Ինչպե՞ս է դրսևորվում խոզի գրիպը, ինչպե՞ս խուսափել դրանից. պարզաբանում են մասնագետները

ՀՀ առողջապահության նախարարությունը քննարկում է երկրում խոզի գրիպի դեմ զանգվածային վակցինացիայի իրականացման հարցը: Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանը` հավելելով, որ այս պահի դրությամբ հստակ որոշում չկա` ծրագիրն իրականություն կդառնա՞, թե՞ ոչ:

Մինչ կորոշվի՝ ծրագիրն իրականություն կդառնա՞, թե՞ ոչ, 168.am-ը մասնագետներից փորձեց պարզել՝ ինչպե՞ս է դրսևորվում խոզի գրիպը, ինչպե՞ս խուսափել դրանից ու ինչպե՞ս տարբերել սեզոնային գրիպը խոզի գրիպից:

«Գրիպի տարատեսակի մասին է խոսքը, որի ընթացքն ավելի ծանր է, քան սեզոնային գրիպի դեպքում: Արտահայտվում է ջերմության, հարբուխի, հազի ձևով, և, իհարկե, վտանգավոր է նաև նրանով, որ առաջացնում է բարդություններ՝ թոքաբորբ, նույնիսկ՝ մենինգիտ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց վարակաբան Մհեր Դավիդյանցը:

«Դավիդյանց լաբորատորիայի» տնօրեն, Հայաստանի հանրային առողջության ասոցիացիայի գործադիր տնօրեն, համաճարակաբան Աշոտ Դավիդյանցը խորհուրդ տվեց խուսափել մեծ քանակի մարդկանց միջավայրում լինելուց.

Կարդացեք նաև

«Եթե մարդը հիվանդ է, պետք է դա գիտակցի ու դուրս չգա կամ շնչադիմակով դուրս գա: Եթե մեր շրջապատում ունենք հիվանդ մարդ՝ պետք է ճիշտ իրազեկենք, որ այդ վիճակով աշխատանքի չգա, միջավայր չմտնի: Կան պրոֆիլակտիկ միջոցներ, որոնք բնությունն է մեզ տվել, օրինակ՝ սխտորի կիրառումը, վիտամին C-ի կիրառումը, այսինքն՝ իմունիտետը բարձրացնող միջոցներ: Մի խոսքով՝ իրականացնել նույն միջոցառումները, որ իրականացնում ենք սեզոնային գրիպի դեպքում: Բայց, անկախ ամեն ինչից՝ օդակաթիլային ինֆեկցիա է, որի հետ պետք է շատ զգույշ լինել»:

Ըստ համաճարակաբանի՝ եթե քաղաքացին նման կասկածներ ունի, պետք է առաջին հերթին դիմի համապատասխան բուժհիմնարկ, այսինքն՝ ինֆեկցիոն հիվանդանոց կամ ինֆեկցիոն բաժամունք ունեցող պոլիկլինիկա. «Ընդհանրապես, ցանկացած հիվանդության դեպքում պետք է գնալ համապատասխան բուժհիմնարկներ, ոչ թե թեկուզ շատ հայտնի ինչ-որ բժշկական կենտրոն, որտեղ, օրինակ՝ ինֆեկցիոն հիվանդությունների վարման մասնագիտական մոտեցում չկա: Այնտեղ կարող են շատ լավ ստամոքսի վիրահատություն կատարել, բայց այն մասնագիտական չէ»:

Մհեր Դավիդյանցն էլ նշեց, որ խոզի գրիպի ախտորոշումը տրվում է լաբորատոր հետազոտությունների հիման վրա. և նման կասկածների դեպքում պետք է անպայման ինֆեկցիոնիստի դիմել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս