Բաժիններ՝

Կարեն Աղամյանը դժգոհ է, Արամ Սաթյանը՝ գոհ

Այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում անցնող տարին էին ամփոփում ստեղծագործակամ միությունների ղեկավարները: Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը և Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը խոսեցին հասցրած ու չհասցրած աշխատանքների ու ստեղծագործական պլանների մասին: Պարզվում է` Հայաստանի նկարիչների միության համար 2015 թվականը առանձնապես բուռն չի անցել: Կ. Աղամյանը տարին ամփոփեց ֆինանսական միջոցների սակավության մասին բողոքի նոտա բարձրացնելով: Նկարիչների միությունն, ինչպես մյուս բոլոր ստեղծագործական միությունները՝ այս տարի հավատարիմ է մնացել Ցեղասպանության 100-ամյա տարելիցի թեմատիկային.   «Միության երեք դահլիճներում այս տարի ցուցադրվել են 300-ից ավել աշխատանքներ, թեև ներկայացված հայտերն անհամեմատ ավելի շատ էին, բայց հանձնաժողովի ընտրությամբ ընտրվեցին այդքանը»:

Արվեստանոցների խնդիրը մտահոգիչ է

Կարեն Աղամյանը մտահոգիչ է համարում, որ կերպարվեստում որոշ ուղղություններ ժամանակի ընթացքում զիջել են դիրքերը: Այդօրինակ դրսևորում է պլակատային արվեստը, որն անցնող տարվա ընթացքում ցուցադրվել է ընդամենը մեկ հեղինակի ներկայացմամբ. «Շատ դեպքերում պրակտիկ արվեստն ավելի գերակշիռ տեղ ու դեր է զբաղեցնում այսօրվա կերպարվեստում և սա, իհարկե, մտահոգիչ թեմա է»:

Նկարիչների միության նախագահը մեծ խնդիր է համարում արվեստանոցների բացակայությունը. «Ենթադրենք՝ երիտասարդն ավարտում է բուհը, նա տարածք չունի ստեղծագործելու համար, իսկ նկարչական արվեստում տարածքի առկայությունն ուղղակի անհրաժեշտություն է: Սրանից 10-15 տարի առաջ մենք կարող էինք փաստել, որ ունենք 1000-ից ավելի արվեստանոցներ, բայց դրանց թիվը հիմա չի գերազանցում 100-ը: Ժամանակին որոշում կայացվեց սեփականաշնորհել արվեստանոցները, դրանք հանձնվեցին նկարիչներին՝ դառնալով նրանց սեփականությունը և բնականաբար տնօրինվեցին սեփական նախընտրություններով՝ շատ դեպքերում վաճառվելով և վերածվելով բնակելի տների: Այդ որոշումն ընդունվել է ոչ իմ նախագահության տարիներին և անձամբ ես դա շատ սխալ որոծում եմ համարում»:

Կարդացեք նաև

Անդրադառնալով արտերկրում հայ նկարիչների մասնակցությամբ ցուցահանդեսների կազմակերպմանը՝ Կարեն Աղամյանը նշեց, որ դրանք ահռելի գումարների հետ են կապված և Նկարիչների միությունը պարզապես չի կարող հոգալ նման ծախսեր պահանջող ցուցահանդեսները: Նա տեղեկացրեց, որ Նկարիչների միությունը տարին մեկ ամգամ ցուցահանդես է ունենում Մոսկվայի Նկարիչների տանը և սա այն դեպքում, երբ ցուցահանդեսի բոլոր ծախսերը հոգում է հրավիրող կողմը՝ Ռուսաստանը: Նա ընդգծեց, սակայն, որ Փարիզի կենտրոնում Նկարիչների մությունն ունի իրեն որոշակի ժամկետով տրամադրված տարածք, որտեղ տարին մի քանի անգամ կարող են այցելել հայ նկաիչները՝ Փարիզում մի քանի օր ապրելու և ստեղծագործելու նպատակով: Տարածքը մեծ չէ, մոտավորապես՝ մեկ սենյականոց բնակարանի չափով, սակայն սա հիանալի հնարավորություն է այնտեղ այցելել ցանկացող Նկարիչների միության անդամների համար՝ պայմանով, եթե ճանապարհածախսը հոգում է անհատը, ով Փարիզ մեկնելու ցանկություն է հայտնում:

Վերջում նկարիչների միության նախագահը տեղեկացրեց, որ իրենք արդեն ավարտել են 2016 թվականի հայտերի ընդունման պրոցեսը և արդեն նոր տարվա սկզբից կսկսեն նոր ստեղծագործական տարվա աշխատանքների դասակարգումը:

Արամ Սաթյանը գոհ է

Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը տարին ամփոփեց անհամեմատ դրական ձեռքբերումների թվարկումով. «Մենք տարին ավարտում ենք մեր առջև դրված գրեթե բոլոր խնդիրներն ու նպատակները հիմնականում իրագործած: Իրականում շատ մեծ դժվարությունների առաջ ենք կանգնել, որովհետև պատկերացնում էինք, որ կարող ենք ավելին անել, այնուամենայնիվ, այս տարվա մեր կատարած աշխատանքից ես գոհ եմ: Ակնկալում էի, որ մեր միության կողմից կազմակերպվող միջոցառումներն ավելի մեծ չափով կֆինանսավորվեն, բայց այդպես չեղավ: Պետք է նշեմ, որ ամեն տարի մենք Մշակույթի նախարարությունից ստանում ենք քիչ գումար, և այն, ինչ տեղավորվում է այդ գումարի մեջ իրականացնում ենք, մնացյալ նախագծերի իրականացման համար մասնավոր հովանավորներ ենք փնտրում՝ հիմնականում դրսից»:

Կոմպոզիտորների միությունն այս տարի հարուստ համերգային ծրագրեր է իրականացրել ինչպես եվրոպական մի քանի երկրներում, այնպես նաև ԱՄՆ-ում. «Մենք այս տարի հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները ներկայացնող չորս համերգ ունեցանք Ֆրանսիայում, որ նվիրված էր Ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Արտասահմանյան համերգների կազմակերպման համար ստիպված ենք եղել դիմել մասնավոր հովանավորների օգնությանը: Փառք Աստծո, մեզ հաջողվել է թեև սուղ ֆինանասական պայմաններով, և՛ կամերային, և՛ մեծ՝ վոկալ սիմֆոնիկ, և երգային արվեստի ընգրկմամբ համերգներ ունենալ ԱՄՆ-ում, համերգներ ունեցանք Աթենքում, Կորեայում, Արգենտինայում և այլն: Արտասահմանյան համերգների կազմակերպման մեր հիմնական նպատակններից մեկն այն է, որ հայկական երաժշտությունը նվագեն արտասահմանցիները, նույնիսկ երգարվեստում՝ նոյեմբեր ամսին Նյու Յորքում կայացավ մի համերգ, որին մասնակցում էին սևամորթ կատարողներ»,- ասաց պարոն Սաթյանը:

Տիգրան Մանսուրյանն արդեն այցելում է Կոմպոզիտորների միություն

Խոսելով կոմպոզիտորների միությունում տարիներ շարունակ ձգված անառողջ մթնոլորտին, Արամ Սաթյանը տեղեկացրեց, որ հարցն աստիճանաբար դրական հանգուցալուծման է գալիս. «Կար ժամանակ, որ այս միություն չէր մտնում, օրինակ, Տիգրան Մանսուրյանը, հիմա նա արդեն մեր միության այցելուներից է: Երկար ժամանակ ընդհատված է եղել կապը Կոմպոզիտորների միության և երիտասարդ ստեղծագործողների միջև՝ հիմա արդեն միության ներսում աշխատում ու որոշումների որոշակի մաս են կայացնում հենց երիտասարդները: Մենք փորձում ենք աշխատել բոլորի հետ՝ ներգրավելով տարբեր սերունդների ստեղծագործողներին: Պետք է նաև նշեմ, որ ես մի քանի անհաջող փորձ արեցի համագործակցելու միության նախկին ղեկավար Ռոբերտ Ամիրխանյանի հետ, սակայն ինքը դա չի ցանկանում և ես ոչինչ անել չեմ կարող»:

Լրագրողների հետ տարեվերջյան հանդիպման ընթացքում Արամ Սաթյանն անդրադարձավ նաև Դիլիջանի ստեղծագործական տան ճակատագրին: Նա ընդգծեց այն կարևոր հանգամանքը, որ այդ կառույցը օետք է եկամուտ բերի, սակայն դրա հասնելու համար նախ և առաջ այն պետք է հիմնավոր վերանորոգության ենթարկվի: Դրա համար անհրաժեշտ է մասնավոր սեկտորի ներգրավումը, որովհետև վերակառուցման համար նախատեսվող ծախսերը ահռելի են, սակայն միության նախագահը չի կարող համաձայնել, որ Դիլիջանի ստեղծագործական տունը վերակառուցվելու պայմանով թեկուզ մասնակի հանձնվի մասավորի տնօրինությանը:

Կոմպոզիտորների միության նախագահը մտահոգիչ համարեց հայկական երաժշտություն ներթափանցած օտար տարրերի առկայությունը, որ տարեցտարի լայնամաշտաբ ծավալներ է գրանցում: Դրանում Արամ Սաթյանը մեղադրեց տեղական հեռուստաընկերությունների ու ռադիոկայանների վարած քաղաքականությանն ու ընգծեց, որ Կոմպոզիտորների միությունն արդեն մի շարք ծրագերի իրականացման շուրջ համաձայնության է եկել որոշ հեռուստաընկեևությունների հետ և հույս ունի՝ ի դեմս որակյալ երաժշտության՝ հակակշիռ ձևավորել զանգվածային լրատվական դաշտում դոմինատ դարձած համատարած անճաշակությանը:

Հանդիպման ավարտին Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը և Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը երկրին և բոլորին մաղթեցին խաղաղություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս