Ե՛վ նախորդ վարչապետի ժամանակ, և՛ էս վարչապետի ժամանակ ռեֆորմ չենք տեսնում. Հրանտ Բագրատյան
«Առաջին և հիմնական հարցը, որ պետք է լուծենք, առաջիկա տնտեսական զարգացման ցիկլում («զարգացում» բառը պայմանականորեն եմ օգտագործում, որովհետև 8 տարի շարունակ ՀՀ տնտեսությունը չի զարգանում, բայց) ամենակարևոր հարցը, որ պետք է լուծենք՝մենք կողմնորոշվում ենք դեպի արտադրությա՞ն հարկում, թե՞ սպառման հարկում: Քանի որ նեղ տեղն այսօր արտադրությունն է, քանի որ հանրապետության սպառումն անցնում է ՀՆԱ-ն, անցյալ տարի սպառումը կազմել է ՀՆԱ-ի 109%-ը, տրասնֆերտների պատճառով ժողովուրդը սպառում է ավելի շատ, քան թե արտադրում է, ապա միանգամայն ակնհայտ է, որ առաջիկա 10-15 տարիներին մենք պետք է հարկենք սպառումը և փորձենք այդ միջոցներն ուղղել արտադրության զարգացմանը»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ խոսելով հարկային համակարգի մասին:
Ըստ նրա՝ Հայաստանին չեն բավարարում տնտեսական աճի 2-3% տեմպերը, քանի որ կարելի է արձանագրել հետընթաց: Նա այս վիճակը համեմատեց 1993թ-ի հետ, երբ ընդունել էր կառավարությունը, հոսանք չկար, բայց ստիպված 6 ամսով հոսանքը բնակչությունից կտրեցին ու տվեցին արտադրությանը, իսկ 6 ամիս հետո վիճակը փոխվեց: Ըստ նախկին վարչապետի՝ նույն վիճակն այսօր ստեղծվել է ֆինանսներում և հանրապետությունը թաղվում է պարտքի մեջ: Հ. Բագրատյանի խոսքով՝ ներդրումների համար փող ստեղծելու համար պետք է գնալ սպառման որոշակի կրճատմանը և տեղաբաշխել սպառումից դեպի արտադրություն: Այդ տեսակետից, նրա կարծիքով, շրջանառության հարկը լավագույնն է և ԱԱՀ-ից հրաժարումը միանգամից կկրճատի ստվերը:
Հ. Բագրատյանը նշեց, որ շրջանառության հարկի դեպքում պետք է X% սահմանել փոքր ու միջին բիզնեսի համար և այդ շեմից վեր այլ տոկոս սահմանել խոշոր բիզնեսի համար, որ տնտեսության մեջ չեզոքացվի մասշտաբի էֆեկտը:
«Արդեն 4-րդ տարին է, ասում ենք՝ արեք էդ ռեֆորմը, որպեսզի առաջ շարժվենք, սա կոչվում է իրոք ռեֆորմ: Ե՛վ նախորդ վարչապետի ժամանակ, և՛ էս վարչապետի ժամանակ ռեֆորմ չենք տեսնում»,- ասաց Հ.Բագրատյանը՝ հավելելով, որ այս հարկային համակարգը ծնում է և վերարտադրում է ստվերային տնտեսությունը: