Բաժիններ՝

«Պետք չէ հարկադիր կատարման ծառայությանը դիտարկել՝ որպես ֆաշիստական կառույց». Միհրան Պողոսյան

2015 թվականին ԴԱՀԿ-ի կողմից բռնագանձումների և վերականգնումների ծավալը գերազանցել է 24 միլիարդ դրամի սահմանագիծը: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը՝ նկատելով, որ հարուցվել է 893.222 կատարողական վարույթ:

Նա տեղեկացրեց, որ հարուցված կատարողական վարույթներով 2015 թվականին պահանջատերերի օգտին բռնագանձվել և վերականգնվել է 24.955.765.343 դրամ, մասնավորապես՝ պետական բյուջեի օգտին՝ 7.190.192.380 դրամ, իրավաբանական անձանց օգտին՝ 13.676.112.023 դրամ, ֆիզիկական անձանց օգտին՝ 1.601.220.616 դրամ: Ոչ գույքային բնույթով հարուցվել և ընթացք է տրվել 27.348 կատարողական վարույթ։

Նա տեղեկացրեց նաև, որ 890 հազար ընդհանուր վարույթներից 660 հազարը Պետավտոտեսչության վարչական ակտերն են:

Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված, որ բռնագանձումների թիվը տարեցտարի ավելանում է, Մ. Պողոսյանն այսպես պատասխանեց. «Մենք կարող ենք արձանագրել, որ կամովի չկատարված գործառույթներն ավելանում են, և այս տարի մեր բռնագանձումների ծավալը կազմել է շուրջ 25 միլիարդ դրամ: Անցյալ տարի դա կազմել է 37 միլիարդ դրամ, եթե համեմատենք անցյալ տարվա հետ, այս տարի նվազել է»:

Ի պատասխան դիտարկման՝ բայց կատարողական վարույթների թիվն ավելանում է ամեն տարի, Մ. Պողոսյանը կրկնեց, որ 890 հազար ընդհանուր վարույթներից 660 հազարը Պետավտոտեսչության վարչական ակտերն են, և հիմնականում հենց դրանով էլ պայմանավորված է վարույթների աճը. «Եթե ժամանակ առաջ դատարանների միջոցով էր գալիս այդ ամբողջ ծավալը Հարկադիր կատարման ծառայություն, այսօր ուղղակիորեն է գալիս: Այն ժամանակ ավելի քիչ էին գալիս, որովհետև դրանց մի մասը դատարաններում մարվում էր: Ես այդ ավելացումները պայմանավորում եմ զուտ դրանով»:

Լրագրողներից մեկի այն դիտարկման հետ, թե, փաստորեն, Հայաստանի կեսից բռնագանձումներ եք կատարել, Մ. Պողոսյանը չհամաձայնեց՝ ասելով. «Ձեր մաթեմատիկական մոտեցումը սխալ է, քանի որ դրանք մեկական ակտեր չեն: Այսօր կա պարտապան, որ քառասուն միլիոն դրամի վարչական ակտ ունի»:

Հարցին՝ ԴԱՀԿ-ի գործունեության արդյունքում մարդիկ երբեմն սնանկանում են, կամ դառնում են տնանկ, արդյոք ժամանակը չէ՞՝ որևէ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գաք, որ նման դեպքերը համեմատաբար բացառվեն, մարդիկ փողոցներում չմնան, Մ. Պողոսյանը պատասխանեց, որ իրենք նման նախաձեռնությամբ հանդես են եկել, ու, եթե այդ նախաձեռնությունն արժանանա Ազգային ժողովի հավանությանը, դա կլինի իրենց հաղթանակը. «Հավատացեք, որ ԴԱՀԿ-ն պետության մեջ այն օղակն է, առանց որի պետության կենսունակությունը չի կարող ապահովվել. դուք միայն պարտապանի մասով եք նայում, պետք է նաև պահանջատիրոջ մասով նայել, չէ՞ որ մենք այսօր պահանջատիրոջ իրավունքներն ենք փորձում վերականգնել: Սա դատական ակտն է, որը կամովին չի կատարվել և պետք է կատարվի։ Մենք ունեցանք որոշակի նախաձեռնություններ և վերջին կացարանից չզրկելու խնդիր առաջադրեցինք, ցավոք, մինչև այսօր մենք դեռ դրա լուծումը չունենք: Մենք այսօր շարունակում ենք այս ուղղությամբ աշխատել ու փորձել պարտապանին չզրկել վերջին կացարանից, երբ այդ օրենքը կհաստատվի կառավարությունում, կունենանք այն նախաձեռնությունը, որի վրա մենք երկու տարի աշխատում ենք, դա մեր հաղթանակը կլինի, հիմա դա կառավարությունում է: Պետք չէ Հարկադիր կատարման ծառայությանը դիտարկել՝ որպես ֆաշիստական կառույց»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս