Սաակաշվիլին հայտարարել է, որ թույլ չի տա Ավակովին ու Յացենյուկին թալանել Ուկրաինան
Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ «ոչ մի տեղ չի պատրաստվում հեռանալ» Ուկրաինայից, չնայած Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի ու վարչապետ Արսենի Յացենյուկի սպառնալիքներին ու պահանջներին: Սաակաշվիլին հայտարարել է, որ կմնա ու նրանց հնարավորություն չի տա «թալանել Ուկրաինան», հայտնում է RIA Novosti-ն:
Նախօրեին Ավակովը հայտնել էր, որ Բարեփոխումների խորհրդի նիստի ընթացքում Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի կողմից կոռուպցիայի մեղադրանքներին ի պատասխան՝ նրա դեմքին ջուր է լցրել: Այս մասին քաղաքական գործիչը գրել էր Facebook-ի իր էջում:
Սաակաշվիլին լրագրողներին հայտնել է, որ այդ նիստում ինքը զեկույցով է հանդես եկել, որտեղ հայտարարել է, որ Ուկրաինայում թալանում են պետական ձեռնարկությունները, որ հարկավոր է ամեն ինչ փոխել, Ավակովն էլ սպառնացել է իրեն, մեղադրել գողության ու կոռուպցիայի մեջ՝ պահանջելով, որ Սաակաշվիլին լքի Ուկրաինան:
«Իմ պատասխանը միանգամայն կոնկրետ էր: Ես ասացի, որ իսկապես գողություն է կատարվում: Ես կարծում եմ, որ դրանում խառնված է նաև նախարար Ավակովը: Նրա նախարարությունում մեծ սխեմաներ կան, այդ թվում՝ Օդեսայի մերձնավահանգստային գործարանը միասին են թալանում, ու այն տվյալների համաձայն, որ ունենք, թալանել են այդ ողջ ժամանակ մարդիկ, որոնք մոտ են կանգնած եղել վարչապետին»,- հայտարարել է Սաակաշվիլին:
«Դրանից հետո վարչապետ Արսենի Յացենյուկն ինձ անվանեց «գաստրոլյոր» ու կոչ արեց հեռանալ երկրից: Որպես մարդ, ով ունի պարտավորություններ Ուկրաինայի քաղաքացիների առաջ, ես ոչ մի տեղ հեռանալ չեմ պատրաստվում: Ես թույլ չեմ տա հետագայում էլ թալանել Ուկրաինան»,- ասել է Սաակաշվիլին՝ ընդգծելով, որ ակնկալում է երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի սկզբունքային դիրքորոշումը: