Մենք փաստաթղթերով մի երկիր ենք, բայց գործնականում՝ լրիվ այլ

Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքում հրապարակվել է ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի կողմից Հայաստանում փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի համակարգի 5-րդ փուլի գնահատման վերաբերյալ զեկույցը: Դրանում ԵԽ փորձագետները նշում են, որ Հայաստանում փողերի լվացման հետաքննությունները խիստ անբավարար մակարդակի վրա են գտնվում, և ՀՀ իշխանություններին հորդորում են անհապաղ միջոցներ կիրառել՝ երկրի առաջ ծառացած փողերի լվացման ռիսկերին իրավապահների ջանքերը լիովին համապատասխանեցնելու համար:

Փողերի լվացման առումով ամենաբարձր սպառնալիք զեկույցի հեղինակները համարում են խաբեությունը, հարկերից խուսափելը, մաքսանենգությունը և հափշտակումները, իսկ ամենախոցելի ոլորտներն են բանկային համակարգը և անշարժ գույքի շուկան: ԵԽ զեկույցում տեղ գտած խիստ գնահատականները 168.am-ի հետ զրույցում մեկնաբանում է ՀԱԿ վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

– Պարոն Խաչատրյան, ինչո՞վ են պայմանավորված ԵԽ փորձագետների խիստ գնահատականները:

– Այս զեկույցը հետաքրքիր է այն առումով, որ վերջին ժամամակներս եվրոպական կառույցներն ու ԱՄՆ ներկայացուցիչներն ավելի շատ են հայտարարություններ անում, հատկապես՝ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում, հորդորում են ՀՀ իշխանություններին, որ արդյունավետ պայքարեն կոռուպցիայի դեմ, համապատասխան միջոցներ ձեռնարկեն: Օրերս «Թրանսփարենսի Ինթերնեյշնլի» (ԹԻ) կողմից հրապարակվեց կոռուպցիայի ընկալման համաթիվը, որը ևս մեկ անգամ փաստեց, որ որևէ առջընթաց այս գործում չկա: Այս շրջանակներում եթե նայում ենք, ստացվում է, որ իրենք լուրջ են տրամադրված և հետևողական են, և իրենց գնահատականները նշանակում են, որ իսկապես Հայաստանի տնտեսության զարգացման և ընդհանրապես առաջընթացի ամենամեծ խոչընդոտը կոռուպցիան է:

Հիշենք՝ վաղամեռիկ Բենդուկիձեն (Վրաստանի նախկին պետնախարար Կախա Բենդուկիձե) երբ Վրաստանում բարեփոխումներ էր իրականացնում, ասում էր, որ ցանկացած բարեփոխումների 80%-ը կոռուպցիայի դեմ պայքարն է: Եվ, ցավոք սրտի, մեզ մոտ այդ բարեփոխումները կարծես արվում են, բայց կոռուպցիան չի վերանում, այսինքն՝ նշանակում է՝ բարեփոխումներ չկան:

Կոնկրետ ԵԽ զեկույցում դրված խնդիրները, խոսքը վերաբերում է և՛ խաբեությանը, և՛ հարկերից խուսափելուն, և՛ մաքսանենգությանը, սրանք իրականությանը համապատասխանում են: ԵԽ-ում այն մարդիկ չեն, որ ինչ-որ հրապարակումների կամ ասեկոսեների վրա են հիմնվել, այլ լուրջ ուսումնասիրություն են իրականացրել: Ինձ համար զուտ փողերի լվացման առումով գնահատական տալը բանկային համակարգին մի քիչ անսպասելի էր, որովհետև ինչ վերաբերում է հարկերից խուսափելուն կամ խաբեությանը, այդ առումով բանկային համակարգն ամենաթափանցիկն է, ես էլ եմ այսպես գնահատում:

Բայց մեկ այլ հանգամանք կա՝ փողերի լվացումն առանց բանկային համակարգի տեղի չի ունենում, և այստեղ կան խնդիրներ, որովհետև, ի վերջո, երբ զուգահեռ նայենք մի քանի ամիս առաջ ամերիկյան Global Financial Integrity կազմակերպության հրապարակումն անօրինական ֆինանսական հոսքերի մասին, խնդիրն ավելի պարզ է դառնում:

Գնահատական էր տրվել, որ ՀՀ-ն միջին հաշվով 980 մլն դոլարի անօրինական ֆինանսական հոսքերի վայր է դարձել: Այս առումով միգուցե բանկային համակարգի վերաբերյալ գնահատականը հասկանալի է դառնում, բայց, որ հատուկ նշվում է բանկային համակարգը, դա բավականին լուրջ է և նշանակում է, որ բանկային համակարգի միջոցով իսկապես գործարքներ են տեղի ունենում, որի մասին հրապարակային չգիտենք: Հնարավոր է՝ խոսքը վերաբերում է նաև հանքարդյունաբերության բնագավառին, որը հիմնականում օգտվում է օֆշորային կազմակերպությունների փոխանցումներից, իսկ այդտեղի փոխանցումներն ու ներդրումները միշտ տարօրինակ են եղել, որովհետև դրանց մասին լրացուցիչ պարզաբանումներ չի կարելի ստանալ:

ԵԽ փորձագետները բավականին լրջորեն են տրամադրված, և այս տարվա դեկտեմբերին Հայաստանը պետք է հաշվետվություն տա կատարված աշխատանքների մասին: Այդտեղ մի հանգամանք էլ կա փաստաթղթերի և օրենսդրական դաշտի հետ կապված՝ շատ դեպքերում, երբ միջազգային տարբեր ընկերություններ կամ կազմակերպություններ ՀՀ-ի հետ կապված տարբեր հաշվետվություններ են ներկայացնում և տարբեր ինդեքսներ են հրապարակում, ՀՀ-ն բավականին բարձր դիրքեր է ունենում: Սա նաև հիմք է հանդիսանում իշխանությունների համար, որ ներկայացնեն, թե առաջընթաց ունեն:

Բայց ամենամեծ խնդիրը հենց այն է, որ մենք փաստաթղթերով մի երկիր ենք, բայց գործնականում՝ լրիվ այլ: Այսինքն՝ այնքան մեծ է տարբերությունը՝ իրականությունը թղթերի վրա գրվածից, որ մարդիկ այդ օրենսդրական դաշտի հիման վրա կարող են գալ փորձել ՀՀ-ում գործունություն ծավալել, բայց հետո իրականության հետ առնչվելով՝ տեսնեն, որ օրենքը մի բան է ասում, իսկ պրակտիկ կյանքն այլ բան է: Եվ սա էլ երևի առիթ է հանդիսացել, որ նրանք այդպիսի գնահատական տան, որ լավ օրենք ունենալը չի նշանակում, որ երկիրը նպաստավոր է տնտեսական գործունեություն ծավալելու համար: Այս անհանգստությունն էլ կա, և ԵԽ փաստաթղթում դա էլ է երևում:

– Անցած տարի սեպտեմբերին ԱՄՆ դեսպանը խոսեց ՀՀ-ում կոռուպցիայի մասին, դեկտեմբերին՝ ԵՄ դեսպանը, այժմ էլ՝ ԵԽ-ն: բայց ՀՀ իշխանությունները հակադարձում են, թե ՀՀ-ում իրավիճակն այլ է և վատ չէ: Փաստորեն, ՀՀ իշխանությունները չեն ցանկանում տեսնել Արևմուտքի այս ազդակները:

– Համոզված եմ, որ մեր հասարակության՝ քաղաքական և ոչ քաղաքական բոլոր շրջանակների համար խնդիրը շատ պարզ է: Մենք ինքներս մասնակից ենք այս ամբողջ կոռուպցիոն գործընթացին՝ անկախ մեր կամքից, և մեր առօրյա կյանքում, կարծես, նպաստող ենք: Պայքարել դրա դեմ, ինչ-որ կերպ իրավունքները պաշտպանել ՀՀ-ում՝ նշանակում է՝ ժամանակ, նյարդեր և, ի վերջո, արդյունքի հասնելու անհնարինություն: Եվ այդ պատճառով մենք բոլորս ներքին չգրված օրենքներով ենք շարժվում: Բայց բոլորի համար պարզ է նաև մի բան՝ սա հեշտ լուծվող հարց է, եթե կա քաղաքական կամք: Հարևան երկրի՝ Վրաստանի օրինակը լավագույնն է մեզ համար, որ շատ լավ պատկերացնում ենք, թե ինչպիսին է եղել Վրաստանը Շևարդնաձեի ժամանակ և ինչպիսին դարձավ Սահակաշվիլիի իշխանության տարիներին, որ 1-2 տարում կտրուկ փոխվեց:

Այսինքն՝ քաղաքական կամքի առկայության դեպքում հարցը լուծելի է, և դրա համար պետք չեն հանձնաժողովներ, պետք չեն տարբեր տեսակի ծրագրեր, ուղղակի պետք է ՀՀ-ում քաղաքական բարձր իշխանությունն ինքն ապրի այլ սկզբունքներով, կոռուպցիոն ռիսկերը վերացնի, թափանցիկ տնտեսական գործունեություն ծավալի, որը մենք կտեսնենք, երբ չի լինի քաղաքական ու տնտեսական մենաշնորհ, երբ կտեսնենք, որ մեր կենցաղում՝ սկսած Պետավտոտեսչությունից, վերջացրած քաղաքային իշխանություններով, կոռուպցիան վերացել է: Մնացած ամեն ինչը ձևական է: Ի վերջո, ԹԻ նախորդ տարիների զեկույցներում նույն գաղափարն է շեշտվում, որ քաղաքական կամքի առկայության դեպքում կոռուպցիայի հարցը լուծվում է:

– Կոռուպցիայի դեմ պայքարի Արևմուտքի դիվանագիտական կոչերին մեր իշխանավորների անգործությունն ի՞նչ հետևանք կարող է ունենալ:

– Ես հույս ունեմ, որ գործնականում դա կարող է հետևանք ունենալ այն առումով, որ այլևս զուտ օգնությունների կամ ֆինանսական հատկացումների դեպքում գումարների արդյունավետ և նպատակային ծախսելու խնդիրն ավելի խիստ կդրվի, և դա հնարավորություն կտա ինչ-որ առումով առանձին բնագավառներում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնել:

Բայց, օրինակ, մի բնագավառը, որի մասին խոսում-խոսում ենք, բայց չի ուղղվում, մաքսայինն է, որ կոնկրետ սահմանը հատելու կամ մաքսազերծման գործընթացը չի կարգավորվում, ինչքան էլ ՀԲ-ն, ԱՄՀ-ն այդ հարցը բարձրացնում են, որ մաքսազերման կամայական գին է որոշվում, բայց չի լուծվում: Բոլորը գիտեն, որ գինը կամայականորեն է որոշվում՝ կախված՝ թե ով է մաքսազերծողը:

Ես ոչ թե չեմ հավատում, այլ գտնում եմ, որ կամքի առկայության դեպքում՝ նույն Արևմուտքի կողմից, կարելի է արդյունքի հասնել, բայց նրանք էլ ինչ-ինչ շահագրգռվածություններից ելնելով, սովորաբար դա քաղաքական է լինում, պարզապես իրենց ոչ հետևողական լինելն իրենց էլ մասնակից է դարձնում այս կոռուպցիոն համակարգին: Իրենք շատ լավ գիտեն, թե ովքեր են ներգրավված կոռուպցիայի մեջ, և կան պատասխանատվության հայտնի մեթոդներ՝ տարբեր տեսակի պատժամիջոցներ անձերի և կազմակերպությունների նկատմամբ:

Տեսանյութեր

Լրահոս