Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Առողջապահության նախարարարության պրոպագանդած «Տամիֆլյուն»
Մինչ ՀՀ առողջապահության նախարարության մասնագետները գրիպի բուժման համար պրոպագանդում են «Տամիֆլյու» դեղամիջոցը, Cochrane Collaboration միջազգային կազմակերպությունը նշում է, որ դեղամիջոցը նաև վտանգավոր է առողջության համար: ՀՀ առողջապահության նախարարությունը մինչ այդ հրապարակել էր երևանյան այն դեղատների ցանկը (իհարկե, կարճ ժամանակ անց այդ տեղեկատվությունն անհետացավ նախարարության կայքից, որովհետև դեղատներում այն պարզապես չկար), որտեղ կարելի է ձեռք բերել այս դեղամիջոցը, ինչպես նաև նշում էր, որ հիվանդանոցներին, ինչպես նաև՝ պոլիկլինիկաներին, հատկացվել է դեղամիջոցը:
Դեռ 2014թ. միջազգային ոչ առևտրային Cochrane Collaboration կազմակերպությունը նշել էր, որ երկրների իշխանությունները մեծ գումարներն են ծախսել դեղամիջոցի վրա, որի արդյունավետությունը քիչ է տարբերվում սովորական պարացետամոլից: BBC ռադիոկայանի ռուսական ծառայությունը հաղորդել էր այն մասին, որ «Տամիֆլյուն» չի կարող կանխարգելել հիվանդության տարածումը և նվազեցնել բարդացումների հավանականությունը: Պրեպարատի արտադրողը՝ շվեյցարական «Roche» ընկերությունը, ինչպես նաև՝ որոշ փորձագետներ, քննադատել են զեկույցը: «Roche» ընկերության ներկայացուցիչները, BBC-ի հաղորդմամբ, հայտարարել են, որ համաձայն չեն հետազոտության հետևությունների հետ, և զգուշացրել, որ դրանք կարող են լուրջ հետևանքներ ունենալ հանրային առողջության համար:
«Այդ նյութը թունավոր է: Այն 150-ից մեկի մոտ մեծացրել է գլխացավերի, հոգեկան խանգարումներ և երիկամների հետ կապված բարդացումների վտանգը»,- հայտնել էր կազմակերպության բժիշկ-համաճարակաբան Թոմ Ջեֆերսոնը: «Այս դեղամիջոցը հեռախոսով դուրս են գրել շաբաթական հազար մարդու, սակայն ախտանիշները մեղմելու առումով այն առավելություններ չի ունեցել առանց դեղատոմսերի տրվող պատրաստուկների նկատմամբ: Բացի այդ, խոսքը պոտենցիալ լուրջ բարդացումների մասին է: Ես դա դուրս չէի գրի իմ հիվանդների համար»,- ասել էր Օքսֆորդի համալսարանի ապացուցող բժշկության ամբիոնի պրոֆեսոր Կառլ Հենեգենը: Կազմակերպության ներկայացուցիչները նշել են, որ բացի գլխացավերից և երիկամի հետ կապված բարդացումներից՝ հիվանդների մոտ նկատվել է սրտխառնոց, փսխում և դեպրեսիա:
Բացի դա, կազմակերպության մասնագետները հանգել էին այն հետևության, որ «Տամիֆլյուն» ախտաշանների շարունակականությունը մեծահասակների մոտ կրճատել է՝ մինչև 6,3, իսկ երեխաների մոտ՝ 5,8 օրով: Օրգանիզմի վրա համանման ազդեցություն ունենում է նաև ավանդական պարացետամոլը: Ի պատասխան այն պնդումների, որ դեղամիջոցն ընդունակ է կանխարգելել բարդությունների առաջացումը, այնպիսիք, ինչպիսին է պնևմոնիան, մասնագետները հայտարարել են, որ կլինիկական փորձարկումներն այնքան թույլ են եղել, որ ոչ մի տեսանելի արդյունք չէր կարող լինել:
Ընկերությունն իր զեկույցում նշել էր նաև, որ պրեպարատը մի խումբ կողմնակի ազդեցություններ ունի՝ սրտխառնոց, գլխացավեր, հոգեկան խանգարումներ, խնդիրների երիկամների հետ, արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացում:
«Roche» ընկերության պաշտոնական կայքում հրապարակված «Տամիֆլյու» դեղամիջոցի բժշկական օգտագործման ցուցումներում նշված է, որ գրիպի սեզոնային վարակի ընթացքում իրականացված կլինիկական հետազոտությունների ընթացքում հիվանդները դեղամիջոցը ստացել են գրիպային վարակի ախտանշաններն ի հայտ գալուց ոչ ուշ, քան 40 ժամվա ընթացքում: Հիվանդների 97 տոկոսը վարակված է եղել՝ գրիպի A, 3 տոկոսը՝ B տեսակով: «Տամիֆլյուն» զգալիորեն կրճատել է գրիպային վարակի կլինիկական դրսևորումների ընթացքը (32 ժամ): Ավելին, երիտասարդ հիվանդների մոտ, ովքեր ուղեկցող հիվանդություններ չեն ունեցել, դեղամիջոցը 50 տոկոսով նվազեցրել է գրիպի բարդությունների առաջացման հավանականությունը: Ըստ օգտագործման ցուցումների՝ մինչկլինիկական տվյալները, որոնք ստացվել են դեղաբանական անվտանգության ստանդարտ ուսումնասիրությունների հիման վրա, մարդու համար հատուկ վտանգներ երևան չեն հանել:
Հակացուցումների շարքում են բարձր զգայունությունն օսելտամիվիրի կամ պրեպարատի ցանկացած բաղադրիչի նկատմամբ, երիկամային տերմինալ անբավարարությունը, մինչև 1 տարեկան հասակը, ծանր երիկամային անբավարարությունը: Զգուշությամբ պետք է օգտագործել հղիության և երեխային կրծքով կերակրելու ընթացքում:
Կողմնակի ազդեցությունների վերաբերյալ նշվում է, որ գրիպի բուժման հետազոտությունների ընթացքում մեծահասակների/ դեռահասության շրջանում ամենահաճախ նկատվող անցանկալի դրսևորումներից են եղել սրտխառնոցը, փոխումը և գլխացավը: Դրանց մեծ մասը նկատվել են բուժման առաջին կամ երկրորդ օրերի ընթացքում և ինքնուրույն անցել են 1-2 օրվա ընթացքում: Դեպքերի մեծամասնության դեպքում պրեպարատի օգտագործման դադարեցում չի պահանջվել:
Հոգեկան խանգարում հատվածում էլ նշվում է, որ գրիպի բուժման նպատակով «Տամիֆլյու» օգտագործող հիվանդների (հատկապես՝ երեխաների և դեռահասների շրջանում) մոտ երբեմն նկատվել են հոգեկան առողջության հետ կապված խանգարումներ: Այդ դեպքերը հազվադեպ են ուղեկցվել կյանքի համար վտանգավոր գործողություններով: Սակայն «Տամիֆլյուի» դերը դրանց զարգացման առումով հայտնի չէ: Նման հոգենյարդաբանական խանգարումներ նկատվել են նաև գրիպով հիվանդացած անձանց մոտ, ովքեր դեղամիջոցը չեն օգտագործել: «Տամիֆլյու» ստացող հիվանդների մոտ այդպիսի խանգարումների առաջացման հավանականությունը չի գերազանցում դրանց առաջացման հավանականությանն այն հիվանդների մոտ, ովքեր դեղամիջոցը չեն ստանում:
Ինչպես արդեն նշեցինք՝ վիրուսի ահազանգման առաջին իսկ օրերին ՀՀ Առողջապահության նախարարությունն իր պաշտոնական կայքէջում հրապարակեց դեղատների ցանկը, որտեղից հնարավոր էր գնել «Տամիֆլյուն», որը հատկապես այս օրերին բավական մեծ պահանջարկ ունի: Դեղամիջոցի գինը երևանյան դեղորայքի շուկայում կազմում է մոտ 20 հազար դրամ: Մի տուփը 10 դեղահաբից է բաղկացած: Երևանյան դեղատներից մեկում մեր լրագրողին ասել են, որ դեղամիջոցը ներկրող ընկերությունից սովորաբար ստանում են 19.600 դրամով և վաճառում են 22.000 դրամով: Դեղատանը նաև հայտնել են, որ, եթե ցանկանում ենք, կարող ենք կանխավճար թողնել, կպատվիրեն դեղը:
Ըստ ԱՆ տվյալների՝ դեղամիջոցը կարելի էր ձեռք բերել հետևյալ դեղատներից՝ «Անիս» – Մոսկովյան 8 (հեռ` 58-31-19), «Լավանդա» – Տիգրան Մեծ 17 (հեռ.` 52-83-89), «5+» – Էրեբունի 28 (հեռ.` 43-95-15), «Վագաֆարմ» – Զաքյան 10 (հեռ.` 54-88-87), «Ալֆաֆարմ» – Մաշտոց 23 (հեռ.` 46-52-92 + 40-28), և Կիևյան 10 (հեռ.` 46-52-92)։
Մենք զանգահարեցինք նշված հեռախոսահամարներով. դեղատներից, սակայն, պատասխանեցին, որ «Տամիֆլյու» չունեն: Ըստ ԶԼՄ-ների հրապարակումների՝ Հայաստան «Տամիֆլյու» ներմուծող ընկերություններից են «Ալֆա ֆարմը», «Նատալի ֆարմը» և ևս մեկ ընկերություն:
ՀՀ առողջապահության նախարարությունից 168.am-ին հայտնեցին, որ հիվանդանոցներն ապահովված են դեղամիջոցով. բացի այդ՝ պոլիկլինիկաները ևս ապահովված են հակավիրուսային պրեպարատներով՝ բուժվող հիվանդներին անվճար տրամադրելու համար: Առողջապահության ոլորտի պատասխանատուները, սակայն, այն բանից հետո, երբ պարզվեց՝ հանրապետությունում «Տամիֆլյուի» դեֆիցիտ կա, և նախարարությունը նախապես չի զբաղվել դրանց ձեռքբերման կազմակերպմամբ, եթե մինչ այդ պրոպագանդում էին այդ դեղամիջոցը, ապա կարճ ժամանակ անց սկսեցին խորհուրդ տալ ինքնաբուժությամբ չզբաղվել և չփորձել առանց բժիշկների ցուցումների «Տամիֆլյուով» բուժվել: Նրանց հավաստմամբ՝ դեղամիջոցը կանխարգելիչ ազդեցություն չի ունենում, և բժիշկների կողմից նշանակվում է հիվանդության բուժման համար՝ համապատասխան բժշկական ցուցումների առկայության դեպքում: Առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանն օրերս նշել էր, որ «Տամիֆլյու» դեղամիջոցն արտադրվում է մի կազմակերպության կողմից, Հայաստան այն ներկրվում է 3 ընկերությունների կողմից:
Հավելենք, որ դեռ 2009թ. «Հոֆֆմանն-Լյա Ռոշե» շվեյցարական դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության այն ժամանակվա տնօրեն Բագրատ Լալայանն ասել էր, որ «Տամիֆլյու» դեղամիջոցը ցուցված է՝ որպես կանխարգելիչ դեղամիջոց, եթե կա համաճարակի վտանգ: Նա նշել էր, որ ընկերության կողմից հնարավոր բոլոր զեղչերի կիրառման պարագայում «Տամիֆլյուի» գործարանային վաճառքի նվազագույն գինը մոտ 18 եվրո է, որին այստեղ գումարվում է նաև 20% ավելացված արժեքի հարկը. եթե ձևավորված գնին գումարենք նաև նվազագույն շահույթը (5%), որ կարող են ունենալ ներմուծող դեղագործական ընկերությունները, ինչպես նաև՝ Հայաստանում այդ դեղամիջոցը գնող և վերավաճառող դեղատների նվազագույն շահույթը (5%), ապա «ամենաօպտիմալ» գինը մոտավորապես 15500-16000 դրամ է։
Ի դեպ, այսօր ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը կառավարությունում, ի պատասխան լրագրողների դիտարկման, որ կանխարգելող «Տամիֆլյու» դեղը դժվար է գտնել՝ պատասխանել է. «Կուզեի ասել, որ կոնկրետ այդ դեղը «պանացեա» չէ, բոլոր հիվանդություններից բուժիչը չի, դա հատուկ ցուցումներ ունի և ունի իր հակացուցումները: Այդ պատճառով բոլոր հիվանդանոցներում այս օրերին անխափան, անվճար սկզբունքով տրամադրվել է դեղորայքը: Պոլիկլինիկական ցանցում և հիվանդանոցներում եղել են նաև այլ տեսակի հակավիրուսային դեղեր, իսկ եթե երկու-երեք օր անցնում է, նրա ազդեցությունը գնում է նվազման, և անիմաստ է հակավիրուսային պրեպարատներ նշանակելը, պետք է նշանակվեն հակաբիոտիկներ: Այդ բոլոր պրեպարատներով ապահովվածությունը ևս եղել է»: Նախարարը նշել է, որ «Տամիֆլյուն» երեկվանից եղել է պոլիկլինիկական ցանցում և հիվանդներին տրամադրվել է անվճար:
Ըստ մասնագետների, սակայն, «Տամիֆլյուն» անթույլատրելի է մասսայական օգտագործման համար, հետևաբար՝ այն չի կարելի բնակչությանը տրամադրել պոլիկլինիկաներից: Այն պետք է տրամադրեն հիվանդանոցները՝ բուժման ընթացքում գտնվող ծանր հիվանդներին, և անվճար հիմունքներով: