Արտակ Դավթյանը հաջողություն մաղթեց Տիգրան Սարգսյանին

«Տնտեսական ոլորտի ամենալուրջ ծրագրերը վերջին տարիներին իրականացրել ենք Իրանի հետ, օրինակ՝ Իրան-Հայաստան գազամուղը, այդ գազամուղի որպես արգասիք՝ ունենք Երևանի ՋԷԿ-ը: Բացի այդ, երկու բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծեր ևս կառուցվել են Իրանի հետ, որի շնորհիվ մենք տարիներ շարունակ հոսքեր ենք կարգավորում, ու նաև դրա շնորհիվ է, որ մեր հարևան երկրներից ամենամեծ ներդրումներ կատարած երկիրը հենց Իրանն է համարվում: Այսինքն՝ նույնիսկ բավականին կոշտ սանկցիաների տակ գտնվելու միջոցին էլ մենք նրա հետ իրականում ապագային միտված ստրատեգիական ծրագրեր ենք իրականացրել»,- այսօրվա ասուլիսին նշեց ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը՝ նկատելով, որ ԵՏՄ երկրներից միակն ենք, որ ցամաքային սահման ունենք Իրանի հետ.

«Առաջիկա փոխշահավետ համագործակցությունը հենց այս առումով էլ պետք է դիտարկենք՝ Իրան-Հայաստան-Ռուսաստան, և՝ հակառակը: Ու եթե հաշվի առնենք, որ գլոբալ անվտանգության տեսակետից ևս մենք ունենք նույնատիպ շահեր, ապա սա իր մեջ բավականին լուրջ պոտենցիալ է պարունակում: Հիմա այս պոտենցիալն ինչպես մենք կօգտագործենք՝ հաշվի առնելով մեր ազգային պետական շահերը, ապագան ցույց կտա, բայց որ բոլոր պայմանները ստեղծված են, որ դա իրականություն դառնա, ակնհայտ է»:

Տիգրան Սարգսյանի նշանակմանն անդրադառնալով՝ հետևյալ դիտարկումն արեց. «ՌԴ այսօրվա նախագահը եղել է երկրի ղեկավար նաև 2000-ականների առաջին կեսին, այն ժամանակ Ռուսաստանը զարգացման բավական լավ դինամիկա էր ապահովում, իսկ հիմա ցուցանիշը լրիվ այլ է։ Հաշվի չառնել այս իրողությունները և գնահատական տալ մարդու աշխատանքին՝ չոր ցուցանիշներ վերցնելով, այդքան էլ ճիշտ չէ: Տիգրան Սարգսյանն էր, որ իրականում ամենալավ բանկային համակարգը ստեղծեց ԱՊՀ նախկին տարածքի բոլոր երկրներում, և այդ իրողությունն ապացուցվում է այն կայունությամբ, ինչն այսօր ունենք մեր բանկային համակարգում: Բնական է, որ խնդիրներ կլինեն, բայց սա այն իրողությունն է, որը ոչ միայն մենք ենք նշում, այլև միջազգային մեր գործընկերները: Ժամանակն ու իրողություններն առանց հաշվի առնելու՝ գնահատականներ տալը ճիշտ չէ։ Ես ցանկանում եմ հաջողություն մաղթել Տիգրան Սարգսյանին՝ իր բավականին բարձր ու պատասխանատու պաշտոնում, որովհետև իր հաջող աշխատանքի արդյունքներից օգտվելու ենք ոչ միայն մենք՝ ՀՀ քաղաքացիներս, այլ նաև ԵՏՄ-ին անդամակցող բոլոր երկրների քաղաքացիները»:

Կոալիցիայի մասով պատգամավորը չցանկացավ «հավելյալ» մեկնաբանություններ տալ. «Ես կողմ եմ ամենալայն մասշտաբով համագործակցության ոչ միայն՝ քաղաքական ուժերի հետ, այլև՝ քաղաքական գործիչների հետ առանձին»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս