Ակնամոմի բուժիչ հատկությունները (մաս 2)
Բառը կազմված է ակն (=աչք=ակնուռ=բողբոջ) եւ մոմ բառերից։ Մեղուն վերամշակում է ծառերի և որոշ բույսերից հավաքած բուսախեժը իր ծնոտի գեղձերում արտադրվող նյութով։
Թե ավանդական, թե ժողովրդական բժշկության կողմից ակնամոմի բուժիչ հատկությունները շատ բարձր են գնահատվում։ Դեռեւս 15-րդ դարի հայ բժշկապետ Ա. Ամասիացին իր դեղամիջոցների միջնադարյան հանրագիտարանում ակնամոմի վերաբերյալ գրում է. «Ակնամոմն օգտակար է ոսկորների կոտրվածքների դեպքում։ Եթե հազով տառապող մարդը ակնամոմ ծխի, հազը կանցնի։ Ակնամոմն իր հատկություններով նման է մումիոյին։ Ընդունման չափաբաժինը 3 գրամ է. տաքացնում են 30 գրամ մեղրի հետ եւ խմում»։
Հետաքրքիր է, որ ըստ Ա. Գասպարյանի («Հայկական մեղվաբուծության եւ մեղվաբուժության հանրագիտարան», Երեւան, 2008)` ակնամոմի մեջ կա նաեւ քարաքոսներից հավաքած մումիո, իսկ ակնամոմի եւ մեղրի խառնուրդը կիրառվում է որոշ հիվանդությունների բուժման համար։ Ա. Ֆ. Սինյակովը առաջարկում է թոքախտի բուժման համար օգտագործել ակնամոմի ջրային լուծույթը եւ յուղը հետեւյալ թուրմի հետ.
– Խառնեք չորացրած մատուտակի եւ տուղտի արմատները, լոֆանտի եւ մատիտեղ թռչնի խոտերը, սոճու բողբոջը, եղեսպակի տերեւը (2։2։2։1,5։1,5։1)։ Հումքի 3 ճ/գ-ն 30 րոպե թրմեք 500 մլ սառը (նախօրոք եռացրած) ջրի մեջ, 10 րոպե եռացրեք թույլ կրակի վրա, քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 3 անգամ` սնունդ ընդունելուց առաջ։ Բուժումը երկարատեւ է եւ կոմպլեքսային։
Ակնամոմի եւ մեղրի 20 տոկոսանոց խառնուրդ
Դեղատոմսեր
Ջրային բաղնիքի վրա հալեցրեք 20 գրամ ակնամոմը, ավելացրեք 80 գրամ մեղր եւ 5 րոպե տաքացրեք ջրային բաղնիքի վրա` 80-ից ոչ բարձր ջերմաստիճանի պայմաններում։ Խառնեք, մինչեւ ստացվի համասեռ զանգված։ Զտեք երկտակ թանզիֆով, պահեք սառնարանում` կիպ փակվող մուգ շշի մեջ։ Խառնուրդին ավելացրեք զտված ջուր (1։4), թրջոցներ դրեք ոսպնյակի մթագնման (կատարակտ) դեպքում։
Օստեոպարոզի կանխարգելման համար խմեք (1թ/գ) խառնուրդը եւ պահեք լեզվի տակ կես թ/գ ծաղկափոշի։
Դիսբակտերիոզի դեպքում խմեք կեսական թ/գ խառնուրդ, օրը 3 անգամ, սնվելուց կես ժամ առաջ։ Խառնուրդը պահեք բերանում 5-10 րոպե։
Ակնամոմը չի փոխում իր հատկությունները ջերմային ազդեցության հետեւանքով, այն կարելի է պահել սառնախցիկում, ավելի հեշտ է մանրացնել եւ լուծել։
Կոշտուկի բուժման համար. Ամրացրեք եւ մեկ օր պահեք կեղեւով կտրված կիտրոն։ Կտրեք անհրաժեշտ մեծության ակնամոմի բարակ շերտ, մի փոքր տաքացրեք եւ ամրացրեք վերքին։ Վիրակապից եւ կոշտուկը հեռացնելուց առաջ (միայն ձեռքով) կատարեք ոտքերի տաք լոգանք։
Ակնամոմի յուղ. դեղատոմսեր
Որպես հիմք կարող է ծառայել սագի, խոզի ներքին (որովայնի) ճարպը, ծիրանի, դեղձի, արեւածաղկի յուղերը, որոնք կիրառում են այրվածքների բուժման համար։
Աղեստամոքսային հիվանդություններ. Եռացրեք 85գ ձիթապտղի յուղը, ավելացրեք մանրացրած եւ խառնուրդից մաքրած ակնամոմը, լավ խառնեք` 5-10 րոպե, մակերեսից հեռացրեք առաջացած «քափը»։ Խառնուրդը զտեք։ Հովանալուց հետո լցրեք ապակե սրվակի մեջ, պահեք սառնարանում։ Խմեք մեկական ճ/գ, օրը 3 անգամ` սնվելուց կես ժամ առաջ։ Պարբերաբար թափահարեք սրվակը։
Արթրոզ, հոդատապ. Խմեք մեկական ճ/գ, օրը երեք անգամ։ Պատրաստեք 50 տոկոսանոց ակնամոմի յուղամզվածք (այս դեպքում 30 րոպե պահեք եւ խառնեք ջրային բաղնիքի վրա)։ Ներմերսեք ցավոտ տեղին։ Կապեք։
Ակնամոմը եւ ակնաբուժությունը
Նյութը հաջողությամբ կիրառվում է աչքերի ինֆեկցիոն հիվանդությունների բուժման համար, խորհուրդ է տրվում սնվելուց կես ժամ առաջ, օրը 3 անգամ խմել 15-ական կաթիլ 25 տոկոսանոց ակնամոմի ոգեթուրմ։
Աչքի հիվանդություններ. Հին Եգիպտոսում մեղրն ամենաարդյունավետ բուժական միջոցներից է համարվել աչքի հիվանդությունների դեպքերում: Իբն-Սինան աչքերի բուժման համար առաջարկում էր օգտագործել մեղրն այլ նյութերի` սոխի, երեքնուկի, սիզախոտի հյութի հետ միասին:
Ըստ հին հաղորդագրությունների` 3-4 օրում հաջողվել է բուժել բորբոքված աչքերը` տաք մեղրի կաթիլ մտցնելով կոպերի տակ:
Կոնյուկտիվիդների, կերատիտների, աչքի եղջյուրիկի խոցերի ժամանակ հարկավոր է մեղրը բացել եռացրած, քիչ սառեցրած ջրում` 1:2 հարաբերությամբ, եւ կաթեցնել յուրաքանչյուր աչքի մեջ 2-3-ական կաթիլի չափով: Բացի այդ, նաեւ պետք է օրվա ընթացքում ուտել 100 գրամ մեղր` չիչխանի կամ կիտրոնի հյութի հետ խառնած: Կամ` 3ճ/գ մանր կտրատած սոխի վրա լցնել 50մլ եռացրած տաք ջուր եւ ստացված զանգվածի մեջ լուծել 1 թ/գ մեղր, թողնել 30 րոպե, ապա քամել: Ստացված խառնուրդը կիրառել կոնյուկտիվիդի դեպքում` որպես աչքի կաթիլներ:
Սոխի թարմ հյութը ֆիլտրացնել, խառնել եռացող ջրի գոլորշու վրա մի քանի րոպե, ապա բացել մեղրով` 1:1 հարաբերությամբ, հեռացնել գոլորշու վրայից, լավ խառնել մինչեւ սառչելը: Կաթեցնել 1-2 կաթիլի չափով, յուրաքանչյուր աչքի մեջ օրական 2-3 անգամ` գլաուկոմայի դեպքում:
Թարախակալման դեպքում. Խառնեք ծիծեռնախոտի հյութը եւ ակնամոմի 20 տոկոսանոց ջրային լուծույթը (1։3)։ Քնելուց առաջ կաթեցրեք 2 կաթիլ։ Միջոցն օգտակար է աչքի եղջերաթաղանթի մեխանիկական վնասվածքի եւ այրվածքների դեպքում։
Կոնյուկտիվիդի, խոցի, այրվածքի, վնասվածքի դեպքում օրը 5 անգամ կաթեցրեք 5-ական կաթիլ 5 տոկոսանոց ակնամոմի ջուր, ինչը կնպաստի բուժման արագացմանը։ Նույն լուծույթով թրջոց դրեք աչքերի լարվածությունը մեղմացնելու համար։
Օգտագործեք 5-15 տոկոսանոց ակնամոմի քսուք, խորհրդակցեք բուժող բժշկի հետ։
Այլ հիվանդություններ
Միզապարկի հիվանդություններ. Խմեք 1-ական ճ/գ ակնամոմի ջուր կամ 10-ական կաթիլ ոգեթուրմ (20 տոկոսանոց)` օրը 3 անգամ: Շարունակեք 3-4 շաբաթ։
Թութքի սրացման շրջանում. Խմեք 1-ական ճ/գ, օրը 2-3 անգամ, ակնամոմի 10 տոկոսանոց ջուր, կամ ծամեք եւ կուլ տվեք 5 գրամ ակնամոմ։
Աթերոսկլերոզ. 10-30 տոկոսանոց ակնամոմի ոգեթուրմը խմեք ջրի հետ հետեւյալ ձեւով. առաջին օրը` 5, հետո` 7-9-11-13-15 կաթիլ, օրը 3 անգամ, սնվելուց առաջ։ 26 օրից իջեցրեք չափաբաժինը մինչեւ 5 կաթիլ։
Շաքարային դիաբետ. Ոգեթուրմը լուծեք 20 մլ կաթի մեջ։ Առաջին օրը` 1 կաթիլ, հետո, 2,3,… 15։ Բուժման ժամկետի վերջում (6 ամիս), չափաբաժինը իջեցրեք մինչեւ 1 կաթիլի, ընդմիջեք երկու ամիս։
Վահանաձեւ գեղձի հիվանդություններ. Խմեք 30-40 կաթիլ, օրը 2 անգամ, 10 տոկոսանոց ոգեթուրմ ջրի հետ, կամ օրը 2 անգամ, 10 տոկոսանոց ոգեթուրմ ջրի հետ, կամ 100 մլ ծավալ «զբաղեցնող» ընկույզի մանրացրած միջնապատերը խառնեք 50 գրամ ակնամոմի հետ եւ ավելացրեք 100 մլ 70 տոկոսանոց սպիրտ, 2 շաբաթ թրմեք մութ տեղում։ Երկու ամիս, օրը 2-3 անգամ, սնվելուց առաջ խմեք 15-ական կաթիլ ջրի հետ։ Կարգավորում է վահանաձեւ գեղձի գործունեությունը։
Հիպերտոնիա. Խառնեք 200-ական մլ բազուկի, գազարի, բողկի (սպիտակ) հյութերը եւ մեղրը։ Ավելացրեք 20 մլ ակնամոմի 30-տոկոսանոց ոգեթուրմ։ Խմեք 1,5 ճ/գ` օրը 3 անգամ, սնվելուց առաջ, շարունակեք 70-80 օր։
Գեղարարություն
Մերսում մեղրով
Ձեռքի ափով մոտեցրեք մեղրը դեմքին եւ մի քանի անգամ մատների ծայրերով դանդաղ ներմերսեք այն մաշկին, հետո անցեք մաշկի հաջորդ հատվածին։ Արդյունքում` ուժեղանում է արյան շրջանառությունը, մաշկի ծակոտիները լայնանում եւ մաքրվում են։
Այս եղանակով մաշկը մաքրելուց հետեւ լվացեք ձեռքերը գոլ ջրով` առանց այլ միջոցներ օգտագործելու։ Թողեք սրբիչը գոլ ջրում, մզեք այն եւ 2 րոպե դրեք մաշկին, այնպես, որ զգացվի ջերմությունը, ծածկեք դեմքը տաք անձեռոցիկով։ Քսեք դեմքին խնձորի քացախի կամ կիտրոնի հյութի ջրային լուծույթ, որպեսզի ծակոտիները փակվեն։ Գործողությունը կարելի է կրկնել 10-15 օրից։ Մաշկի մաքրումը մեղրով հակացուցված է ալերգիայի եւ կուպերոզի (կապիլյարների լայնացման) դեպքում։
3ճ/գ լորենու ծաղիկները թրմեք 100 մլ եռջրում, ավելացրեք մեկ երրորդ թ/գ չափով մեղր։
Խառնեք մեղրը, զտված ջուրը եւ 70 տոկոսանոց սպիրտ (4։1։1)։ Լոսյոնը պատրաստ է:
Մաքրող դիմակներ մեղվամոմով
Խթանում է քրտնարտադրությունը, մաքրում քրտնագեղձերը։
Հալեցրեք 3 թ/գ մեղվամոմի եւ 4 թ/գ կոկոսի յուղի խառնուրդը։ Այլ տարայում խառնեք եւ տաքացրեք 5 թ/գ վազելինը, 1 թ/գ բժշկական գլիցերինը, 1-2 գրամ բորակը (ոցՐՈ), 50 մլ վարունգի թարմ հյութը։ Վարունգի հյութով տաք լուծույթը կաթիլ առ կաթիլ տեղափոխեք հալեցրած մեղվամոմի յուղի մեջ, անընդհատ խառնելով` անջատեք կրակը եւ կրկին խառնեք` մինչեւ քսուքը խտանա։ Պահեք սառնարանում, հիշեք, որ վարունգի հյութն արագ է փչանում։
Խառնեք եւ տաքացրեք 1,5 ճ/գ մեղվամոմը, 1 ճ/գ մեղվամոմի էմուլսիան, 4 ճ/գ վազելինը, 6 ճ/գ վարդի ջուրը, ավելացրեք կես թ/գ բորակի տաք ջրային լուծույթ (1։50)։ Խառնեք, մինչեւ քսուքը սպիտակի, ավելացրեք մի քանի (2-5) կաթիլ վարդի յուղ։
Գեղարարության մեջ օգտագործվում է նաեւ մեղվամոմով սնվող միջատը։
– Միջատի թրթուրը 7 օր թրմեք 70 տոկոսանոց սպիրտի մեջ (1։5), ավելացրեք մի քանի կաթիլ քսուքի, լոսյոնի, դիմակի մեջ։ Միջոցը ունի բարերար ազդեցություն մաշկի վրա, այն կարելի է նաեւ խմել: Խմեք 10 կաթիլ ոգեթուրմը 50 մլ ջրի հետ սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում։
Կրունկի ճաքեր
– Խառնեք սպիտակ մեղվամոմը, մատուտակի փոշիացրած արմատը, չիչխանի հյութը (5։2։1 հարաբերակցությամբ), կատարեք ոտքի տաք լոգանք, քսեք միջոցը կրունկներին, պահեք 15 րոպե։ Դիմակը հանելուց հետո մշակեք կրունկը կետաճարպի քսուքով։
– Ջրային բաղնիքի վրա տաքացրեք մեղվամոմի ու ակնամոմի խառնուրդը (5։3)։ 80 գրամ հումքին ավելացրեք 2 ճ/գ հապալասի հյութ, մեկական ճ/գ կիտրոնի հյութ եւ պատրինջի փոշիացրած խոտ, խառնեք։ Օգտագործելուց առաջ կատարեք պրոբլեմային մասի տաք լոգանք։ Վիրակապը պահեք 20-30 րոպե։
Քսուքներ
– Խառնեք 5գ մեղվամոմը, 5 մլ նաշադիրի սպիրտը, մի քանի կաթիլ ջուրը։ Հումքը տաքացրեք ջրային բաղնիքի վրա այնքան ժամանակ, մինչեւ մեղվամոմը հալչի։ Խառնեք, հովանալուց հետո պահեք սառնարանում։ Օգտագործեք ճարպոտ մաշկի համար։
– Հալեցրեք 150 գրամ մեղրը գոլորշու վրա, ավելացրեք 200 մլ լանոլինի 10 տոկոսանոց ջրային լուծույթ եւ 2-3 րոպեից` 100 մլ նուշի յուղ, խառնեք։ 5 րոպեից անջատեք կրակը եւ հարեք, պահեք սառնարանում։ Օգտագործեք չոր մաշկի խնամքի համար։ Քսուքը ունի մաշկը փափկացնող հատկություն։
– Խառնեք 1 ձվի դեղնուցը, 1 թ/գ մեղրը, մեկական ճ/գ կարագը եւ արոսի (/////////////) հատապտղի շիլան, հարեք միասին։ Օգտագործեք անմիջապես պատրաստելուց հետո` չոր եւ նորմալ մաշկի խնամքի համար։
Դեմքը սպիտակեցնող քսուք. Խառնեք 100 գրամ մեղրը եւ կիտրոնի հյութը։ Օգտագործեք նաեւ ճարպոտ մաշկի խնամքի համար։
Դեմքի գույնը լավացնող միջոց. Մեկ ձվի եւ 1 թ/գ մեղրի խառնուրդին ավելացրեք 1 ճ/գ քերիչով անցկացրած գազար կամ դրա հյութը։ Կարող եք նաեւ օգտագործել որեւէ թթվահամ միրգ կամ հատապտուղ։ Կարեւոր է, որ գույնը ձեզ դուր գա։
Կնճիռների առաջացումը կանխարգելող եւ հարթեցնող դիմակներ
– Հարեք 1 ձվի սպիտակուցը, ավելացրեք 1 ճ/գ մեղր եւ 2 ճ/գ ցորենի ալյուր։ Պահեք դեմքին 10-15 րոպե։
– Հարեք 1 ձվի սպիտակուցը, ավելացրեք 2 ճ/գ մեղր եւ 4 ճ/գ գարու ալյուր։ Պահեք դեմքին 10-15 րոպե։ Կարող եք նաեւ միջոցը լուծել գոլ ջրում, քնելուց առաջ այդ լուծույթով լվանալ դեմքը, մի քանի րոպեից` լվանալ գոլ ջրով (առանց օճառի)։
– Հարեք 1 ձվի դեղնուցը, ավելացրեք 1 ճ/գ մեղր, 1 թ/գ ցորենի ալյուր եւ 1 ճ/գ հում կաթ։
– Ջրային բաղնիքի վրա գոլացրեք 1 ճ/գ մեղրը, ավելացրեք 2 ճ/գ հաղարջի հյութ։
– Խառնեք 20-ական գրամ դեղձի եւ գերչակի յուղերը, ավելացրեք 20 գրամ լանոլին, 5 գրամ հալեցրած (գոլ) մեղվամոմ, մեկական մլ A եւ E վիտամինների յուղային լուծույթ։
– Հալեցրեք 10 գրամ մեղվամոմը, ավելացրեք 50գ լանոլին եւ 1 ճ/գ ձիթապտղի յուղ։ Հովանալուց հետո խառնեք 1 մլ վիտամին A եւ 2 ճ/գ վարդի ծաղկաթերթերի եւ սեւ հաղարջի տերեւի ջրային թուրմ (բույսերի խառնուրդի 1 ճ/գ (1։1), թրմեք 200 մլ եռջրում)։
– Խառնեք 20 գրամ մեղվամոմը, 2 կիտրոնի հյութը, 2 ճ/գ մենթոլի ջուրը։
Դիմակ ճարպոտ մաշկի համար. Դիմակի համար անհրաժեշտ է 1 խոշոր պոմիդոր, 2ճ/գ խաղողի հյութ, 0.5 թ/գ մեղր,1 բաժակ տաք ջուր: Պոմիդորն անցկացնել մանր քերիչով, ավելացնել մյուս մթերքները: Ստացվում է թթվասերի խտության զանգված: Քսել դեմքին եւ թողնել 10-12 րոպե, ապա դիմակը հանել չոր թանզիֆով եւ լվանալ դեմքը երիցուկի թուրմով: Լվանալ դեմքը 1լ ջրով եւ 1լ կիտրոնով պատրաստած զանգվածով: Դեմքը սրբել փափուկ անձեռոցիկով:
Դիմակ լայն ծակոտիներով, թառամած, թուլացած մաշկի համար. 1թ/գ ջրիկ մեղրին ավելացրեք 30-40 կաթիլ կիտրոնի հյութ եւ մոտ 1 ճ/գ սպիտակ կավ: Կարելի է ավելացնել նաեւ մի քիչ ջուր` մինչեւ թանձր խյուս ստանալը, որը հատուկ փայտիկով պետք է քսել դեմքին եւ պարանոցին: 25-30 րոպե հետո դիմակը մաքրեք գոլ ջրով, ապա մի կտոր կիտրոնով տրորեք մաշկը: Վերջում դրեք մի քանի սառը կոմպրեսներ:
Կոպտացած, թեփոտված, չոր մաշկի համար. Ձվի դեղնուցը խառնեք 1թ/գ բուսական յուղի եւ 1 թ/գ ջրիկ մեղրի հետ: Նուրբ բամբակով դիմակը քսեք դեմքին եւ պարանոցին: Առաջին շերտը չորանալուց հետո քսեք երկրորդը, ապա` երրորդը: 20-25 հետո տաք ջրում թրջած բամբակով հանեք դիմակը: Օգտագործվում է շաբաթը 1-2 անգամ` 4-6 շաբաթ տեւողությամբ: 2-3 ամիս հետո կուրսը շարունակել:
Մեղրագլիցերինային դիմակ. 1թ/գ գլիցերինը եւ մեղրը խառնեք 2 գդալ ջրի հետ: Անընդհատ խառնելով` քիչ-քիչ ավելացրեք 1թ/գ վարսակի կամ ցորենի ալյուր` մինչեւ միասեռ զանգված ստանալը, ու քսեք դեմքին, պարանոցին: Դիմակը թողեք 20-26 րոպե: Օգտագործվում է շաբաթը 1-2 անգամ` 4-6 շաբաթ տեւողությամբ: Կուրսը կրկնել 2-3 ամիս հետո:
«168 Ժամ»
2011թ.