
Չինաստանում հաջողությամբ ավարտվել է կապիկի գլխի փոխպատվաստման վիրահատությունը

Իտալացի բժիշկ Սերջիո Կանավերոն հայտարարել է, որ իր գիտական խմբի ձեռքբերումները ցույց են տվել, որ գլխի փոխպատվաստումը մարմնի վրա միանգամայն հնարավոր է ու իրական, ինչի մասին էլ նա պատմել է RIA Novosti-ի հետ զրույցում:
Կանավերոյի խոսքով՝ նման գիտափորձերն ակտիվորեն իրականացվում են Չինաստանի տարածքում, որտեղ վիրաբույժների թիմի ղեկավարը զգալի հաջողությունների է հասել գլուխը մարմնից անջատելու ու նոր մարմնին «միացնելուց» հետո գլխուղեղի աշխատունակության պահպանման հարցում:
Նման գիտափորձեր անցկացնելու ցանկության մասին հայտնել է նաև Վիետնամը: «Մեր հասցեին ուղղված գործընկերների գլխավոր քննադատությունը այն է, որ ողնուղեղն ու գլխուղեղն անհնար է միմյանց միացնել, ինչի արդյունքում հիվանդը, ում գլուխը կփոխպատվաստվի, ամբողջությամբ կաթվածահար է լինելու: Մենք անցկացրել ենք երկու գիտափորձերի շարք Չինաստանում ու Հարավային Կորեայում, որոնք ապացուցում են, որ դա այդպես չէ»,- ասում է բժիշկը:
Կանավերոյի խոսքով՝ իրենց մշակած «սոսնձման» մեթոդը թույլ է տվել առնետներին վերադարձնել վերջույթների շարժունակության զգալի մասը:
Նման արդյունքներ ստացվել են ողնուղեղի ինչպես մասնակի, այնպես էլ ամբողջական անջատման հետևանքով:
«Ես ուրախ եմ հայտարարել, որ իմ գործընկեր Ժեն Սյաոտինը կարողացել է առաջին անգամ իրականացնել մի կապիկի գլխի ամբողջական փոխպատվաստում մյուսին՝ օգտագործելով հատուկ համակարգ: Կենդանին ապրել է ավելի քան 20 ժամ, ինչից հետո մենք քնեցրինք կենդանուն՝ չցանկանալով նրան ավելորդ տառապանքներ պատճառել:
Սյաոտինն ապացուցեց, որ դա հնարավոր է»,- հայտնել է Կանավերոն:
Ինչպես հավելել է անձամբ Սյաոտինը, ներկայում իր գիտական թիմը պլանավորում է անցկացնել առաջին փորձերը մարդկային գլխի հետ՝ սկզբում մի դիակից մյուսին պատվաստելու, ինչից հետո իր փորձերի ընդգրկվածությունը զգալի կմեծանա: