«ԵԽ քննադատությունը քաղաքական հիմքեր ունի». Փորձագետը՝ ՄԱՆԻՎԱԼ-ի զեկույցի մասին
ԵԽ պաշտոնական կայքում հրապարակված ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի կողմից Հայաստանի փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի զեկույցում գնահատականները խիստ չեն, պարզապես մամլո հաղորդագրությունն է քննադատական և չի համապատասխանում զեկույցի բովանդակությանը: Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը:
«Գնահատականը խիստ չէ, ամբողջական զեկույցը 180 էջ է, և դրա շուրջ աշխատանքները վաղուց էին սկսվել: ԵԽ պաշտոնական կայքում մամլո հաղորդագրության մեջ ավելի շատ խիստ կողմերն էին վերցրել: Մոտ 14 արդյունք է, որ ՀՀ-ն պետք է տա, դրանից 12-ը գնահատված է լավ և միջին, միայն 2-ն է գնահատված ցածր արդյունք, և այդտեղ անելիքներ կան: Խոսքը հիմնականում վերաբերում է քննչական բարդ ֆինանսական հետաքննություններ անելուն, հեռահար կապեր գտնելուն, հնարավոր տեռորիստների ֆինանսավորմանը և այլն: Այսինքն՝ ՀՀ-ում կաղում է նման հետախուզություն և հետաքննություն անելու պոտենցիալը, քննադատությունն այդտեղ էր, մնացած գնահատականները դրական էին»,- ասաց Ա.Խուրշուդյանը:
Բանկային ոլորտի վերաբերյալ գնահատականը, նշեց նա, ամբողջական զեկույցում հիմնականում դրական է, նաև գովաբանվում է ԿԲ փողերի լվացման կենտրոնի աշխատանքը:
«Դա կարելի է քաղաքական գնահատել, և սա առաջին անգամ չէ, հակակոռուպցիոն շատ զեկույցներ կան, որ Հայաստանը բավարար են գնահատում, իսկ ԵԽ-ն իր էջում գերադասում է սուր քննադատական գրել: Դա ԵՄ ընդհանուր վերաբերմունքն է ՀՀ-ին, այսինքն՝ քաղաքական առումով իրենք սիրում են ավելի քննադատել ՀՀ-ին, քան նույն վիճակում գտնվող այլ երկրների: Մենք պետք է ընդունենք, որ ԵՄ-ի կողմից ՀՀ-ն այսուհետ քննադատվելու է քաղաքական առումով, իսկ փորձագիտական առումով այդքան քննադատություն չկա»,- ասաց Ա.Խուրշուդյանը:
Փորձագետի խոսքով՝ զեկույցում առաջարկություններ կան, որ, եթե իրականացվեն, կհարուցեն հասարակական հատվածի դժգոհությունը, մասնավորապես՝ բավականին լուրջ քննադատված է հասարակական կազմակերպությունների ֆինանսական գործողությունների վերահսկողության բացակայությունը. «Այսինքն՝ ՀՀ-ն վատ է վերահսկում, գրանտներին ուշադրություն չի դարձնում: Եթե այդ առաջարկին հետևենք և հ/կ-ների հանդեպ վերահսկողություն կիրառենք, ինձ թվում է՝ ՀՀ-ում լիովին այլ արձագանք կլինի քաղաքացիական հասարակության կողմից: ԵԽ խորհուրդները հիմնականում խստացման վերաբերյալ է»:
Հիշեցնենք, որ ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի կողմից Հայաստանի փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի համակարգի 5-րդ փուլի գնահատման վերաբերյալ զեկույցում ԵԽ փորձագետները նշում են, որ Հայաստանում փողերի լվացման հետաքննությունները խիստ անբավարար մակարդակի վրա են գտնվում, և ՀՀ իշխանություններին հորդորում են անհապաղ միջոցներ կիրառել՝ երկրի առաջ ծառացած փողերի լվացման ռիսկերին իրավապահների ջանքերը լիովին համապատասխանեցնելու համար։ Փողերի լվացման առումով ամենաբարձր սպառնալիք զեկույցի հեղինակները համարում են խաբեությունը, հարկերից խուսափելը, մաքսանենգությունը և հափշտակումները, իսկ ամենախոցելի ոլորտներն են բանկային համակարգը և անշարժ գույքի շուկան: