Բաժիններ՝

«Шаганэ ты моя, Шаганэ…». Ո՞վ էր Եսենինի սիրելի Շահանե Տալյանը

Շահանե (Շահանդուխտ) Տալյանի ինքնակենսագրությունը.

«Ծնվել եմ 1900թ. ապրիլի 22-ին, Ախալցխայում: Հայրս սկզբում լեզվաբան էր, իսկ քահանա պապիս մահից հետո դառնում է քահանա: Հայրս՝ Ներսես Համբարձումյանը, ավարտել է Թիֆլիսի սեմինարիան: Նա գիտեր ֆրանսերեն, գերմաներեն, լատիներեն, ռուսերեն և հայերեն: Նա նաև օտար լեզուների մասնավոր դասեր էր տալիս: Հայրս մահացել է տիֆից, երբ 50 տարեկան էր (1919թ.)

Մայրս՝ Մարիա Քարաքաշյանը, ուսուցչուհի էր: Մահացել է 40 տարեկանում (1911թ.):
Ես մինչև երրորդ դասարանը սովորել եմ Ախալցխայի ծխական դպրոցում, հետո՝ Խաշուրիի կանացի գիմնազիայում: Գիմնազիան ավարտելուց հետո անցել եմ դաստիարակների վերապատրաստման դասընթացներ և 1920թ. դրանք ավարտելուց հետո հայկական դպրոցներում զրո դասարանների խմբեր եմ ունեցել: 1921թ. ամուսնացել եմ տնտեսագետ Ստեփան Տերտերյանի հետ և ապրել Թիֆլիսում: 1922թ. ծնվեց որդիս՝ Ռուբենը (ապագա բժշկական գիտությունների թեկնածու): 1924թ. այրիացել եմ ու տեղափոխվել Բաթումի, որտեղ թվաբանություն եմ դասավանդել 4-5-6-րդ դասարաններում և զրո դասարանի խմբավար եղել: 1925-26 ուս. տարվա ընթացքում աշխատել եմ Սոչիի հայկական դպրոցում, իսկ 1926-34թթ.՝ Թիֆլիսի թիվ 70 դպրոցում: 1930թ. ամուսնացել եմ երկրորդ անգամ՝ կոմպոզիտոր Վարդգես Տալյանի հետ, իսկ 1934թ. տեղափոխվել եմ Երևան ու էլ չեմ աշխատել:

Շահանե Տալյան
1959թ., 3 փետրվարի, Երևան»:

Կարդացեք նաև

Շահանե Տալյանի հուշերը.

«1924թ. դեկտեմբերյան մի օր ես դուրս եկա դպրոցից և ուղևորվեցի տուն: Անկյունում նկատեցի մի երիտասարդի, որը միջինից մի փոքր բարձր հասակ ուներ, ամրակազմ էր, ռուսահեր, նուրբ գլխարկ էր դրել, իսկ մոխրագույն պիջակի վրայից կրում էր արտասահմանյան մակինթոշ: Աչքի զարնեց նրա անսովոր արտաքինը, և ես մտածեցի, որ նա մայրաքաղաքից է եկել:

…Բաթումիում ես մի բնակարան էի վարձել քրոջս՝ Կատյայի հետ, նա 23 տարեկան էր և նույնպես ուսուցչուհի էր: Մեր հարևանուհին մերսող Ելիզավետա Իոֆֆեն էր, որը մտերիմ էր հատկապես Կատյայի հետ: Նա ծանոթ էր լրագրող Պովիցկիի հետ:

000001

Այդ նույն օրը Իոֆֆեն խուժեց մեր սենյակ՝ հետևյալ խոսքերն ասելով. «Կատյա, հայտնի ռուս պոետն ուզում է ծանոթանալ մեր Շահանեի հետ»: Եսենինն ու Պովիցկին այդ ժամանակ նրա մոտ էին: Մենք գնացինք: Մեր ու հյուրերի ներկայությունից Իոֆֆեի փոքր սենյակում նեղվածք էր: Ծանոթությունից հետո ես բոլորին հրավիրեցի այգում զբոսնելու:

Այս առաջին հանդիպումից այլ մանրամասներ չեմ կարող հիշել:
Հաջորդ օրը Եսենինն ու Պովիցկին նորից եկան ու մեզ հրավիրեցին մասնակցել գրական երեկոյի, որտեղ մենք կարող էինք հանդիպել նրանց մյուս ծանոթներին: Երեկոն պետք է անցներ Պովիցկու բնակարանում, որտեղ և ապրում էր Եսենինը: Մենք որոշեցինք գնալ:
…Հաջորդ օրը, դպրոցից տուն գնալիս, ես նորից հանդիպեցի նրան նույն անկյունում:

000004

Ամպամած եղանակ էր, իսկ ծովն ալեկոծվում էր: Մենք բարևեցինք իրար, և Եսենինն առաջարկեց արագ անցնել փողոցը՝ հայտարարելով, որ չի սիրում նման եղանակ, և ավելի լավ կլինի, եթե ինձ համար բանաստեղծություններ կարդա: Նա կարդաց՝ «Շահանե, դու իմ Շահանե…», և նվիրեց ինձ վանդակավոր տետրի 2 թերթ, որոնց վրա գրված էր բանաստեղծությունը: Դրա տակ ստորագրված էր՝ Ս. Եսենին:

Եսենինը ևս երկու բանաստեղծություն կարդաց, որոնք, ինչպես նա պարզաբանեց, գրվել են Թիֆլիսում(«Улеглась моя былая рана…», «Я спросил сегодня у менялы…»): Իհարկե, ես նրան հարցրի, թե ո՞վ է Լալան: Նա պատասխանեց, որ հորինված կերպար է: Այդ ժամանակ ես չհավատացի, բայց տարիներ անց հասկացա, որ ճիշտ էր ասել:
Մեր վերջին հանդիպումներից մեկի ժամանակ, որոնք տեղի էին ունենում գրեթե ամեն օր, նա կարդաց նոր բանաստեղծություն՝ «Tы сказала, что Саади…»:
…Երբ Եսենինն ինձ հանդիպում էր այլ տղամարդկանց շրջապատում, օրինակ՝ իմ գործընկեր ուսուցիչների, ապա մոտենում էր, ծանոթանում նրանց հետ, և հեռանում միայն ինձ հետ:

000006

Միշտ գալիս էր ծաղիկներով. երբեմն՝ վարդերով, բայց ավելի հաճախ՝ մանուշակներով: Նա շատ էր սիրում ծաղիկներ:

Հունվարի 4-ին նա ինձ նվիրեց իր բանաստեղծությունների գիրքը՝ «Москва кабацкая» (Լենինգրադ, 1924թ.), որը ստորագրված էր, իսկ կազմին մատիտով գրված. «Дорогая моя Шаганэ, Вы приятны и милы мне»:

…Եսենինը հետաքրքրվում էր մեր ազգային պոեզիայով: Հարևաններն ունեին «Հայկական պոեզիայի ծաղկաքաղը»՝ Բրյուսովի թարգմանությամբ, և Սերգեյը, մեզ մոտ լինելիս, հաճախ էր խնդրում բերել այդ գիրքը և կարդում էր այն: Նա հատուկ հետաքրքրություն էր ցուցաբերում Չարենցի նկատմամբ, և իմանալով, որ վերջինս լինելու է Բաթումիում, անհամբեր սպասում էր նրան ու հաճախ հարցնում. «Դե ինչ, դեռ չի՞ եկել ձեր Չարենցը»: Բայց Չարենցը Բաթումի եկավ Եսենինի Մոսկվա գնալուց հետո միայն:

Եսենինը բարի, խղճով մարդ էր: Այդ ժամանակ քիչ չէին հանդիպում անօթևան երեխաները, և նա նրանցից գրեթե ոչ մեկին անուշադրության չէր մատնում. կանգնում էր, հարցնում, թե որտեղի՞ց են, ինչպե՞ս են ապրում, փող էր տալիս: Այդպիսի րոպեներին նա հիշում էր իր մանկությունը: Մի անգամ, տեսնելով անօթևան տղաների, Եսենինն ինձ այսպես ասաց. «Ահա, Շահանե, այնտեղ և՛ Պուշկինն է, և՛ Լերմոնտովը, և՛ ես»:

12507061_828309293946000_1339112728_n (1)

Մի անգամ դեկտեմբերի վերջերին ուժեղ ձյուն էր գալիս, ինչը հազվագյուտ երևույթ է Բաթումիում: Երկրորդ օրը Եսենինը մեզ հյուր եկավ սահնակով, նա ուրախ էր, կենդանացած, մենք գնացինք սահելու: Մենք առաջին անգամ էինք սահնակ նստում, և երևի ինձ ու քրոջս Եսենինն ուզում էր ցույց տալ դրա ամբողջ հմայքը: Ճամփի կեսին նա ներողություն խնդրեց, ապա թույլատրություն հարցրեց՝ ձի նստելու համար: Ձին հեծնելիս նա ծիծաղում էր, երջանիկ էր՝ ինչպես երեխան: Հետո ասաց, որ շատ է սիրում ձիերին, նրանց հոտը:

Կենդանիներին նա իրոք սիրում էր: Եթե տեսներ անտուն շուն, նրա համար կերակուր էր գնում, կերակրում: Նրա աչքերն այդ պահին ավելի հոգատար ու բարի էին դառնում:
Սերգեյ Ալեքսանդրովիչը սիրում էր մեզ երեկոյան ժամերին այցելել, թեյ խմել՝ մանդարինի մուրաբայով, որը շատ էր հավանում: Երբ նրան ուղարկում էի բանաստեղծություններ գրելու, ասում էր, թե արդեն բավականաչափ աշխատել է և հիմա հանգստանում է: Եթե ինձ հանդիպում էր փողոցում, ապա անպայման մեր տուն էր գալիս:
Եսենինը, որպես հուշ, իմ նկարներից մեկը վերցրեց, որը, ի դեպ, ինքն էր ընտրել:
Դա 1919թ. նկար էր, որտեղ ես գիմնազիայի համազգեստով էի: Նկարի հետևի մասում ես ինքնագիր թողեցի:

000005

Մի ուրիշ անգամ նա ինձ ասաց, որ տպագրելու է «Պարսկական մոտիվները», և իմ նկարն այնտեղ իր տեղն է գտնելու: Ես խնդրեցի նրան՝ չանել դա, քանի որ նրա բանաստեղծություններն արդեն հրաշալի էին, ու իմ նկարը ոչինչ չէր փոխելու:

Գնալու նախօրեին նա եկավ մեզ մոտ ու հայտարարեց, որ հեռանում է: Նա ասաց, որ ինձ երբեք չի մոռանա, քնքուշ հրաժեշտ տվեց ինձ, բայց չցանկացավ, որ ես կամ քույրս ճանապարհենք իրեն: Նրանից նամակներ նույնպես չստացա:
Ս. Ա. Եսենինը կա ու մինչև կյանքիս վերջը կլինի կյանքիս լուսավոր հիշողությունը:
Շահանե Տալյան
1959թ. Երևան»

Պատրաստեց Ռազմիկ Մարտիրոսյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս