«Չեմ կարծում, որ ներողության խնդիր ունենք». Արմեն Մարտիրոսյանը չի ցանկանում պատասխանել Պարույր Հայրիկյանին

«Նրա բոլոր քննադատություններին, վիրավորանքներին էլ տեղյակ եմ, բայց քանի որ Պարույր Հայրիկյանը մեզ համար անկախության գործընթացի արժեք է, իրեն չեմ պատասխանելու, որովհետև ինքը նորանկախ Հայաստանի համար քաղաքական արժեք է, ու ես հարգում եմ ինձ համար այդ արժեքը, ու որևէ պատասխան չեմ տալու»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հասցեին հնչեցրած գնահատականների մասին՝ այս մասին ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շտաբի քաղխորհրդի անդամ Արմեն Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ Պ. Հայրիկյանը «Նոր Հայաստանի» անդամներին անվանել էր «ԿԳԲ-ի գործակալներ, ծախվածներ և ողորմելիներ, որոնց նպատակը փող աշխատելն է»: Պ. Հայրիկյանն իր ասածները պարզաբանում էր նրանով, որ «Նոր Հայաստանի» հանրահավաքի ժամանակ ԱԻՄ-ականներին թույլ չեն տվել ելույթ ունենալ, մինչդեռ իրենք նախօրոք զգուշացրել էին, որ ցանկանում են ելույթ ունենալ ու միասնական կոչով հանդես գալ:

Մեզ հետ զրույցում ԱԻՄ առաջնորդն ասել էր, որ, եթե թեկուզ զանգահարեն ու իրենից հեռախոսով ներողություն խնդրեն, ինքը կների ու հրապարակային կասի, որ ինքն էլ խիստ է եղել իր գնահատականներում:

Հարցին՝ հաշվի առնելով Ձեր վերաբերմունքն ԱԻՄ առաջնորդի նկատմամբ՝ Դուք փորձե՞լ եք նրա այդ հայտարարությունից հետո կապ հաստատել ու ներողություն խնդրել նրանից, Ա. Մարտիրոսյանն այսպես պատասխանեց. «Չեմ կարծում, որ ներողության խնդիր ունենք, կարող են քաղաքական տարբեր մոտեցումներ ու ամբիցիաներ էլ լինել, բայց նորից եմ կրկնում՝ Պարույր Հայրիկյանն այն անձնավորությունն է, որ նույնիսկ, եթե վիրավորել է մեզ, մենք իրեն չենք պատասխանելու, որովհետև ինքը Պարույր Հայրիկյանն է»:

Մեր այն դիտարկմանը, թե Պարույր Հայրիկյանն ասում է՝ ԱԻՄ-ականներին թույլ չեն տվել ելույթ ունենալ հանրահավաքի ժամանակ, Ա. Մարտիրոսյանն այսպես արձագանքեց. «Ոչ միայն ԱԻՄ-ականներին, ես ինքս էլ ելույթ երբեմն չեմ ունենում, հիմա ի՞նչ՝ ես վիրավորե՞մ կամ նեղանա՞մ: Կարծում եմ՝ ճիշտ չէ այդ մոտեցումը, ուստի, նույնիսկ այդ կտրվածքով՝ միևնույն է՝ չեմ պատասխանելու»:

Տեսանյութեր

Լրահոս