն անհիմն է համարել միջնորդությունները։
Որոշման մեջ քննիչը մասնավորապես նշել է. «Նկատի ունենալով, որ մեղադրյալ Շ. Բախշյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն հարուցելու մասին որոշման հետ միաժամանակ վերջինիս և նրա շահերի պաշտպաններին տրամադրվել են դատարան ներկայացված նյութերի պատճեները, որոնք ներառում են Շ. Բախշյանին առաջադրված մեղադրանքի հիմքում ընկած ապացույցները, այդ թվում` նաև դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունների պատճեները, քրեական գործով ստացված դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությունը բավարար չափով պարզ և լրիվ է, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի համաձայն՝ փորձագետը կարող է հարցաքննվել իր տված եզրակացության պարզաբանման կապակցությամբ, և փորձագետի հարցաքննության արձանագրությունը չի կարող փոխարինել փորձագետի եզրակացությունը, այսինքն՝ փորձագետի հարցաքննության արձանագրությունը լրացնում է իր իսկ կողմից տրված եզրակացությունը:
Հետևաբար, փորձագետի կողմից տրված եզրակացության և մեղադրյալ Շ. Բախշյանի միջև առերեսում չի կարող կատարվել, ուստի մեղադրյալ Շ. Բախշյանի պաշտպաններ Կ. Կիրակոսյանի և Ա. Սիրունյանի միջնորություններն անհիմն են և ենթակա են մերժման»: