Բաժիններ՝

«Ինչո՞ւ ՀՀ-ում չի նվազում վառելիքի գինը». Լևոն Զուրաբյան

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ խոսեց, իր բնորոշմամբ, խայտառակ երևույթի մասին: Նրա խոսքով՝ աշխարհում վառելիքի գինն իջնում է, նավթն ու գազն էժանացել են, բայց ՀՀ-ում այդ գները մնում են շատ բարձր: Ըստ Զուրաբյանի՝ ՀՀ-ում բենզինի գինը վերջին տարվա մեջ ընկել է ընդամենը 11 %-ով, մինչդեռ ՌԴ-ում գնանկումը 33% է, Չեխիայում՝ 20%, Գերմանիայում և Ֆրանսիայում՝ 18%, Իտալիայում՝ 26%, Կանադայում՝ 28%, Չինաստանում՝ 18%, Ճապոնիայում՝ 23%, Թուրքիայում 40%-ով, ինչպես նաև մեծ է գնանկումը Վրաստանում և անգամ ՀՀ քաղաքացիներից շատերը գնում են Վրաստանում են լիցքավորում ավտոմեքենաները:

Լ.Զուրաբյանը նշեց, թե նույնը կարելի է ասել գազի մասին, «ինքներս մեր ձեռքով ստորագրել ենք մի պայմանագիր», որով «Գազպրոմին» մոնոպոլիա ենք տվել և կորցրել ենք ազատությունը գազ գնել Իրանից, կամ բանակցել Իրանի հետ, արդյունքում՝ այդ դիտավորյալ մենաշնորհի պատճառով ՀՀ տնտեսությունը խեղդվում է:

Փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանն ի պատասխան հայտարարեց, թե հարցն անհանգստացնում է նաև կառավարությանը, որը դիմել է Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին, և պատասխան ստանալուն պես դրա հրապարակայնությունը կապահովեն. «Արդյոք այս անհամամասնությունները հնարավոր է բացատրել տրանսպորտայի՞ն ծախսերով, մատակարամա՞ն աղբյուրների բազմազանությամբ, թե՞ ոչ, ՏՄՊՊՀ քննությունից հետո կներկայացվի»:

Գազի հետ կապված Վ. Գաբրիելյանը նշեց, որ ՀՀ տնտեսվարողների խնդիրները կառավարության ամենօրյա հետաքրքրությունների շրջանակներում են, վարչապետի մոտ տեղի են ունեցել գործարարների հետ քննարկումներ, բայց որևէ պայմանագրում նշված չէ մոնոպոլիա՝ Իրանի հետ հարաբերությունների տեսակետից. «Իրանից գազ գնելու վերաբերյալ սահմանափակումներ չկան և Իրանի հետ նույնպես բանակցում ենք, բայց կան շուկայական գործոններ, գներ, որոնց վերաբերյալ էներգետիկայի նախարարը բազմիցս արտահայտվել է»:

Կարդացեք նաև

Լ.Զուրաբյանի դիտարկմամբ՝ 2007թ. ՀՀ-ում եղել է 21 բենզին ներկրող, իսկ այսօր կա միայն 1 ներկրող՝ «Ռոսնևթ Արմենիա» ընկերությունը: Նա պնդեց, որ պատասխանն ակնհայտ է, որ խնդիրը մենաշնորհն է և ոմանք գերշահույթներ են ստանում դրանից: Նա հայտնեց, որ ՀԱԿ-ը որոշել է այս բոլոր հարցադրումների վերաբերյալ պաշտոնական հարցապնդումով դիմել կառավարությանը և ակնկալում են պատասխան:

Վ.Գաբրիելյանը վստահերցեց, որ կառավարությունը կանի ամեն ինչ, որպեսզի ապահովի տնտեսական աճ, արտահանումների հնարավորությունների ընդլայնում և ֆինանսական կայունություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս