«Մենք բոլորս վճարում ենք տգետների համար, որպեսզի գնան, շոփինգ անեն, աշխարհ տեսնեն, եվրոպաներում ֆռֆռան, գան». Ստյոպա Սաֆարյանը՝ ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության մասին
«Երբ հետևեցի հայկական պատվիրակության ելույթի ոճին, տոնայնությանը, անկեղծ ասած, ահաբեկվեցի, վերին աստիճանի մտահոգիչ էր: Հեգնանքի խոսքերը, թե մենք Ադրբեջանի մեջլիսում ենք և այլն, հավատացեք, լավ վերաբերմունք չեն առաջացնի: Նման խոսքեր հնչում են մի երկրի կողմից, որն առանձնապես չի փայլում իր ժողովրդավարության մակարդակով և հեռանկարներով: Հերմինե Նաղդալյանը մեղադրում է եվրոպական արժեքներից հեռանալու մեջ մի կառույցի, որտեղ Հայաստանը դաս տալու իրավունքը, ցավոք, չի վաստակել: Ներքին մակարդակում էլ էին հնչում մեղադրանքներ. Հերմինե Նաղդալյանը բացահայտ մեղադրում էր, որ ընդդիմադիր պատգամավորները ոչինչ չէին անում (խոսքը Լևոն Զուրաբյանի մասին էր), որ սա մի մարդու կամ մի թիմի գործ չէ, և այսպես շարունակ»,- այսօր հրավիրված ասուլիսին, անդրադառնալով ԵԽ ԽՎ վերջին նիստին հակահայկական զեկույցների քննարկման ժամանակ մեր պատվիրակության վարքագծին, նման կարծիք հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ Ստյոպա Սաֆարյանը՝ հավելելով, որ աշնանը պետք է կատարվեր մեր պատվիրակության կազմի վերանայում և չթույլատրվեր, որպեսզի այս վարքագծով պատվիրակները շարունակեն կասեցման աշխատանքները:
Առաջին զեկույցի մասով փորձագետը հորդորեց չտրվել PR գայթակղություններին և դա չներկայացնել՝ որպես հաղթանակ.
«Ամոթ է: Եվ առավել ևս դա հաղթանակ չի կարող համարվել Հայաստանի պատվիրակության համար: Ասեմ՝ ինչո՞ւ: Այս զեկույցը շրջանառության մեջ դրվեց 2014թ., երբ Ադրբեջանը սահմանին աննախադեպ լարվածություն առաջացրեց: Դա լավագույն պահն էր, որպեսզի հայկական պատվիրակությունը ձև գտներ զեկույց պատրաստելու: Դա Ադրբեջանին վանդակը գցելու լավագույն առիթն էր, որը չօգտագործվեց: Այս անգործության խորապատկերին ադրբեջանցիները գտնում են պատգամավոր և շրջանառության մեջ են դնում տեքստ: Եվ հիմա ներկայացնել հաղթանակ՝ սեփական անգործության արդյունքում շրջանառության մեջ դրված երկու բանաձևերից մեկի կանխումը, կներեք, անմեղսունակություն է»:
Երկրորդ զեկույցի մասով բանախոսը նշեց, որ այն ժամանակ էլ տարբեր հարթակներից բազմիցս զգուշացրել է ԼՂՀ պաշտոնական կողմին, որ ճիշտ դիրքորոշում չի որդեգրվում.
«Չեմ կարծում, որ դա Ղարաբաղի որոշումն էր, դա մեր պատվիրակության որոշումն էր, որը հայտարարեց, թե զեկույցի անունը մինչև չփոխվի, չեն մասնակցի քննարկմանը: Արդյունքում՝ հիմք տվեցինք, որ ԵԽ ԽՎ-ում Միլիցա Մարկովիչը կանգնի ու հայտարարի, թե ուզեցել է մի քանի անգամ այցելել ԼՂՀ, բայց նրան այդ հնարավորությունը չեն ընձեռել: Սա ԵԽ ԽՎ-ում լավ իմիջ չի ստեղծում ո՛չ ԼՂՀ-ի, ո՛չ էլ ՀՀ-ի համար: Չեմ կարծում, թե մեծ է եղել Մարկովիչի՝ Հայաստան գալու ցանկությունը, այլապես նա կարող էր դիմել ԵԽ ԽՎ ղեկավարությանը, պարզպես մենք նրան հիմք տվեցինք լեգիտիմացնել իր ցանկության բացակայությունը, արդարացնել իր զեկույցը և մեղադրել հայկական կողմին, որ համագործակցության տրամադրված չէ»:
Ս. Սաֆարյանը վստահ է՝ Մարկովիչի զեկույցն այլ բովանդակություն կունենար, եթե հայկական կողմը ճիշտ աշխատեր.
«Զեկույցի վերնագրին անուն էին կպցրել, խոսքը Սարսանգի ջրամբարի մասին էր, բայց ինչո՞ւ պետք է միայն Սարսանգի ջրամբարի մասին լիներ: Ինչքա՞ն պետք է հայկական պատվիրակությունն անտեղյակ լինի Հայաստանից, Հայաստանի խնդիրներից, որ չիմանա Ջողազի ջրամբարի պատմությունը: Ջողազի ջրամբարը գտնվում է Տավուշի մարզում, Իջևանի ենթաշրջանում, Ադրբեջանին սահմանակից է, տարածքային առումով պատկանում է Հայաստանին, և Խորհրդային Միության օրոք նախատեսված է եղել այդ ամբողջ շրջանի ոռոգման ջրամատակարարման համար: 20 տարի շարունակ Ադրբեջանը ոչ միայն թույլ չի տալիս օգտագործել այդ ջրամբարի ջուրը, այլ անցած տարվա ընթացքում կան վավերագրված փաստեր, որ նույնիսկ ձկնորսների վրա են կրակ բացում, երբ փորձում են երկու ձուկ բռնել ուտելու համար: Մի՞թե սա հումանիտար, մարդու իրավունքի խնդիր չէ: Եթե ուզում էիք զեկույցի շրջանակը ընդլայնել, հրավիրեիք Միլիցա Մարկովիչին Հայաստան, ուղեկցեիք դեպի Ջողազի ջրամբար, մի երկու անգամ վրեն կրակեին, և ինքը հասկանար, թե ով է ում միտումնավոր զրկում ջրից: Չարվեց, որովհետև մարդիկ տեղյակ չեն, որ Ջողազի ջրամբար կա, որովհետև տգետներ են ընտրվել, արդյունքում՝ մենք բոլորս վճարում ենք սրա համար: Վճարում ենք, որ այդ մարդիկ գնան, շոփինգ անեն, աշխարհ տեսնեն, եվրոպաներում ֆռֆռան, գան»:
Փորձագետի խոսքով՝ նմանատիպ զեկույցների առկայությունը ժամանակի ընթացքում ամենատարբեր ոլորտներում իր ներկայությունը զգացնել է տալիս.
«Այո, դրանք պարտադրող չեն իրավական առումով, բայց քաղաքական առումով դրանք ազդում են բոլոր մյուս հարցերի քննարկման վրա, որովհետև անընդհատ հղումներ են արվում դրանց վրա: Այնքան անմեղսունակ լինել, որ հայտարարել, թե գլխացավանքներից ազատվել ենք, նորից անբարոյականություն է»: